Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Հայ ռազմագերիները խաղաքարտ են Ադրբեջանի համար. խախտվում են միջազգային եւ մարդասիրական իրավունքի դրույթները

Հայ ռազմագերիները խաղաքարտ են Ադրբեջանի համար. խախտվում են միջազգային եւ 
մարդասիրական իրավունքի դրույթները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պատանդառուների հետ, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այդ ամենը համապատասխանում է Ադրբեջանի՝ որպես ահաբեկչության եւ ավազակապետության հովանավոր պետության իմիջին, ավելին՝ վերջինս չի էլ փորձում թաքցնել իր հանցագործությունները։ Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ հայ գերիները պետք է վերադարձվեին, մինչդեռ անցել է յոթ ամսից ավելի, սակայն նրանցից շատերը ոչ միայն չեն վերադարձվել, այլեւ այսօր հայ ռազմագերիներից 14-ի նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա դատավարություն է ընթանում։ Չի բացառվում, որ այդ ճակատագրին կարող են արժանանալ մյուս ռազմագերիներից շատերը։

Ադրբեջանը գերիներին օգտագործում է նաեւ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Դրա անհերքելի ապացույցը ստացվեց օրեր առաջ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ հունիսի 15-ին Արցախի բռնազավթված Շուշի քաղաք ուղեւորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որտեղ Էրդողանն ու Ալիեւը քննարկում են Արցախի ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու հարցը։ Ալիեւը խոստովանում է, որ եթե իրենք ամբողջությամբ ստանան ականապատ դաշտերի քարտեզները, ապա մեծ առավելություն կունենան, որովհետեւ այդ տարածքները մաքրելու համար պետք կգար առնվազն 10 տարի։ էրդողանի կինը հետաքրքրվում է, թե արդյոք ունեն էլի գերիներ, ինչին Ալիեւը դրական պատասխան է տալիս՝ նշելով, որ այդ ամենը պրոցեսի մեջ է։ Հնչում է արձագանքը. «Այդ դեպքում մաս-մաս տվեք»։ Այնուհետեւ ներկաները ծիծաղում են։

Վերոնշյալ տեսանյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել է ռուսերեն եւ անգլերեն ու ենթարկել վերլուծության։ Այն ՄԻՊ-ի պաշտոնական նամակով ուղարկվելու է ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ միջազգային կառույցներ: Տեսանյութի մեջ արծարծվող հարցը, ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի, անհերքելի ապացույց է առ այն, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում՝ քաղաքական սակարկությունների համար, նաեւ իրականացնում են մարդկանց առեւտուր՝ կատարելով հանցանք։ Թաթոյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են եւ նրանց նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:

«Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար»,- եզրակացնում է ՄԻՊ-ը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գերիների հարցով լրատվամիջոցների հետ զրույցում տարբեր անգամներ մտահոգություն է հայտնել նրանց ճակատագրի եւ անվտանգության համար։ Լրջագույն խնդիրներից է այն, որ առայսօր հայտնի չէ գերիների հստակ թիվը, նրանք ապահովագրված չեն խոշտանգումներից, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքից։ Բաբայանը չի բացառում այն հանգամանքը, որ Ադրբեջանը կարող է վաճառել հայ գերիների օրգանները։

Շուշիի հռչակագրի հիմնական ուղերձները

 Հայկական օկուպացված տարածքներ այցի ընթացքում Անկարան եւ Բաքուն ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որի նպատակն է թուրք-ադրբեջանական «հետպատերազմյան համագործակցությունն ու տարածաշրջանում կայունության  խթանումը»: Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»:

Հասկանալի է, որ «երրորդ պետություն» ասելով հասկացվում է նախեւառաջ Հայաստանը, որի դեմ ռազմական ուժերը օգտագործելուն է միտված Շուշիի տխրահռչակ հռչակագիրը։ Այսինքն՝ ոչ Թուրքիան, ոչ էլ՝ Ադրբեջանը հակված չեն տարածաշրջանային խաղաղության եւ շարունակելու են ագրեսիվ քաղաքականություն իրականացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։ Հռչակագրում նշվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային տրանսպորտային միջանցքների հատվածներում տարանցիկ-տրանսպորտային ներուժի զարգացման մասին: Այստեղ անթաքույց ոտնձգություն է կատարվում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, երբ Զանգեզուրը հայտարարվում է Ադրբեջանի մաս։ Ուշադրության է արժանի նաեւ հռչակագրից հետեւյալ մեջբերումը՝ «ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, մարդկանց վաճառքի, ապօրինի միգրացիայի եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում համատեղ ջանքերի եւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը»: Ահաբեկչությունից եւ կազմակերպված հանցավորությունից են խոսում պետություններ, որոնք իրենք են նման օջախներ, սակայն թերեւս այդ ամենը փորձելու են վերագրել Հայաստանին եւ օկուպացված Արցախին։

Թուրք-ադրբեջանական պայմանագիրը չի շրջանցել նաեւ Հայոց ցեղասպանության թեման, այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»:

Սրանով փաստորեն երկու հանցակից պետությունները վերջնագիր են ներկայացնում մեզ, որպեսզի հրաժարվենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը պաշտպանելուց եւ համակերպվենք Արցախից բացի նաեւ Զանգեզուրի անեքսիայի հետ տնտեսական ինչ-ինչ ժամանակավոր օգուտների դիմաց։ Խորհրդանշական օրերի հանդեպ թուլություն ունեցող Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ Շուշիի հռչակագիրը հղում է պարունակում 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին. «Հռչակագրի անունն ինքնին խոսուն է: Այսօր մենք որակապես նոր կապեր ենք հաստատել, եւ այս հռչակագրի բոլոր կետերը մեր հետագա համագործակցության երաշխիքն են»։

Այսպիսով, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայկական պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ քաղաքականությունը պետք է ահազանգ դառնան միջազգային հանրության համար, քանի որ միջազգային եւ մարդասիրական իրավունքի ոտնահարումը վտանգում է ոչ միայն մեր, այլեւ գոյություն ունեցող աշխարհակարգը։

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետություն»








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]