Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Պրեմիերա. Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան

Պրեմիերա. Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» 
մոնոօպերան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի  Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտասերները մոնոօպերան դիտելու հնարավորություն կունենան հուլիսի 7-ին:

Միլանի «Լա Սկալա» թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալլասը աստիճանաբար «մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, որն անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը` հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն այն գրում է, բայց սոպրանո Դենիզ Դյուվալի համար:

Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է. «Իմ սիրելի՛ Ֆրանսիս: Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»:

Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականին, սակայն այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։ Բազում կոմպոզիտորներ են ստեղծագործել Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա, սակայն միայն Պուլենկին է հաջողվել այն վերածել արվեստի իրական գործի:

Գործողությունները տեղի են ունենում Փարիզում. լիբրետոն ֆրանսերեն է: Ստեղծագործությունը նաև յուրահատուկ է նրանով, որ այն կատարողին հնարավորություն է տալիս ոչ միայն ցուցադրելու իր վարպետությունը, այլև երկխոսության մեջ մտնելու հանդիսատեսի հետ: Ներկայացումը լի է մարդկային կյանքին բնորոշ փորձառություններով, անմնացորդ սիրով և քնքշությամբ, մենությամբ և կարոտով, դավաճանությամբ և հրաշքի սպասումով:

Մենակատարն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո՝ Վարսենիկ Ավանյանը, բեմադրող ռեժիսորը Դավիթ Հակոբյանն է:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]