Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Պենտագոնի «հստակ ու ոչ երկիմաստ» ազդանշանը. ԱՄՆ-ի նոր հարձակումներն անօդաչուների բազաների վրա

Պենտագոնի «հստակ ու ոչ երկիմաստ» ազդանշանը. ԱՄՆ-ի նոր հարձակումներն 
անօդաչուների բազաների վրա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել իրանամետ ուժերին Սիրիայում ու Իրաքում: Գործողությունը, ինչպես հաստատում են Պենտագոնում, կրել է բացառապես պաշտպանական բնույթ. այն Մերձավոր Արեւելքում ամերիկյան անձնակազմի դեմ շարունակվող հարձակման պատասխանն էր: ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի անձնակազմում վստահեցնում են, որ ցանկանում են Թեհրանին հստակ ազդանշան ուղարկել տարածաշրջանում իրենց «կարմիր գծերի» մասին: Սակայն ամերիկյան կողմն առաջվա պես մտադիր չէ մեծացնել էսկալացիայի ռիսկը շիական անկանոն խմբավորումների հետ, որոնք ենթադրաբար հաշվետու են Իրանի ղեկավարությանը:

Ամերիկյան գործողությունը ներառել է Իրաքի եւ Սիրիայի տարածքները: Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ նշված է, որ «պաշտպանական ճշգրիտ ավիահարվածները» թիրախ են դարձրել այն օբյեկտները, «որոնք օգտագործվում են Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից»: Թիրախներն ընտրվել են այն պատճառով, որ դրանք օգտագործվում են այդ անկանոն խմբավորումների կողմից, այդ թվում՝ ամերիկյան զինվորականների ու նրանց դիրքերի վրա անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումների համար: Հարվածներ են հասցվել Սիրիայի երկու եւ Իրաքի մեկ վայրերում օպերատիվ օբյեկտներին ու զենքի պահեստներին:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները, համաձայն միջազգային նորմերի, գործել է ինքնապաշտպանության իր իրավունքին համապատասխան»,- ասված է Քիրբիի հայտարարության մեջ: Հարվածներն անհրաժեշտ էին սպառնալիքների վերացման համար եւ ունեին մասշտաբների պատշաճ սահմանափակում: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է դարձրել նաեւ, որ ռազմածովային ուժերի գործողությունները միտված էին այն բանին, որ «զսպման հստակ ու ոչ երկիմաստ ազդանշան ուղարկեն, սակայն առանց Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում իրավիճակի սրման»: Հարվածների մասին որոշումը, ինչպես հաղորդվում է, ընդունվել է անձամբ Ջոզեֆ Բայդենի կողմից: Դրանից ոչ շատ առաջ այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել են պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին:

Ինչպես հայտնում են ԱՄՆ նախագահի վարչակազմում «New York Times»-ի աղբյուրները, Իրաքի տարածքում հարվածներ են հասցվել շիական խմբավորումների մի ողջ ռազմաբազայի, որտեղ անօդաչուներ էին պահվում: Նրանց խոսքերով՝ վերջին ամիսներին իրանամետ խմբավորումներն սկսել են ակտիվորեն անօդաչուներ օգտագործել, որոնք ենթադրաբար առաքվում են իրանական կողմից: Անօդաչուները կիրառվում են նաեւ ԿՀՎ-ի աշխատակիցների, ինչպես նաեւ ամերիկյան ռազմական հրահանգիչների վրա հարձակումների ժամանակ, իսկ վերջիններիս թիվն Իրաքում այժմ հասնում է 2500 մարդու: Օպերացիան, ինչպես նշում է «New York Times»-ը, միտված է եղել այն բանին, որ իրանամետ ուժերին զրկի նման հնարավորությունից, չնայած հանդեսը չի բացառում, որ հարձակումները միայն բացում են նրանց ախորժակը:

Իրաքյան ռազմական ուժերը քննադատել են ավիահարձակումը: «Մենք քննադատում ենք ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գիշերային հարձակումն իրանա-իրաքյան սահմանին գտնվող օբյեկտների վրա, համարում ենք դա Իրաքի ինքնավարության ու նրա ազգային անվտանգության կոպտագույն խախտում»,- նշել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յահյա Ռասուլի մամուլի քարտուղարը: Նրա խոսքերով՝ պետության ղեկավարը «հերթական անգամ շեշտում է իրաքյան տարածքը հաշիվների մաքրման համար օգտագործելու անթույլատրելիությունը»: Ռասուլը խոստացել է, որ «երկրի իշխանությունները հետաքննություն կանցկացնեն եւ կանեն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը՝ հետագայում նման խախտումները չթույլատրելու համար»: Չնայած ամերիկացիներն Իրաքում են պաշտոնական խնդրանքի արդյունքում, նրանց ներկայությունն ավելի ու ավելի է քննադատվում Բաղդադում:

Շիական խմբավորումները, իրենց հերթին, խոստացել են վրեժ լուծել ավիահարվածների համար: Իրանական «Pars» գործակալությունը մեջբերել է «Քաթաիբ Սայիդ ալ-Շուհադա» խմբավորման հայտարարությունը, որը խոստացել է, որ այսուհետ ամերիկյան ինքնաթիռները հարձակման թիրախ կլինեն:

«Այսուհետ ամերիկյան նվաճողների հետ մեր պատերազմը սահմանափակված չի լինի, եւ այդ պատերազմում առաջին քայլը կլինեն մեր թանկագին Իրաքի երկնքում թշնամական «թռչուններին» հասցվելիք հարվածները»,- նշված է հայտարարության մեջ: Արաբական հեռուստաալիքների հաղորդումների համաձայն՝ իրանամետ ուժերը ավիահարվածների պատճառով կորցրել են 7 մարդ: Անկանոն խմբավորումների եւս մի քանի անդամներ վիրավորվել են: Նշվում է, որ ավիահարվածի արդյունքում Իրաքում ոչնչացվել է ռազմական մի պահեստ:

 

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]