1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի վերջը եկե՞լ է. Անկարան ձգտում է հաստատվել նաեւ «կայսրությունների գերեզմանատանը»

Թուրքիայի վերջը եկե՞լ է. Անկարան ձգտում է հաստատվել նաեւ «կայսրությունների 
գերեզմանատանը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում 40-ամյա ներքին բախումները շարունակվում են։ Ներկա դրությամբ փուշտուն թալիբներն օր-օրի ընդլայնում են իրենց իշխանության սահմանները։

Սունի՝ ծայրահեղ վահաբական Թալիբան շարժումը 1996 թ. ձեւավորվել է Պակիստանում եւ «իջեցվել» Աֆղանստանի ռազմաքաղաքական թատերաբեմ։ Այն շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել Քաբուլը եւ այդ երկրում հաստատել իսլամական էմիրություն։ Թալիբները սերտորեն համագործակցում էին իրենց գաղափարակից «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, որի առաջնորդ Բեն Լադենը նույն թվականին Աֆրիկայից տեղափոխվեց Քաբուլ։ 2001 թ. սեպտեմբերին վերջինիս կազմակերպմամբ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ն հարձակվեց Աֆղանստանի վրա եւ իշխանությունից հեռացրեց թալիբներին։ Այդուհանդերձ, թալիբները կարողացան իրենց վերահսկողության տակ պահել երկրի որոշ հատվածներ։ Աֆղանստանում կառավարման հանրապետական համակարգ հաստատվեց, եւ ձեւավորվեցին ժողովրդավարական չափանիշներով իշխանություններ, միաժամանակ աֆղանական բանակի վերակազմավորման, ինչպեսեւ թալիբների դեմ պայքարը շարունակելու, վերջնական խաղաղություն հաստատելու նպատակով այդ երկրում տեղակայվեցին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ դրա կազմում այլ երկրների խաղաղապահ զորքեր։ Սակայն 20-ամյա պայքարի ընթացքում ոչ միայն չհաջողվեց թալիբներին վերջնականապես պարտության մատնել, պատերազմահարված երկրում բաղձալի խաղաղություն հաստատել, այլեւ վերջիններս, հաճախ նաեւ թիրախ դարձնելով ամերիկյան եւ արեւմտյան դիվանագիտական, ռազմական օբյեկտները, զգալի վնասներ պատճառեցին դրանց։ Ավելին՝ թալիբները, որ մշտապես վայելել ու վայելում են Պակիստանի աջակցությունը, աստիճանաբար հզորացել են, ինչի հետ հաշվի չնստելն այլեւս հնարավոր չէ։ Նշենք, որ պաշտոնական Քաբուլը խաղաղության գործընթացի, թալիբների գոյատեւման հարցում մշտապես մեղադրել է Իսլամաբադին, որի պատճառով երկու երկրների փոխհարաբերությունները հաճախ լարված բնույթ են կրել։

Եվ ահա 2020 թ. փետրվարի 29-ին Դոհայում Կատարի միջնորդությամբ 18-ամսյա բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը պետք է Ա‎ֆղանստանից դուրս բերվեին օտարերկրյա զորքերը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, իսկ թալիբները պարտավորություն էին ստանձնել Ա‎ֆղանստանի տարածքից ահաբեկչության թիրախ չդարձնել ԱՄՆ-ին եւ այլ երկրների։ Սակայն օտարերկրյա զորքերի դուրս բերումը ԱՄՆ-ն հետաձգել է մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ԱՄՆ-ում ահաբեկչությունների 20-ամյակը։ Բացի այդ, Դոհայում շուրջ 9 ամիս առաջ սկսվել էին նաեւ միջաֆղանական բանակցություններ՝ թալիբների եւ Քաբուլի միջեւ, որոնք, փաստորեն, ձախողվեցին, եւ թալիբները շարունակեցին ռազմահաբեկչական գործողությունները՝ լուրջ ձեռքբերումներով։ Ուստի ԱՄՆ-ն ա‎ֆղանական հարցի լուծման նպատակով հանդես եկավ Ա‎ֆղանստանի խաղաղության համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ, որի առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 18-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Պակիստանի պետական, դիվանագիտական ներկայացուցիչների, հակամարտ կողմերի մասնակցությամբ, որը շոշափելի արդյունք չարձանագրեց: Հաջորդ նիստը պետք է տեղի ունենար Ստամբուլում ապրիլի 16-ին, որը խիստ կարեւորվում, գնահատվում էր իբրեւ ճակատագրական, սակայն թալիբների պահանջով հետաձգվեց մինչեւ ապրիլի 24-ը։ Թեեւ Ա‎ֆղանստանի ԱԳ նախարար Մոհամեդ Հանի‎ֆ Աթմարը, դիմելով Պակիստանին ու թալիբներին, հայտնել էր, թե Ստամբուլի համաժողովը լավ հնարավորություն է, եւ չպետք է կորցնել այն, սակայն թալիբները, ձեւավորված օրակարգն անընդունելի համարելով, մասնակցությունից հրաժարվեցին։ Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ քանի դեռ օտարերկրյա ուժերը չեն հեռացել, որեւէ համաժողովի չեն մասնակցի:

Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահի կարգավիճակով ներկա է Աֆղանստանում, բայց չի մասնակցել ռազմական գործողությունների, ուստի ակնառու չի եղել այդ ներկայությունը։ Այժմ, նեոօսմանյան նկրտումներով տոգորված, ցանկանում է դիրքերն ամրապնդել նաեւ Աֆղանստանում։ Թերեւս, այս համատեքստում պետք է դիտարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Էրդողանի հանդիպմանը վերջինիս առաջարկությունը՝ ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը օտարերկրյա զորքերի հեռանալուց հետո։ Էրդողանն այդ քայլը պայմանավորել է ԱՄՆ-ի լոգիստիկ ու ֆինանսական լուրջ աջակցությամբ, ինչը քննարկվում է Վաշինգտոնում։ Բացի այդ, Անկարան ինչ-որ արտոնությունների ակնկալիք ունի, ինչպես, օրինակ, եղավ Կորեական պատերազմում (1950-53 թթ.), երբ նրա առջեւ բացվեցին ՆԱՏՕ-ի դռները։ Ի դեպ, այս առթիվ էրդողանը նշել է՝ Թուրքիան չլինի, ՆԱՏՕ-ն կփլուզվի։ Նշենք, որ Քաբուլի օդանավակայանը նաեւ ռազմական է եւ համարվում է այդ երկրի դարպասները՝ հաշվի առնելով ծով չունենալու եւ ցամաքային ճանապարհների խիստ վտանգավոր լինելու հանգամանքները։ Փորձագետները շեշտում են, որ եթե ապահովված չլինի օդանավակայանը, ապա որոշ երկրներ կփակեն իրենց դեսպանատները։

Թեեւ Անկարան հայտարարում է, որ այդ հարցում վայելելու է նաեւ Իսլամաբադի աջակցությունը, սակայն, հաշվի առնելով վերջինիս դիրքորոշումը Աֆղանստանի եւ թալիբների հանդեպ, ինչպեսեւ Թուրքիայի նեոօսմանական նկրտումները, կարելի է նշել, թե սա այն դեպքն է, երբ իսկապես՝ «ախպերն ախպորը չի տա»։ Այլ կերպ ասած՝ բացառված չէ, որ լուրջ տարաձայնություններ առաջանան «եղբայրների» միջեւ, չնայած ստորագրվել է, այսպես ասած, «եռաեղբայրության» համաձայնագիր։ Մանավանդ որ բազմազգ (պաշտոնապես՝ 14) Աֆղանստանում Անկարան առաջին հերթին զինելու է թուրքական ծագում ունեցող, 4-րդ տեղը զբաղեցնող ուզբեկներին եւ հենվելու է հանրաճանաչ մարշալ Դուստումի վրա, ինչպեսեւ՝ ղրղզների ու թուրքմենների, որոնց քանակը շատ մեծ չէ։ Ավելին՝ Թուրքիան արդեն բարեգործական, մշակութային եւ այլ «փափուկ» ձեւերով ներթափանցել է Աֆղանստան։

Այսուհանդերձ, պետք է հաշվի առնել նաեւ թալիբների դիրքորոշումը, որոնք հայտարարել են, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զորքերը եւս, որպես օտարերկրյա ուժ, պետք է հեռանան Աֆղանստանից։ Սա նշանակում է, որ Թուրքիայի այդ քայլի ռիսկի գործակիցը բավական մեծ է։ Ավելին՝ այս առնչությամբ միջազգային ԶԼՄ-ներում ու փորձագետների շրջանակներում հաճախ է մեջբերվում հայտնի թեւավոր խոսքը. «Աֆղանստանը կայսրությունների գերեզմանն է»։ Թուրքիայի այդ քայլը չեն խրախուսում նաեւ Թեհրանն ու Մոսկվան։ Աֆղանցի վերլուծաբան Ջալիլ Փեժվաքը շեշտել է, թե Թուրքիան պետք է լավ մտածի, գիտակցի, որ Աֆղանստանը Սիրիա, Լիբիա կամ էլ Ղարաբաղ չէ։ Եթե այն «կայսրությունների գերեզման» է անվանվել, ապա պատճառաբանված է։ Սա այն դեպքում, երբ, ինչպես նշել ենք, չի բացառվում, որ օտարերկրյա ուժերի հեռանալուց հետո թալիբները վերահսկողություն հաստատեն ողջ երկրի վրա։ Թերեւս, հենց նման մտավախությամբ է պայմանավորված, որ երկրի խորհրդարանում քննարկվում է ընդդեմ թալիբների՝ կամավորական ուժերի կարգավորման հարցը։ Արդեն որոշ կամավորական խմբեր զինվել ու պատրաստակամություն են հայտնել պայքարել թալիբների դեմ։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]