Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հոբելյաններով հանրահռչակում ենք մեր արժեքները. Արա Խզմալյան

Հոբելյաններով հանրահռչակում ենք մեր արժեքները. Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին երաժշտասերները տոնում են Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և այլ ականավոր ստեղծագործողների հոբելյանները, ինչի կապակցությամբ կազմակերպվում են համերգային ծրագրեր, ալբոմների շնորհանդեսներ և այլ միջոցառումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է, որ համերգները կարևոր են, սակայն կարճ ազդեցություն են ունենում և դրանց զուգահեռ պետք է ձևավորել նաև մնայուն արժեքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Խզմալյանն ասաց՝ եթե կարողանան կարգի բերել Բաբաջանյանի անունը կրող համերգասրահը, կառույցը, որի վրա գրված է «Առնո Բաբաջանյան», ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, բարեկարգել մշակութային հաստատությունները, մեծ գործ արած կլինեն:

«Խմբավար, մանկավարժ Դավիթ Ղազարյանն առաջարկել է Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններին նվիրված աշխատություն հրապարակել: Խնդրել եմ, ոչ միայն նոտաները գրել, այլև արտացոլել յուրաքանչյուր երգի ստեղծման պատմությունը, ներկայացնել, թե երբ և ինչ հոգեվիճակում են ծնվել այդ գործերը»,- շեշտեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ 2021-ի հոբելյանները վերաբերում են անշրջանցելի անունների, անվանի, ականավոր երաժիշտների, մշակութային գործիչների, որոնց չանդրադառնալն անհնար է:

«Հոբելյանների առատությունը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն հիշելու, վերաիմաստավորելու այս ստեղծագործողների, մտավորականների ժառանգությունը, այլև ճիշտ կառավարման դեպքում հոբելյանական միջոցառումները դարձնելու պետական մշակութային քաղաքականության իրականացման գործիքակազմ և մեխանիզմ: Մենք հոբելյաններով արժեքներ ենք հանրահռչակում, արժեքների վերաբերյալ ուղերձներ ու ազդակներ ենք տալիս հանրությանը, սակայն ակնհայտ են ոչ միայն ֆինանսական, այլև պատերազմով պայմանավորված բարոյահոգեբանական խնդիրները»,-նշեց նա:

Ըստ Խզմալյանի՝ մի կողմից հասկանալի է, որ կյանքը պետք է շարունակվի, որ մշակութային միջոցառումները պետք է տեղի ունենան, մեր արժանավոր, ականավոր հոբելյանների անունները պետք է կրկին հիշատակվեն ու նշվեն, իսկ մյուս կողմից  դժվար է պահպանել հանդիսավորության և այն աշխարհաքաղաքական համայնապատկերի հավասարակշռությունը, որի ֆոնին ընթանում են այդ միջոցառումները: «Սա պահանջում է զգոնություն, զգաստություն, իրավիճակի ճշգրիտ թելադրանք: Այո՛, այդ միջոցառումները տեղի կունենան, բայց պետք է լինեն այն ձևաչափի և տրամաբանության, որ չհակասեն հանրային լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին»,- շեշտեց նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանի համոզմամբ՝ Առնո Բաբաջանյանն ու Էդվարդ Միրզոյանը, որոնց 100-ամյա հոբելյաններն են նշվում, անուններ են, որոնք թանկ են ոչ միայն մշակութային ստեղծագործական առումով, այլև քաղաքացիական, հասարակական առումով: «Միրզոյանը ոչ միայն մեծագույն կոմպոզիտոր է, այլև օրինակելի քաղաքացի, օրինակելի հասարակական գործիչ: Եթե հիշենք, թե ինչ պայմաններում և քաղաքական ինչ համակարգում է նա ստեղծագործել, կհասկանանք, որ գործ ունենք նաև իմաստուն քաղաքական այրի հետ: Կարծում եմ՝ դեռ ժամանակը կգա վերաիմաստավորելու, վերարժևորելու այն ժառանգությունը, որը թողել են մեր  մեծանուն երաժիշտները»,- եզրափակեց Արա Խզմալյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]