1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համերգներ, հյուրախաղեր, ձայնագրություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 2020-2021 համերգաշրջանը

Համերգներ, հյուրախաղեր, ձայնագրություններ. Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեց 
2020-2021 համերգաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020-2021 թվականներին նախաձեռնել է մրցույթներ, փառատոններ, հանդես է եկել բարեգործական համերգներով, հյուրախաղեր է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

Նա ասաց, որ բարդ շրջան էր, սակայն մեծ ձեռքբերումներ ունեն, աշխատել են տարբեր երաժիշտների հետ, 2020-2021 համերգաշրջանին ներկայացել են 40 համերգով: Համերգներից վեցը կայացել է առցանց: Մեկ համերգ տեղի է ունեցել Շիրակի մարզում, մեկ համերգ էլ՝ Արցախում: 

«Համավարակով պայմանավորված՝ դժվար պայմաններում անգամ կարողացել ենք հյուրախաղերի մեկնել արտերկիր:  Չորս համերգով ենք ներկայացել Դուբայում, որտեղ աշխատել ենք Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական մրցույթի առաջին մրցանակակիրների հետ, ինչը ձեռքբերում է: Այն առաջին անգամ էր անցկացվում Դուբայում և մեծ արձագանք գտավ, լուսաբանվեց»,- ասաց նա: Համերգաշրջանին նվագախումբը ներկայացրել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ հանդես գալով 5 համերգային ծրագրով և հայտնի մենակատարների հետ: Կազմակերպել է նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝  նշանավորելով հայ մեծ կոմպոզիտորների  հոբելյանները: «Ասում են, որ այն նեղ մասնագիտական փառատոն է, բայց ունի շատ կարևոր ելևէջներ. մեր կոմպոզիտորները ոգևորվում են: Պրոֆեսիոնալ իմաստով դա կարևորագույն փառատոններից է»,- նշեց Սմբատյանը: 

Դիրիժորը տեղեկացրեց, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվել է առցանց ձևաչափով: Սմբատյանը կարծում է, որ հանդիսատեսի գոհունակության և մասշտաբի առումով օնլայն տիրույթը չի զիջում օֆլայնին: 

«Շատ կարևոր էր այն, որ այս տարի կայացավ Արամ Խաչատրյանի անվան  միջազգային մրցույթը դիրիժորների համար: Այն միջազգային ասպարեզում մեծ տեղ գտավ, քանի որ նախ շատ չեն դիրիժորների մրցույթները, հետո էլ Խաչատրյանի մրցույթը տաղանդավոր դիրիժորների է բացահայտել:  Նվագախումբն աշխատեց տարբեր դիրիժորների հետ, ինչը հետաքրքիր էր»,-ընդգծեց նա: 

2020 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել բացօթյա բարեգործական  համերգներ, որոնցից ստացված հասույթը փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: 

Նվագախումբը համերգաշրջանին հանդես է եկել նաև հատուկ նախագծերով:  Սիմֆոնիկ նվագախմբի կենդանի նվագակցությամբ ցուցադրվել է «Սառցե սիրտը» մուլտֆիլմը: Բարեգործական ծրագրին մասնակցել են Արցախից Հայաստան տեղափոխված և արցախյան պատերազմից տուժած մարտիկների երեխաները: 

Երաժշտասերները համերգաշրջանի ընթացքում վայելել են «Սիմֆոնիկ Հոլիվուդ»,  «Սիմֆոնիկ Հայֆիլմ»  համերգային ծրագրերը, իսկ հուլիսի 24-ին մանուկների համար կներկայացվի  Դեն Բրաունի  հայտնի «Վայրի սիմֆոնիա»  համերգ-հեքիաթը: «Բրաունն անդրադարձել է երեխաների կրթական և դաստիարակչական մեթոդաբանությանը, որի մասին կարելի է երկար խոսել: Նա կարողացավ երեխաներին ոգևորել ու բերել դասական աշխարհ: Համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին»,-տեղեկացրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 

Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Էդուարդ Հայրապետյանի «Կախարդական կոճակներ» բալետը, Ջոն Տեր-Թադևոսյանի «Լիրիկական պոեմը», Տիգրան Մանսուրյանի «Պարտիտը»՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից: 

Սերգեյ Սմբատյանը հայտնեց, որ նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին: Այժմ բանակցում են հայտնի մենակատարներին Հայաստանում հյուրընկալելու շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]