Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Արտակ Գալստյանը ներկայացրեց մի քանի հանգամանք ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար

Արտակ Գալստյանը ներկայացրեց մի քանի հանգամանք ընտրությունների արդյունքները 
անվավեր ճանաչելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը եզրափակիչ ելույթում մի քանի հանգամանք ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գալստյանը նշեց, որ 658 տեղամասերում քվեաթերթիկները օրենքով սահմանված կարգով չեն պահպանվել:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեզ առարկեց, որ քվեաթերթիկները քվե են դառնում, երբ դրոշմանիշներ են փակցվում, որ ԿԸՀ-ն դեռևս 2018 թվականին նման որոշում է կայացրել և որպես փաստարկ բերեց այն, որ չօգտագործված քվեաթերթիկները տեղամասային արձանագրություններում չեն հաշվում, և գործընթացը օրինական է: Կարծում ենք, որ ԿԸՀ-ի այս պատճառաբանությունը բացարձակապես չի կարող համարվել մեր ներկայացրած փաստարկների հերքում, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի հիմքով պատասխանողը չունի լիազորություն նման որոշում կայացնելու, այդպիսի լիազորություն նրան չի տալիս Ընտրական օրենսգիրքը: Ավելին, քվեաթերթիկները չհրկիզվող պահարանում պահելու պահանջը իմպերատիվ կերպով սահմանված է հենց Ընտրական օրենսգրքով: Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և օրենքները պարտադիր են կատարման համար: Հետևաբար, պատասխանողի 2018 թվականի որոշումը և դրանից բխող գործողությունները 658 տեղամասերում օրինական համարվել չեն կարող»,- ընդգծեց Գալստյանը:

Արտակ Գալստյանը նաև ներկայացրեց իր փաստարկները նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման, ատելության խոսքի և այլ խախտումների մասին:

«Ելնելով այս ամեն ինչից, խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»,- եզրափակեց Գալստյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]