Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգող նախագիծը

ԱԺ-ն քննարկեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային 
համաձայնագրի ժամկետը երկարաձգող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ 6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի ապրիլի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում  երկարաձգել մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը և թերությունների համար պատասխանատվության ժամկետ սահմանել 2022 թվականի օգոստոսի 31-ը: Լրացուցիչ 4 ամիս անհրաժեշտ է նաև սահմանել ծրագրի ֆինանսական աուդիտի և վարկի փակման ժամանակահատվածի համար»,- ասաց Ղալեչյանը:

Ակնկալվում է 2022 թվականին Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողության կրճատում, միջին օրական երթևեկության ինտենսիվության ավելացում՝ օրական մինչև 3 500 մեքենա ՝ 2014 թվականի 2 800 մեքենայի համեմատ: Ակնկալվում է նաև ունենալ բեռնափոխադրումների էական ավելացում, ճանապարհի երկայնքով կանխարգելել և կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ բարելավելով ճանապարհային անվտանգությունը:

Անդրադառնալով համաձայնագրի ժամկետի երկարաձգմանը՝ նա ասաց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Շինարարական կապալի պայմանագրերը կնքվել են 2017 թվականի նոյեմբերի 30-ին, սակայն շինարարական աշխատանքների փաստացի մեկնարկը տրվել է 2018-ի մայիսի 29-ին: Նաև համավարակով պայմանավորված սահմանափակումներ են եղել, որոնք իրենց ազդեցությունն  են ունեցել աշխատանքների կազմակերպման վրա:

2021 թվականի պետական բյուջեում ծրագրի շրջանակում մասհանումների ծրագրավորված գումարը նախատեսված էր 2 մլրդ 870 մլն, մինչդեռ Ղալեչյանը նշեց, որ իրենց կանխատեսումների և կատարողականի էական ավելացման արդյունքում իրականացնելու են շուրջ 7 մլրդ դրամից ավելի մասհանումներ:

Խորհրդարանը 74 կողմ ձայնով վավերացրել է նախագիծը: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]