Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 15-րդ համերգաշրջանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 15-րդ համերգաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգով hուլիսի 15-ին ամփոփվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՍՆ) 2020-2021 համերգաշրջանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Միրզոյանի՝ Սիմֆոնիան գոսերի և լարային նվագախմբի համար (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի) և «Շուշանիկ» քնարական պատկերը։ Կատարումներն ուղեկցվում էին Էդվարդ Միրզոյանին անդրադարձող տեսանյութերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊՍՆ մամուլի ծառայությունից, նվագախմբի 15-րդ համերգաշրջանի փակման երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաև 15-ամյա դաշնակահար Դմիտրի Իշխանովը՝ ներկայացնելով Լյուդվիգ վան Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Պատանի դաշնակահարի՝ բեթհովենյան կոնցերտի մեկնաբանությունը մեծ ընդունելության արժանացավ երաժշտասերների կողմից։

«Ինչպես ինքը՝ մենակատարն է ասում, Բեթհովենի ստեղծագործությունները գրված են մտքի համար, քանի որ դրանք տրամաբանորեն են մտածված։ Այդ տրամաբանությանն Իշխանովն իր կատարմամբ միաձուլում էր մեծ հուզականություն, գեղեցիկ նրբերանգներ։ Դմիտրի Իշխանովի կատարումն աչքի էր ընկնում աննկարագրելի խորությամբ, հստակությամբ և մաքրությամբ, ինչը մեծապես հուզեց ունկնդրին. լեփ-լեցուն դահլիճը չէր թողնում դաշնակահարին հեռանալ բեմից։ Դմիտրի Իշխանովը ներկաներին նվիրեց ևս երկու կատարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն են հայտնում երաժշտասեր հանրությանը նվագախմբի 15-ամյա ուղին միասին անցնելու համար։

ՀՊՍՆ-ից հայտնում են, որ, համերգային գործունեությունից զատ, նվագախումբն այս համերգաշրջանի ընթացքում շարունակել է հայ երաժշտական ժառանգության արժեքավոր ստեղծագործությունների ձայնագրման և վտանգված պարտիտուրների թվայնացման աշխատանքները։ Բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ Դժվարություններով լի համերգաշրջանը հաղթահարելու համար նվագախմբին մեծ աջակցություն են ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բազմաթիվ հավատարիմ գործընկերներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]