Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան. Զորավար Անդրանիկի թիկնապահ- թարգմանիչը

Ճերմակ անուրջների կապուտաչյա տղան. Զորավար Անդրանիկի թիկնապահ-
թարգմանիչը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այդ տարիներին Երեւանում իմ մտերիմն ու մխիթարանքը Թոթովենցն էր: Հազիվ մի երկու տարի առաջ հանդիպել էի Վահանին՝ իր շնորհալի կնոջ հետ, Պոլսո փողոցներից մեկում՝ ամռան մի գեղեցիկ օր, եւ մի երկու բաժակ գարեջրի շուրջ սեղանակցել Շիշլիի ամառային պարտեզում: Այդ կապուտաչյա տղեկին, ինչպես ինքն է անվանում իրեն իր այնքա՛ն գեղեցիկ գրքում, սիրում էի ես, եւ ճանաչողը նրան չէր կարող չսիրել: Հաճախ էր լինում մեր կուլիսներում, եւ նրա տունը միակն էր այդ ժամանակներում, որտեղ անդորր ու խաղաղ ժամեր էի գտնում ես՝ իմ թանկագին Թինայի հետ, որին նույնպես դուր էր գալիս Վահանը՝ իր կոտրտված ռուսերենով:

Կապուտաչյա բարեկամս հմուտ անգլիագետ էր եւ շեքսպիրյան մասնագետ: Ահա թե ինչու մեր հանդիպումները երբեմն երկարում էին մինչեւ ուշ գիշեր՝ իմ սիրած հեղինակի շուրջ, երբեմն հասնում անհաշտ վիճաբանության, երբեմն էլ երկուստեք՝ համաձայնության: Եվ պատահում էր շատ հաճախ, որ Վահանը գիշերում էր ինձ մոտ՝ թատրոնի կուլիսների հետեւում՝ իմ խղճուկ սենյակում, կամ ես նրա մոտ՝ իր համեստ տանը՝ առանց վերմակի կամ առանց բարձի, որովհետեւ այդ կապուտաչյա, սիրուն մարդն ավելորդ վերմակ կամ բարձ իսկ չուներ:

Մեր ազգային վերածննդի, մեր արվեստի, ինչպես եւ մեր նոր ժամանակների բոցաշունչ հռետորն էր Վահանը՝ անբասիր մի սիրտ, թեւավոր մի հոգի, եւ Պոլսից իմ Երեւան գալու հարցում նա մեծ դեր ուներ: Եվ, իրոք, վա՛յ ինձ, որ այս տողերում ինձ վիճակված է սգալ ողբը իմ բարեկամի…»:

Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ

 

Որքան թերի պիտի լիներ մեր կինոարվեստն առանց «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ» մշտապես փայփայելի կինոնկարների, մեր գրականության կտավային էջերից մեկը՝ առանց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպի, առանց նրա սքանչելի պատմվածքների, պիեսների, վիպակների, ֆելիետոնների… Եվ դեռ որքան նոր արարումներ պիտի լինեին, եթե ստալինյան արնածարավ երախը հազարավորների հետ չհոշոտեր նաեւ նրան՝ հայ արձակի բանաստեղծ Վահան Թոթովենցին: Նրան, որ 1908 թ. թուրքական սահմանադրության ընդունումից հետո անցել էր Եվրոպա՝ Փարիզ, ապա՝ Ամերիկա, ընդունվել Վիսքոնսինի համալսարան, ունկնդրել գրականության, փիլիսոփայության, պատմության դասընթացներ, յուրացրել անգլերենն ու ֆրանսերենը, ծանոթացել համաշխարհային դասական գրականությանը եւ 1915-ին վերադարձել Անդրկովկաս,  400 կամավորների հետ մեկնել ռազմաճակատ, կռվել Վանում, Էրզրումում, դարձել թուրքաց սարսափ Անդրանիկ փաշայի մտերիմներից մեկն ու նրա անփոխարինելի թիկնապահ-թարգմանիչը: Սակայն Արեւմտյան Հայաստանի կեսից ավելին գրավելուց հետո, երբ ռուսական կառավարության որոշումով դավադրաբար ցրվելու էին հայկական գնդերը, գրող-կամավորականը մի քանի ամիս ուսուցչություն էր անելու փախստականների շրջանում:

1917-1918 թվականներ: Թիֆլիսում Վահան Թոթովենցը խմբագրում է պաշտելի զորավարի խմբագրած «Հայաստան» թերթը, տեղի մշակութային կյանքի մասնակիցը դառնում: 1920 թ. մայիսին թողնում է Անդրկովկասը, մեկնում Կ.Պոլիս: «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս եւ ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»,- տարիներ անց կենսագրականում վերհիշելու էր գրողը:

Երկու տարի Ամերիկայում մնալուց հետո կրկին վերադառնում է Կ. Պոլիս, այստեղ տպագրում «Փոթորիկին մեջ» վեպը, որից հետո հանգրվանում մայր հայրենիքում, խմբագրում Երեւանում լույս տեսնող «Շեշտ» երգիծական ամսագիրը, դասախոսում պետական համալսարանում, աշխատում «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում: Այս շրջանում էլ հրատարակվում են Թոթովենցի «Մահվան բատալիոն», «Պողպատե ճաշ», «Նոր Բյուզանդիոն», «Սասնա ծռեր», «Հրդեհ» դրամատիկական ստեղծագործությունները, վիպակները, ակնարկներն ու պատմվածքները: «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանանում է համամիութենական մրցանակի, թարգմանվում, բեմադրվում անգամ Փարիզում:

1929-36 թվականները գրողի ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանն են նշանավորում. լույս են տեսնում «Ամերիկա» պատմվածաշարը, «Աղավնիներ», «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքները, այլ գործեր: Այս երկու պատմվածքներն էին, որ հետագայում էկրանավորվելու եւ դասվելու էին հայկական կինոյի բացառիկ նվաճումների շարքը: Թե որ ֆիլմերի մասին է խոսքը, կարծում եմ, հիշեցման կարիք չկա... Սակայն տեղին է նշել գրողի մեծարժեք գործերից մի քանիսը եւս՝ եռահատոր «Բաքու» վեպը, «Հրկիզված թղթեր», «Հովնաթան՝ որդի Երեմիայի» վիպակները, «Երկու սուր», «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» պիեսները: Հիրավի, բեղուն գրիչ եւ տաղանդի ծաղկուն շրջան, քանզի  ընդամենը 43 տարեկան էր տերը այս ամեն հունձքի, երբ 1936-ին մահվան սեւ ձեռքը շղթայում է նրան եւ երկու տարի անց կայացնում գնդակահարության վճիռը: Վարագույրն իջնում է անժամանակ: Ահա այս ողբն է, որ ողբացել է մեծն դերասանը՝ հառաչելով. «Վա՛յ ինձ, որ սգալու եմ…»:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]