Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Հայաստանում ՎԶԵԲ-ի գործարքների ծավալը 2020 թվականին ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ

Հայաստանում ՎԶԵԲ-ի գործարքների ծավալը 2020 թվականին ռեկորդային էր բոլոր 
ժամանակաշրջանների համեմատ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեի բացառիկ հարցազրոյցը ejc.am կայքին: 

-Պարոն Գվինդաձե, հունիսի 28-ի շաբաթվա ընթացքում տեղի ունեցան ՎԶԵԲ-ի՝ 2021թ․ տարեկան համաժողովը և բիզնես ֆորումը: Որո՞նք էին հիմնական թեմաներն ու առանցքային որոշումները:

-Covid-19-ի հետ կապված գլոբալ իրավիճակի պատճառով տարեկան համաժողովը և բիզնես ֆորումը անցկացվել են վիրտուալ տիրույթում։ Այս տարեկան համաժողովը 2020 թվականին Covid-19 համաճարակի սկսվելուց ի վեր վիրտուալ ձևաչափով անցկացված երկրորդ ամենամյա հանդիպումն էր և նշում էր նաև 1991 թվականին ՎԶԵԲ-ի հիմնադրման 30-ամյակը: Համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնավոր հատվածի մեր գործընկերների և երկրի իշխանությունների շրջանում, մենք հետաքրքիր բանավեճեր ենք ունեցել միջազգային բարձրաստիճան պետական այրերի և մտավորականների մասնակցությամբ:

Բազմաթիվ քննարկումների կենտրոնում դեպի կանաչ տնտեսություն անցման և կլիմայի փոփոխության թեման էր: Այս թեման գլոբալ օրակարգի կիզակետում է, և ՎԶԵԲ-ի նման բազմակողմ զարգացման բանկերը նշանակալի դերակատություն ունեն այս գործընթացում: ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ 2022 թվականի վերջից իր բոլոր գործողությունները համապատասխանեցվելու են «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան Համաձայնագրի նպատակներին: Այսպիսով, մեր աշխատանքն ուղղված է լինելու մեր գործունեության երկրներում դեկարբոնիզացիայի արագացմանը։ Սա, բնականաբար, ազդելու է գործառնությունների և հաճախորդների ներգրավման վրա։ Մեր կողմից ֆինանսավորումը զուգորդվելու է քաղաքականության վերաբերյալ երկխոսությամբ և կարողությունների զարգացմամբ։                                          

Բացի կարճաժամկետ աջակցությունից, որը ՎԶԵԲ-ը տրամադրում է իր գործունեության երկրներին՝ Covid-19 ճգնաժամի ազդեցությունը կառավարելու նպատակով, 2021 թվականի տարեկան ժողովի մասնակիցները քննարկեցին նաև, թե ինչպես աջակցել ՎԶԵԲ-ի գործունեության երկրների «ավելի լավ վերականգնվելու» գործընթացին` խթանելով կանաչ, թվային և ներառական տնտեսությունը:

2024 թվականին Հայաստանը հյուրընկալելու է ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովը: Հուսով եմ, որ այդ ժամանակ Covid-19-ի հետ կապված ճգնաժամն ավարտված կլինի, և բազմաթիվ պետական պաշտոնյաներ և բիզնեսների ղեկավարներ կայցելեն Երևան: Սա եզակի առիթ կլինի երկիրը ցուցադրելու և ներդրողների ուշադրությունը գրավելու համար։

-Վերջերս ՎԶԵԲ-ը հրապարակեց Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ (ՏՏՀ՝ REP) փաստաթուղթը, որտեղ ամփոփված են Բանկի տեսակետները մեր տարածաշրջանում տնտեսական միտումների, մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ: Որո՞նք են ՏՏՀ-ի հիմնական թեմաները և ուղերձները։

-Այո, վերջին ՏՏՀ-ն թողարկվել է հունիսին: Ակնկալվում է, որ ՎԶԵԲ-ի տարածաշրջանն այս տարի կվերադառնա աճին՝ 2020 թվականի 2.3 տոկոս տնտեսական անկումից հետո: Տարածաշրջանի վերաբերյալ ՎԶԵԲ-ի վերջին կանխատեսման համաձայն, 2021 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կկազմի 4․2 տոկոս, իսկ 2022 թվականին` 3․9 տոկոս։ Դա, բնականաբար, կախված է մի շարք ենթադրություններից առ այն, թե ինչպիսին կլինի Covid-19 ճգնաժամի ընթացքը տարբեր երկրներում և ենթատարածաշրջաններում: Պետք է ասեմ, որ 2020 թվականին 2.3 տոկոս տնտեսական անկումն այնքան արտահայտված չէր, որքան մենք ի սկզբանե կանխատեսել էինք, և դա պայմանավորված է կառավարությունների կողմից կիրառվող զգալի հարկաբյուջետային խթաններով, նաև նրանով, որ որոշ երկրներում սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները պակաս խիստ էին: Հումքային ապրանքների բարձր գները  շահեկան եղան արտահանողների համար, նաև մենք տեսնում ենք տարածաշրջանից մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման մեծ պահանջարկ: Միևնույն ժամանակ, զգալիորեն տուժել են այն երկրները, որոնք կախված են ծառայությունների արտահանումից, և այստեղ ես կընդգծեի տուրիզմի և հյուրընկալության ծառայությունները: Առողջության համար ռիսկերը մասամբ մեղմվել են պատվաստումների մակարդակի բարձրացման հետ մեկտեղ, սակայն ռիսկերը դեռ առկա են և տարբեր ուժգնությամբ են ազդում տարբեր երկրների վրա: Միջազգային ներդրումների  նվազումը և համաշխարհային տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ անորոշությունը ազդել են դեպի ՎԶԵԲ-ի տարածաշրջան օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա՝ այս ցուցանիշը շարունակում է մնալ նախաճգնաժամային մակարդակից ցածր։ Արտադրանքի ծավալների կրճատման և հակացիկլիկ հարկաբյուջետային միջոցառումների պատճառով պետական պարտքի բեռը շատ երկրներում ավելացել է, և այս խնդիրը հարկավոր կլինի լուծել առաջիկա տարիների ընթացքում։ Գնաճային ռիսկը ևս մի խնդիր է՝ այս օրերին բոլորս բազմաթիվ հոդվածներ և քննարկումներ ենք տեսնում այս թեմայով:

Ապագայում շատ բան կախված կլինի Covid-19 ճգնաժամի հետագա զարգացումներից: Երկրների մակարդակով ելքային արդյունքները տարբեր են լինելու: Տարբեր երկրներ տարբեր մեկնարկային պայմաններով մտան աննախադեպ տուրբուլենտության այս շրջանը՝ նրանք տարբեր իրավունքներ ունեն միջազգային աջակցություն ստանալու առումով, միմյանցից տարբերվում են նաև նրանց առողջապահական համակարգերը և տնտեսական կառույցները: Որոշ տնտեսություններ ավելի դիվերսիկացված են և ավելի դիմացկուն, քան մյուսները: Այս ամենը որոշիչ դեր է ունենալու առաջիկա ամիսներին նրանց տնտեսությունների վերականգնման համար: Ակնկալվում է, որ Արևելյան Եվրոպայում և Կովկասի տարածաշրջանում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) 2021 թվականին ցուցանիշները կաճեն 2.8 տոկոսով՝ նախորդ տարվա 3.9 տոկոս տնտեսական անկումից հետո:

Ինչ վերաբերում է Հայաստանին, 2020 թվականին տնտեսությունը կրճատվել էր 7․4 տոկոսով՝ արտահանման, ներդրումների և տնային տնտեսությունների սպառման նվազման պատճառով: Սակայն այժմ տեսնում ենք լայնածավալ վերականգնում, որը, հուսով ենք, կպահպանվի: Հայաստանը կախված է համաշխարհային առողջապահական ճգնաժամի զարգացումներից, բայց վերականգնման տեմպը և ծավալը կախված կլինեն նաև միջազգային ներդրողների ուշադրությունը դեպի Հայաստան սևեռելու կարողությունից: Մակրոտնտեսական կայունությունն ու բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտը առանցքային կլինեն այս առումով:

-Ինչպիսի՞ն էին Հայաստանում ՎԶԵԲ-ի արդյունքները 2020 թվականին:

-Հայաստանի համար ՎԶԵԲ-ի վերջին ռազմավարությունը հաստատվել է 2019 թվականի նոյեմբերին: Դրանում մենք նախանշել ենք 2019-2024 թվականներին Հայաստանում մեր գործունեության և քաղաքականության վերաբերյալ երկխոսության գերակա երկու ուղղություններ. նախ՝ ամրապնդել մասնավոր հատվածի մրցունակությունը, բարելավել կառավարումը և աջակցել գործարար միջավայրի բարեփոխումներին և երկրորդ՝ խթանել կայուն ենթակառուցվածքները՝ առևտրայնացման և դեպի կանաչ տնտեսություն անցման միջոցով: 2020 թվականին այս նոր հավակնոտ ռազմավարության իրականացման առաջին տարելիցն էր: Այս առաջնահերթությունների լայն շրջանակներում մենք տեղակայում ենք ՎԶԵԲ-ի բանկային պրոդուկտները այն տարածքներում, որտեղ Հայաստանը, իր պետական և մասնավոր հատվածները ամենից շատը դրա կարիքն ունեն։ Մենք պահպանում ենք երկու կարևոր սկզբունք. Առաջին՝ հավելյալություն, այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է հավելյալ լինի մասնավոր հատվածի համար, այլ կերպ ասած` ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը կենտրոնանում է մասնավոր ներդրումների և ծախսերի վրա՝ առաջացնելով բազմապատկիչ էֆեկտ, և հաջորդը՝ բանկայնություն, այսինքն` բոլոր նախագծերը, որոնց մենք աջակցում ենք մասնավոր հատվածում` լինի դա ֆինանսական թե իրական հատվածը, պետք է կենսունակ լինեն առևտրային տեսանկյունից, ունենան բիզնեսի տեսլական և նպատակների վստահելի հիմնավորում, ի վիճակի լինեն համապատասխանել ՎԶԵԲ-ի ներքին ընտրության «ֆիլտրերին»՝ թափանցիկություն, ֆինանսական կարգապահություն, լավ կառավարում, ծրագրի հուսալի հովանավոր:

2020 թվականի սկզբից Covid-19 ճգնաժամը ազդել է պետական, կորպորատիվ և ֆինանսական հատվածի հաշվեկշիռների վրա: Այս ճգնաժամի անորոշ բնույթը խաթարել է վարկատուների, ներդրողների, սպառողների և վարկառուների վստահությունը: Այս համատեքստում, 2020 թվականին ՎԶԵԲ-ի գարծարքների տարեկան ծավալը Հայաստանում ռեկորդային էր բոլոր ժամանակաշրջանների համեմատ՝ ավելի քան 160 միլիոն եվրո, որից 10 միլիոնը՝ պետական հատվածի, իսկ մնացածը՝ մասնավոր հատվածի գործառնություններում:

Մենք համագործակցել ենք Հայաստանում մեր գործընկեր առևտրային բանկերի հետ` խթանելու առևտրի ֆինանսավորումը, և տրամադրել ենք լիկվիդայնություն, վարկեր ՓՄՁ-ներին ու «Կանայք բիզնեսում» ծրագրին։ Մենք ստորագրել ենք 55 Մվտ հզորությամբ «Մասրիկ» արևային կայանի գործարքը՝ սա տարածաշրջանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էլեկտրակայանն է, այն համատեղ ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: ՎԶԵԲ-ը աջակցում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացմանը, որը բարձրացնում է էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը, բարելավում էներգաարդյունավետությունը, նվազեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցման միջոցով, և աջակցում Հայաստանի էներգահամակարգում վերականգնվող էներգետիկայի ինտեգրմանը: Մենք նաև ստորագրել ենք Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ֆինանսավորում ենք Եվրոպական միության հետ համատեղ:

-Ի՞նչ ծրագրեր կան 2021 թվականի համար։

-Մենք շարունակելու ենք տրամադրել առևտրի ֆինանսավորում, սատարել ՓՄՁ-ների մրցունակության, կանայք բիզնեսում, կանաչ տնտեսություն/ էներգաարդյունավետություն ծրագրերին մեր գործընկեր բանկերի միջոցով: Ֆինանսական հատավծում աշխատանքը կշարունակի մնալ Հայաստանում մեր գործառնությունների հիմքում: Հայաստանում մեր գործընկեր առևտրային բանկերը ՓՄՁ-ների հատվածն ընդգրկելու հիմնական ուղիներն են: Էներգետիկայի ոլորտում մենք հնարավորություններ ենք ուսումնասիրում «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040թ․՚)»  փաստաթղթի համատեքստում, որը հաստատվել է 2020 թվականին: Օրինակ, այս ծրագրի համաձայն, Հայաստանը ցանկանում է մինչև 2030 թվականը մեծացնել արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը՝ ավելացնելով մոտավորապես 1000 ՄՎտ արևային հզորություն: Այս համատեքստում մենք ցանկանում ենք աջակցել արդյունաբերական մասշտաբի արևային կայաններին՝ հիմնվելով «Մասրիկ» արևային կայանի հետ մեր դրական փորձի վրա: Շարունակվում է էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացումը:

Երևանն ու Գյումրին միացել են ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ցանցին 2016 և 2018 թվականներին, համապատասխանաբար: Շատ երկրներում դա օգնում է որոշել, թե ենթակառուցվածքներում որ ներդրումներն ու քաղաքականության հետ կապված միջոցառումներն են առաջնահերթ, որոնք են ուժեղացնում քաղաքների կենսունակությունը և շրջակա միջավայրի կայունությունը: Այս համատեքստում մենք քննարկում ենք Երևան քաղաքի ավտոբուսների պարկի արդիականացման հնարավորությունը: Սա կարող է լինել բազմափուլ առաջատար ծրագիր, որը բնապահպանական և սոցիալական օգուտներ կբերի քաղաքին:

Զուգահեռաբար, մենք ուսումնասիրում ենք մասնավոր հատվածում գործարքներ՝ մշակող արդյունաբերության և ծառայությունների, անշարժ գույքի և զբոսաշրջության, հեռահաղորդակցման և մեդիատեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: 2021 թվականին, ինչպես և 2020-ին, Հայաստանում մեր գործառնությունների մեծ մասը լինելու է մասնավոր հատվածում ինչպես ծավալով, այնպես էլ թվաքանակով:

Մենք նաև ներգրավված ենք քաղաքականության վերաբերյալ երկխոսությանը և կարողությունների զարգացմանը: Գործարարության աջակցության գրասենյակը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության «Լավ Կառավարման Հիմնադրամի» կողմից և աջակցություն է ստանում ՎԶԵԲ-ից, ըստ պահանջարկի աջակցություն է տրամադրում իշխանություններին՝ բիզնես մթնոլորտի բարելավման միջոցառումների առնչությամբ: Մենք աշխատում ենք ՀՀ կենտրոնական բանկի հետ տեղական արժույթի և փողի շուկաների զարգացման ուղղությամբ: ՎԶԵԲ-ի Իրավաբանների թիմն աջակցում է դատական համակարգի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև անվճարունակության հետ կապված հարցերում կարողությունների զարգացմանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորմամբ մենք վերջերս նախաձեռնել ենք մի նախագիծ, որն աջակցում է մրցակցության պաշտպանության գործակալությանը: Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, և քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը խթանում է հնարավորությունները Հայաստանում մեր գործունեության համար:

Նշենք, որ ՎԶԵԲ-ի զուտ կուտակային ներդրումները Հայաստանում՝ շուրջ 190 նախագծերում, գերազանցում են 1,5 միլիարդ եվրոն, ընդ որում դրանց գրեթե 90 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

-Կարո՞ղ եք ավելի մանրամասն նկարագրել Հայաստանում ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծառայությունները:

 -ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսին» ծրագիրը աջակցում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ ապահովելով տեղական և միջազգային նոու-հաուի և լավագույն փորձի հասանելիությունը: 2003 թվականից ի վեր ավելի քան 1400 ՓՄՁ-ներ աջակցություն են ստացել իրենց բիզնեսի զարգացման և միջազգայնացման գործընթացում, ավելի քան 11,5 մլն եվրո գումարի չափով ֆինանսավորում է տրամադրվել դոնորների կողմից՝ խորհրդատվական աջակցության համար, ավելի քան 300 խորհրդատուներ վերապատրաստում են անցել։ 2020 թվականին մոտ 82 ՓՄՁ-ներ աջակցություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու և ճգնաժամին արձագանքելու համար: Հիմնական դոնորները Եվրոպական միությունն ու Շվեդիան են:

Որպես հրատապ արձագանք Covid-19-ի հետևանքով առաջացած իրավիճակին, տարբեր հատվածների ՓՄՁ-ների համար կազմակերպվել են ճգնաժամի արձագանքման դասընթացներ հետևյալ թեմաներով․ ճգնաժամերի կառավարում, ռազմավարական կառավարում, ֆինանսական պլանավորում, թվային մարքեթինգ, ձեռներեցություն և զբոսաշրջության վերականգնում: Մշակվել և գործարկվել է թվային տրանսֆորմացիայի ծրագիր: Ավելի քան 1000 ՓՄՁ-ների համար հասանելի են դարձել թվային լուծումների մասին գիտելիքներն ու պրակտիկ գործիքակազմը: 2021 թվականին Հայաստանում ՓՄՁ-ներին աջակցությունը շարունակվում է մի քանի գերակա ուղղություններով. խորհրդատվական աջակցություն բիզնեսի զարգացման համար, տեղական խորհրդատուների կարողությունների զարգացում ճգնաժամի կառավարման, փոփոխությունների կառավարման և ֆինանսների վերաբերյալ՝ հայաստանյան խորհրդատվական շուկա լավագույն փորձը ներմուծելու նպատակով, 2020 թվականի պատերազմից հետևանքով տեղահանված հայ բնակչության համար ձեռներեցության դասընթացներ: Նոու հաուի ակադեմիան (Know-How Academy) բիզնես կրթության առցանց հարթակ է միկրո և փոքր ՓՄՁ-ների համար՝ այն տրամադրում է գիտելիք և հիմնական հմտություններ ՓՄՁ-ներին Covid-19 ճգնաժամը հաղթահարելու համար: Առաջնահերթ է ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիան. 2021 թվականի համար պլանավորված են դասընթացներ, վեբինարներ և նախագծեր` բիզնեսի թվայնացումը խթանելու և ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիային նպաստելու նպատակով: Ձեռներեց կանանց համար շարունակվում է «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում աջակցությունը: 2021 թվականի առաջին կեսին շուրջ 35 հայաստանյան ՓՄՁ-ներ խորհրդատվական աջակցություն են ստացել իրենց բիզնեսը զարգացնելու համար:

-Ի՞նչը կարող է նպաստել Հայաստանում ՎԶԵԲ-ի աշխատանքին:

-Հայաստանին անհրաժեշտ են որակյալ ներդրումներ, որոնք կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը, կբարձրացնեն արտադրական ներուժը: Հայաստանում վարկավորման և ներդրումների ծավալը մեծացնելու մեր կարողությունը կախված է այն ծրագրերից, որոնք ունեն համապատասխան եկամտաբերություն և լավ հովանավորներ, թափանցիկ են, համապատասխանում են բնապահպանական, սոցիալական և լավ կառավարման ստանդարտներին: Կայուն տնտեսական աճը նույնպես առանցքային է պետական հատվածում գործարքներ իրականացնելու մեր կարողության համար, և այդ գործարքները կախված են պետության փոխառությունների սահմանային շեմից։ Կա այսպիսի մի տեսլական. Հայաստանը որպես փոքր պետություն և գլոբալ ազգ: Դա հզոր տեսլական է, որը կարող է օգնել ներգրավել ներդրումներ և օգտագործել սփյուռքի, ինչպես նաև սփյուռքից դուրս գտնվող ներուժը:

Ցանկանում եմ ավելացնել, որ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում մենք տարիներ շարունակ սերտորեն համագործակցում ենք Եվրոպական միության հետ: Այս գործընկերությունը կարևոր է և թույլ է տալիս շատ բան անել Հայաստանի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը և Բրյուսելում տեղակայված ընկերներին՝ իրենց անկոտրում նվիրվածության, ներգրավվածության և գործընկերության համար:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]