1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ժամանակիդ շունչը դարձիր». Գրքի երևանյան 4-րդ փառատոնը կամրապնդի գրող- ընթերցող-հրատարակիչ կապը

«Ժամանակիդ շունչը դարձիր». Գրքի երևանյան 4-րդ փառատոնը կամրապնդի գրող- 
ընթերցող-հրատարակիչ կապը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որը տարիներ շարունակ միտված է գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդմանը, 2021-ին կանցկացվի հուլիսի 30-ին և օգոստոսի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում, «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնը կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» կարգախոսը:

Փառատոնի շրջանակում գիր-գրականության երկրպագուները ոչ միայն հնարավորություն կունենան սիրված հեղինակների գրքերը ձեռք բերել զեղչերով, այլև մասնակցել քննարկումների, շնորհանդեսների, համերգի, ֆիլմի դիտման և այլ հետաքրքիր միջոցառումների:

Սպասված նախաձեռնության մանրամասների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի կազմակերպչական թիմի անդամ Անի Հովնանյանի հետ:

Նրա խոսքով՝ փառատոնի ցուցահանդես-վաճառքին, որը կանցկացվի Նկարիչների միությունում, մասնակցելու է 37 հրատարակչություն. ընդգրկված են բոլոր խոշոր հրատարակիչները՝ «Անտարեսը», «Զանգակը», «Բուկինիստը», «Էդիթ պրինտը» և այլն: «Ուրախալի է, որ մասնակցում են նաև թանգարանները, գիտահետազոտական  կենտրոնները՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հովհաննես Թումանյանի թանգարանը,  Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը»,-տեղեկացրեց Հովնանյանը:

Չորրորդ փառատոնի ընթացքում կանցկացվի մոտավորապես 35 միջոցառում՝ ուղղված ընթերցողների լայն շրջանակին: Կազմակերպիչները չեն մոռացել նաև մանուկներին: «Նախատեսվում է «Հեքիաթաթերապիա», որի բանախոսներն են գրականագետ Նվարդ Վարդանյանը և «Թերապևտիկ հեքիաթներ» շարքի հեղինակ Քրիստինե Մկրտչյանը, կլինի հանդիպում «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ, «Զանգակը» կկազմակերպի Նիլ Գեյմանի «Քորլայն» վեպի շնորհանդեսը, «Արևիկը»՝ Գիլյերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդեսը: Գիրքը կարող է հետաքրքրել հատկապես 12-17 տարեկան ընթերցողներին:

Հատուկ հյուրերի պակաս ևս չի լինի։ Ընթերցողներին կարող է հետաքրքրել «Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ» դասախոսությունը գրականության մասին, Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, նա ընթերցողներին կպատմի իր ընտանեկան հուշերից»,- նշեց Հովնանյանն ու հավելեց, որ հուլիսի 31-ին փառատոնը երաժշտական կատարումներով կզարդարի Լիլիթ Պիպոյանը, որի երաժշտությունը մեղեդային է, գեղեցիկ: Նրա համերգով կփորձեն դրական տրամադրություն փոխանցել մարդկանց:

Անի Հովնանյանը հետաքրքիր համարեց նաև հանդիպումները ժամանակակից հեղինակ Արամ Պաչյանի հետ, որը Եվրոպական Միության գրական մրցանակի է արժանացել, Մարկ Արենի հետ, որի «Այնտեղ, որտեղ ծաղկում էին վայրի վարդեր» և մյուս գրքերը բեսթսելերներ են դարձել, հիշարժան կլինի նաև Հրանտ Մաթևոսյանի այրի Վերժինե Մովսիսյանի հետ հանդիպումը, որը կվարի նրա և Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը:

Գրքի երևանյան փառատոնի կարևոր մասն է գրական մրցույթը: «Մրցույթի շրջանակում հեղինակներին կարդում են այնպիսի մարդիկ, որոնք ակտիվ գործող գրականագետներ են,  թերթեր, կայքեր ունեն և ուշադրության կենտրոնում են պահում գրողներին: Ժյուրիի անդամներն են գրաքննադատ, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը, որը նաև այսօր է երիտասարդների, ժամանակակիցների մասին գրում,  արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը, որը  «Գրեթերթի» խմբագիրն է և կարող է հետաքրքիր անուններ գտնել, գրականագետներ Ալվարդ Սեմիրջյանը, Քրիստինե Հովհաննիսյանը, որոնք ակտիվ անդրադառնում են ժամանակակից գրականության տեսական խնդիրներին, գրականագետ Հասմիկ Խեչիկյանը, որը cultural.am  կայքի խմբագիրն է և կարող է հրատարակել երիտասարդ նոր անունների գործերը»,-ասաց Անի Հովնանյանը:

Մրցույթը, որն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում, ստացել է 146 հայտ, ինչը բավականին լավ ցուցանիշ է:  «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին: Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են՝ կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի ինքնատիպությունը։

Անդրադառնալով փառատոնի նպատակին՝ Հովնանյանն ասաց, որ դեռ 2017-ին մեծ ոգևորությամբ է ընդունել գաղափարը, որովհետև շատ կարևոր է, երբ ընթերցողը, գրողը, հրատարակիչը միանում են, և հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու արդյունքները: «Տարիների ընթացքում մեծանում է միջոցառումների, մասնակից հրատարակիչների թիվը, որակն է բարելավվում, փառատոնը փորձ ու հեղինակություն է ձեռք բերում, բայց առաջնահերթությունները մնում են նույնը. ձգտում ենք ամրացնել գրող-ընթերցող-հրատարակիչ շղթան և ևս մեկ անգամ  ցույց տալ, որ քաղաքը կարդում է»,- եզրափակեց Անի Հովնանյանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]