1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքը կարդում է. մեկնարկեց Գրքի երևանյան փառատոնը

Քաղաքը կարդում է. մեկնարկեց Գրքի երևանյան փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, որին մասնակցում են 37 հրատարակչություններ, ինչպես նաև թանգարաններ և գիտահետազոտական կենտրոններ, կամրացնի գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթան, ընթերցողներին հնարավորություն կտա զեղչերով ձեռք բերել սիրված հեղինակների ստեղծագործությունները, հետաքրքիր քննարկումների, շնորհանդեսների, համերգների և այլ նախաձեռնությունների շրջանակում հաղորդակցվել գրողների, գրականագետների, բանասերների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Փառատոնը մեկնարկեց հուլիսի 30-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի թղթակիցը մասնակցել է սպասված միջոցառմանն ու զրուցել կազմակերպիչների, աջակիցների, հրատարակիչների և գրողների հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հիշեցրեց, որ 2019 թվականին փառատոնի շրջանակում վաճառվել է 15 հազար միավոր գիրք: Ըստ նրա՝ դա լուրջ ցուցանիշ է: «21-րդ դարում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, որովհետև տեղեկատվական դաշտը հագեցած է տարաբնույթ տեղեկատվությամբ, և մշակույթը շատ մեծ մրցապայքարի մեջ է մտնում ընդհանուր տեղեկատվական դաշտի հետ: Պետք է մտածել ճանապարհներ, ուղիներ, որոնք կնախապատրաստեն և պոտենցիալ ընթերցողին կբերեն դեպի գիրքը: 21-րդ դարի  գրադարանը չի կարող լինել այն գրադարանը, որը մենք պատկերացնում ենք, չի կարող լինել գրապահոց և գրքի սպասարկման միջավայր: Գրադարանները պետք է մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայր դառնան, ինչի վերջնարդյունքը կլինի գիրքր բացելը»,-շեշտեց Խզմալյանը:

Նրա խոսքով՝ ծանոթ է փառատոնին, որը լուրջ կրթական բաղադրիչ ունի: «Այն միջոցառումները, որոնք անցկացվում են փառատոնի շրջանակներում, կոչված են ուղղորդելու ընթերցողին դեպի գիրքը, առավել ճանաչելի դարձնելու և՛ հրատարակչին, և՛ հեղինակին, և՛ թարգմանչին: Փառատոնը պետք է գնալով ավելի ընդլայնվի և ապացուցի իր պահանջվածությունն ու կենսունակությունը»,-եզրափակեց փոխնախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանի հավաստիացմամբ՝ գրական Երևանում Գրքի երևանյան փառատոնն ամենակայացած ու մասշտաբային իրադարձությունն է, որին մասնակցում են ընթերցողները, գրողները, թարգմանիչները, մշակույթի ոլորտի հետազոտողները, գրական գործակալները, հրատարակիչները, պարզապես գրքասերները:

«Փառատոնի նպատակն է ամրացնել ընթերցող-գրական մամուլ-գրական գործակալ-հրատարակիչ կապը, որը Հայաստանում հետանկախության տարիներին մի քիչ թուլացել էր, սակայն գրահրատարակչության ոլորտում վերջին տարիներին մեծ աշխուժություն է նկատվում, ինչի մասին փաստում են և՛ գրադարանները, և՛ գրախանութները իրենց պատվիրած և վաճառած գրքերի տվյալներով»,- շեշտեց նա:

«Անտարես» հրատարակչության տաղավարում ընթերցողներին այս կամ այն գիրքը գնելու խորհուրդներ էր տալիս ժամանակակից գրող Գրիգը, որի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն արդեն քանիերորդ անգամ վերահրատարակվել է:

Գրիգի խոսքով՝ ծանր ժամանակներում ենք ապրում, և փառատոնն ինչ-որ առումով գրքում ընկեր, սրտին հարազատ տեքստեր գտնելու հնարավորություն է ընձեռում: «Պատերազմից, դաժան առօրյայից հետո բոլորս էլ մենակ մնալու վախեր ենք ունենում, և փառատոնը ոլորտի մարդկանց հետ հաղորդակցվելու, ապագային մի փոքր լավատեսորեն նայելու, հավատալու փորձ է»,- շեշտեց գրողը:

Նա ընթերցողներին հորդորում է գնել հայ ժամանակակից հեղինակների գրքեր, որոնցից են Մհեր Իսրայելյանը, Հովիկ Աֆյանը, Հովհաննես Հովակիմյանը, Անուշ Սարգսյանը, Ջեսահը և այլք: Կարծում է՝ նրանք արժանի են, որ իրենց կարդան:

Գրող, «Էդիթ պրինտ» հրատարակչության վաճառքի մարքեթինգի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը, որը վերջերս ընթերցողներին ներկայացրեց իր «Հայելապատում» գիրքը, նշեց. «Գրքի երևանյան փառատոնը խտացնում, ներկայացնում է այն աշխատանքը, որը փառատոնից փառատոն իրականացնում են հրատարակչությունները՝ գրքի, ընթերցանության քարոզչություն»:

Սամվելյանն ընդգծեց, որ իրենք ներկայացնում են Վահան Թոթովենցի «Բաքու» գիրքը, «Ծովահենի գրադարան» շարքի գրքերը,  «Սփյուռք» մատենաշարը, որով լույս են ընծայել Զապել Եսայանի, Շահան Շահնուրի և այլոց գրքերը, «Արդի» մատենաշարը, որի շրջանակում նախատեսվում է Արմինե Գաբրիելյանի «Շուշաններ» գրքի շնորհանդեսը:   Հետաքրքիր է «Ինքնություն» մատենաշարը, որով ներկայացնում են հայ պատմիչների, մատենագիրների գործերը: Վերահրատարակել են Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»: Նախատեսում են լույս ընծայել Կորյունի, Եղիշեի, Ղևոնդ Ալիշանի գրքերը:

Հայտնի հրատարակչություններին զուգահեռ փառատոնին մասնակցում են նաև նորաստեղծ հրատարակչությունները: Նրանցից է «Գրքամոլ հրատարակչատունը», որի տնօրեն Համլետ Մուրադյանը փառատոնի անցկացումը կենսական անհրաժեշտություն է համարում:

«Հատկապես վերջին իրադարձություններից հետո մենք բոլորս պետք է ինքնակրթությամբ զբաղվենք, փորձենք զարգանալ: Դա կարող ենք անել գեղարվեստական գրականություն ընթերցելով, իսկ նմանատիպ փառատոնները նպաստում են այդ ամենին»,-ասաց Մուրադյանն ու շեշտեց, որ հրատարակչատունը գործում է մեկ տարի: Գրական աշխարհ են մուտք գործել՝ լույս ընծայելով Սեյրան Գրիգորյանի «Ինչո՞ւ ես տխուր» վեպը, հայ ժամանակակից գրող Լիլիթ Բաղդասարյանի բանաստեղծությունների ժողովածուն և Անրի Վերնոյի «Մայրիկը»:

Եռօրյա փառատոնին, որն անցկացվում է ոչ միայն Նկարիչների միությունում, այլև «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում, մոտավորապես 35 միջոցառում է նախատեսվում՝ ուղղված ընթերցողների լայն շրջանակին: Կկազմակերպվի «Հեքիաթաթերապիա», որի բանախոսներն են գրականագետ Նվարդ Վարդանյանը և «Թերապևտիկ հեքիաթներ» շարքի հեղինակ Քրիստինե Մկրտչյանը, կլինի հանդիպում «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ, «Զանգակը» կկազմակերպի Նիլ Գեյմանի «Քորլայն» վեպի շնորհանդեսը, «Արևիկը»՝ Գիլյերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդեսը: Գիրքը կարող է հետաքրքրել հատկապես 12-17 տարեկան ընթերցողներին:

Հատուկ հյուրերի պակաս ևս չի լինի։ Ընթերցողներին կարող է հետաքրքրել «Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ» դասախոսությունը գրականության մասին, Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցի ելույթը. նա ընթերցողներին կպատմի իր ընտանեկան հուշերից, հուլիսի 31-ին փառատոնը երաժշտական կատարումներով կզարդարի Լիլիթ Պիպոյանը:  Օգոստոսի 1-ին կամփոփվեն նաև գրական մրցույթի արդյունքները:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]