Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-22/21.  Ինքնակենսագրական, դետեկտիվ, գիտական հրատարակություններ  

«Նոր գիրք»-22/21.  Ինքնակենսագրական, դետեկտիվ, գիտական հրատարակություններ

 

ԵՐԵՎԱՆ, 2  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո: 

Հայ հեղինակ
Եղիշե Չարենց, «Երևանի ուղղիչ տնից»

Լույս է տեսել Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» ինքնակենսագրական վեպը։

Չարենցի հակասական և բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի...»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։

Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները: Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը: 

Թարգմանական գրականություն 
Ալեքս Մայքլիդիս, «Կույսերը» 

Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, ե՛ւ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է` թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային: Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով: Թարգմանիչն է Աստղիկ Աթաբեկյանը: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը: 

Մանկապատանեկան գրականություն 
Աստրիդ Լինդգրեն, «Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները» 

Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը՝ մեզ պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին: Լյոնեբերգացի Էմիլի մասին պատմող երկրորդ վիպակում տոնական առատ սեղանների պակաս չկա: Իսկ ընկնող գիսաստղի նման դրանց «վրա» հայտնվող Էմիլը ոչ միայն հարուցում է մեծերի ծիծաղը, սարսափն ու հարգանքը, այլև հաջողում է կուշտ կերակրել անկելանոցի բոլոր սոված տատիկներին և պապիկներին՝ դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Այժմ արդեն ոչ միայն Էմիլի մայրիկը, այլև մենք գիտենք, թե որքա՜ն բարի սիրտ ունի ոսկեգույն գանգուրներով ու կապույտ աչքերով այդ տղան:

Թարգմանությունը` Աշխեն Բախչինյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը: 

Փաստավավերագրական գրականություն
Միչիո Կակու, «Ապագայի ֆիզիկան»

Ու՞ր է մեզ տանում սրընթաց զարգացող գիտությունը: Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել համակարգչային տեխնոլոգիաների, բժշկության, տիեզերագնացության և այլ ոլորտներում: Եվ ամենակարևորը՝ ինչպիսի՞ն կլինի մարդու առօրյա կյանքը 2100 թվականին:

Նշանավոր տեսաբան- ֆիզիկոս Միչիո Կակուն փորձում է գտնել այս բոլոր հարցերի պատասխանները և սեղմ պատկերացում տալ մարդկության հնարավոր ապագայի մասին: Այդ նպատակով նա զրուցել է շուրջ երեք հարյուր առաջատար գիտնականների հետ, որոնք իրենց լաբորատորիաներում կերտում են վաղվա պատմությունը: Անգլերենից թարգմանել է Մարիամ Հարությունյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

 

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]