Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածի կառուցման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ

Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածի կառուցման համար առաջիկայում 
կհայտարարվի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանապարհային դեպարտամենտի» ՊՈԱԿ-ը միջազգային և տեղական շինարարական կազմակերպություններին ներկայացրեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան նոր հատվածի կառուցման տեխնիկական և մրցութային գործընթացի մանրամասները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում` 4,7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ:  Միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում «Ճանապարհային դեպարտամենտի» ՊՈԱԿ-ի  ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը նշեց, որ առաջիկայում կհայտարարվեն Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության և տեխհսկողության մրցույթները:  

«Նոր ճանապարհահատվածը լինելու է գործող Մ-2 միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ: Տեխնիկական առումով սա շատ բարդ հատված է, որի մեջ ներառված է նաև կամուրջների և թունելների շինարարությունը: Թունելներից ամենամեծը լինելու է Բարգուշատի թունելը 8.7 կմ երկարությամբ: Նախագիծը մշակվել է 2018 թվականին, իսկ արժեքը ավելի պարզ կլինի մրցույթային գործընթացներից հետո: Մենք հիմա նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում մրցութային փաթեթներ պատրաստում, տեխնիկական մասով կան որոշակի աշխատանքներ, դրանից հետո այս տարի կհայտարարվի մրցույթ: Ըստ ներկայացված նախագծի, որը մշակվել է իտալական կազմակերպության կողմից, շինարարության փուլը կազմում է 6 տարի»,- ասաց Զուլալյանը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ով նշեց, որ առհասարակ յուրաքանչյուր պետության ենթակառուցվածքների զարգացումը պետության տնտեսության կայուն և դինամիկ զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է:

«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ճանապարհային ոլորտը այն կարևորագույն ոլորտներից մեկն է, որի միջոցով հնարավոր է դրական ազդեցություն ունենալ տնտեսության, այդ թվում` մյուս ճյուղերի վրա, խթանելով արդյունաբերությունը, առևտուրը, սոցիալական հարաբերությունները և տարատեսակ այլ ծառայությունների մատուցումը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի կարևորագույն խնդիրներից է երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև տնտեսության և ազգաբնակչության պահանջների բավարարման որակի բարձրացման միջոցով անվտանգ տրանսպորտային ծառայությունների ապահովումը: Ասածիս համատեքստում կարող եմ ասել, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը կարևորագույն ռազմավարական ծրագրերից է, որը միտված է լինելու ապահովելու Հայաստանի տրանսպորտային համակարգի միջազգային ինտեգրումը»,- ընդգծեց Ղալեչյանը:

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի խոսքով` ծրագիրը շատ կարևոր ազդեցություն է ունենալու Հայաստանի ճանապարհային ցանցի վրա և այն բավականին երկար ժամանակ առաջ են սկսել իրականացնել: Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը ներկայացրեց Հյուսիս-Հարավ ծրագրի ընթացքը:

«Տրանշ 4-ը այնքան մեծ է, որ մենք երեք մասերի ենք բաժանել: Այսօր խոսելու ենք Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի մասին, որը գտնվում է Հայաստանի հարավային հատվածում: Ճանապարհի այս հատվածը մի քանի անգամ ավելի մեծ է, քան նախորդ տրանշերը: Շուրջ 60 կմ ճանապարհը լինելու է բոլորովին նոր նախագծային լուծումներով»,- նշեց Մաչյանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական շինարարական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]