Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի մասին

Ներդրվում է նոր համակարգ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանում լրագրողների աշխատանքի համար հատկացվելու է երկու առանձնացված սրահ, ճեպազրույցների համար նախատեսված վայր,միայն որտեղ լրագրողները պաշտոնյաների հետ կանցկացնեն ճեպազրույցներ, հարցազրույցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանում շենքում օգոստոսի 2-ին լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին հարցին:

Ալեն Սիմոնյանը նախ առաջարկեց սահմանափակում բառը չօգտագործել տվյալ դեպքում: «Լրագրողների համար ապահովվելու է հնարավորություն, որ լրագրողները ստիպված չլինեն, օրինակ, քայլել պատգամավորի հետևից, որն իրենց հարցերին չի պատասխանում կամ սպասել սենյակին առջև, որ դուրս գան: Ստեղծվելու է համակարգ, որը պաշտոնյաներին բերելու է ձեզ մոտ, և ինքը միայն դրանից հետո է դուրս գալու շենքից կամ մտնելու շենք, որպեսզի լրագրողների աշխատանքը համակարգված լինի: Համաձայնեք՝ որևիցե մեկին հաճելի չէ, երբ պատգամավորը, պաշտոնյան քայլում է, օպերատորները մեծ տեսախցիկները վերցրած հետևից վազում են, լրագրողը հարց է տալիս»,-նշեց նա՝ դիմելով լրագրողներին:

Սիմոնյանի խոսքով՝ համակարգ է ներդրվում, որը միանգամից չի գործելու: Որոշ ժամանակ անց պատգամավորները և պաշտոնյաները, որոնք կայցելեն ԱԺ, կմոտենան հատուկ հատկացված տեղ, հանդես կգան ճեպազրույցներով, ինչպես նաև առանձին հարցազրույցներ կտան: Սիմոնյանը վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը պարտավորվում է ապահովել այդ հնարավորությունը լրագրողների համար: Խմբակցությունը կունենա մամուլի պատասխանատու, որն իր վրա կվերցնի պարտականությունը՝ ապահովել լրագրողների կապը իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ հանձնաժողովներին, ապա Սիմոնյանը վստահեցրեց, որ հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի կողմից ընտրված անձը ամեն հանձնաժողովի նիստից հետո մոտենալու և պատասխանելու է լրագրողների հարցերին, հանձնաժողովների հյուրերը ևս ճեպազրույցներ են տալու:

«Այս պահի դրությամբ որևիցե բան չի փոխվելու, քանի դեռ մենք բոլոր հնարավոր պայմանները լրագրողների աշխատանքի համար չենք ապահովել»,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորը, որը ցանկություն կունենա կամ կհամաձայնի հարցազրույց տալ, կարող է լրագրողին հրավիրել կամ անձամբ դուրս գալ լրագրողների մոտ:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օգոստոսի 2-ին ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս միջանցքների որոշ հատվածներ գնալ՝ Սիմոնյանն ասաց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորելով դա որևէ ձևով չանվանել սահմանափակում:

«Ունենալու եք առանձնացված երկու տարբեր սրահ, ճեպազրույցների համար նախատեսված տեղ և հնարավորություն՝ բոլոր պաշտոնյաների հետ շփվելու: Այդ տեղը լինելու է ԱԺ շենքի մեջ»,-ասաց նա:

Սիմոնյանը վստահեցրեց, որ նման քայլով իրենք որևիցե մեկից պաշտպանվելու մտադրություն չունեն: «Որևիցե երկրում, օրինակ, ՌԴ Պետդումայում, Եվրախորհրդում չեք հանդիպի, երբ պատգամավորը գնում է ու լրագրողն իր հետևից վազում է: Բոլոր գործողությունները պետք է համակարգված լինեն, ընդամենը համակարգման մասին է խոսքը գնում: Դրանով լրագրողներին օրենքով տրված հնարավորությունը չի տուժելու»,-ասաց նա ու հավելեց, որ բոլոր առումներով ԱԺ շենքում փոփոխություններ են լինելու:

Հարցին ի պատասխան, թե ինչու հենց հիմա նման եզրահանգման եկան՝ Սիմոնյանը հիշեցրեց նախորդ տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման մասին:Նա նշեց ատելության խոսքի մասին, գնդակահարության տեսարան բեմադրելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]