1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջիվանու տուն-թանգարանը նորոգվում և դեպի իրեն է ձգում աշուղի անմար արվեստի երկրպագուների՝ տարբեր երկրներից

Ջիվանու տուն-թանգարանը նորոգվում և դեպի իրեն է ձգում աշուղի անմար արվեստի 
երկրպագուների՝ տարբեր երկրներից

ԿԱՐԾԱԽ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարծախում Ջիվանու տուն-թանգարանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում, որոնցից ամենախոշորը «Ջիվանիական օր» տոնակատարությունն է: Տուն-թանգարանը յուրովի աշխուժացրել է գյուղի մշակութային կյանքը, խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Կարծախ և իր մշակութային միջոցառումներով փոխել գյուղի ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը՝ չնայած որ վերջին շրջանում համավարակով պայմանավորված՝ Վրաստանի սահմանները փակվել էին:

Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը, 2014 թվականի հուլիսին «Ջիվանիական օր» տոնակատարության շրջանակում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) նախաձեռնությամբ ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որտեղ ընդգրկվեցին մի շարք հասարակական, մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու երաժիշտներ, կազմվել էին տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Տուն-թանգարանի հիմնադրման աշխատանքներն իրականացվեցին 2 փուլով` տուն-թանգարանի վերանորոգում և ցուցասրահի հիմնում, ինչպես նաև Ջիվանու հայրական տան վերականգնում և հուշային հատվածի հիմնում (այստեղ է իր մանկության տարիներն անցկացրել մեծանուն աշուղը): 2016 թվականին բացեցինք ցուցասրահը, իսկ հուշային մասը 2017 թվականին»,- ասաց ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը:

ՋԱՀ-ն իր ռազմավարության մեջ առանցքային  տեղ է հատկացնում մշակութային օջախների հիմնադրմանն ու մեծանուն ջավախքցիների համար մշակութային հանգրվանների ստեղծմանը: Մկոյանի խոսքով` ՋԱՀ-ը 2015 թվականից սկսած «Ջիվանիական օր» տոնակատարության հիմնական կազմակերպիչն է, որն իրականացնում է Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

«2019 թվականին անցկացվել է բավականին լայնամասշտաբ միջոցառում, 2020-ին էլ նույնպես կազմակերպվեց փոքրիկ միջոցառում, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ կային, իսկ 2021 թվականին արգելված է նմանատիպ մասշտաբային միջոցառումներ իրականացնել: Կարծում եմ, օգոստոսին փոքրիկ և հետաքրքիր միջոցառում կկազմակերպենք՝ նվիրված աշուղ Ջիվանուն»,- ասաց Մկոյանը՝ հավելելով, որ ՋԱՀ-ը նաև կազմակերպում է ուսուցողական միջոցառումներ երեխաների համար` շարադրությունների մրցույթից սկսած ասմունքի մրցույթներով վերջացրած:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշեց նաև, որ իրենց նախաձեռնությամբ ստեղծվել է Ջիվանու վիրտուալ տուն-թանգարանը, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած երկրից մտնել կայքէջը, լսել գիտաշխատողի ներկայացումը ցուցասրահի և տուն-թանգարանի վերաբերյալ: 

Ջիվանու տուն-թանգարանի գիտաշխատող Հակոբ Քերոբյանի խոսքով` համավարակից առաջ թանգարան էին այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, նույնիսկ արտասահմանից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Լիբանանից և այլ երկրներից և հետաքրքրվում աշուղի գործունեությամբ ու կյանքով:

«2019 թվականին բավականին լայնամասշտաբ միջոցառում իրականացրին` 10-20 հազար մարդ էր հավաքվել «Ջիվանիական օրեր» տոնակատարությանը: Ներկայումս համավարակով պայմանավորված՝ այցելուների թիվը նվազել է»,- հավելեց Քերոբյանը:

Ցուցասրահում կա շուրջ 100 ցուցանմուշ` մեկտեղվել են Ջիվանու ձեռագրերը, նրան վերաբերող գրքեր, հոդվածներ, բազմաթիվ նյութեր, Ջիվանու երգերի և հեքիաթների գրեթե բոլոր հրատարակությունները՝ 1882 թվականից (առաջին գրքի հրատարակման տարեթիվը) մինչև մեր օրերը:

Տուն-թանգարանի ցուցասրահի պատերը զարդարում են Ջիվանու մանկությունը, զավակներին, ինչպես նաև աշուղի կյանքի ալեքսանդրապոլյան և թիֆլիսյան շրջանները ներկայացնող նյութերը՝ լուսանկարներ, ազդագրեր, ասույթներ, Տալյանների, Ջիվանու տոհմական և գերդաստանական տոհմածառերը և այլն: Աշուղի ժառանգների մասին նյութերը հարստացվել են Ջիվանու դուստր Հռիփսիմեի թոռան՝ երևանաբնակ Ջիվան Հակոբյանի, կարծախցի Գագիկ Վարդերեսյանի և այլոց աջակցությամբ:

Տուն-թանգարանի նյութերի հավաքագրման, մշակման և դասակարգման աշխատանքներին նպաստել են Գյումրիում ձևավորված աշխատանքային խմբի անդամները՝ երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը, թանգարանագետներ Պարույր Զաքարյանը, Ստեփան Տեր-Մարգարյանը, Սուսաննա Մնացականյանը և ուրիշներ:

Ցուցասրահի կենտրոնական մասում Ջիվանու կիսանդրին է, որի աջ և ձախ կողմերում տեղ են գտել աշուղի հանրահայտ ջութակն ու քյամանին: Կիսանդրու ետնապատը, որպես խորհրդանիշ Ջիվանու անմահ երգի («Ես մեկ ծառ եմ ծիրանի») և հայ ազգի հավերժության, ամբողջությամբ պարուրված է ծիրանենու պատկերով, որի վրա Ջիվանու ձեռագրով արտացոլված են աշուղի «Հովիկ» ջավախքաշունչ երգի քառատողերը: Ցուցասրահում առանձին տեղ են գրավում հայ և օտարազգի մեծերի լուսանկարները, ովքեր արժևորել են Ջիվանուն կամ իրենց կյանքով ու գործով սերտորեն կապված են եղել աշուղի հետ: Աշուղի երգերի տարբեր տարիների լավագույն կատարողներն ու մշակողները նույնպես ընդգրկված են ցուցադրությունում: Ցուցադրությունն ամբողջանում է Խոջիվանքում ամփոփված Ջիվանու տապանաքարի և Ջիվանու հիշատակը հավերժացնող աշուղական դպրոցի (հիմնվել է Երևանում՝ 1997 թ.), փողոցների և հուշարձանների պատկերներով:

Հուշային հատվածը վերականգնվել է՝ պահպանելով 19-20-րդ դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել այն ժամանակվա կենցաղային իրերով՝ հավաքված Կարծախից և հարակից գյուղերից:

Կարեն Խաչատրյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]