Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ փոխնախագահի պաշտոնը չի փոխելու մեր պայքարի թիրախները. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահի պաշտոնը չի փոխելու մեր պայքարի թիրախները. Իշխան 
Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում փոխնախագահի պաշտոնը չի փոխելու ընդդիմության առաջնահերթությունները, իրենց պայքարի թիրախները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը այս մասին վստահեցրեց իր ընտրության հարցի քննարկմանն ԱԺ ամբիոնից:

«Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված՝ ԱԺ-ի փոխնախագահի գործունեությունը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարավոր մեր զինակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրավացի են»,- ասաց Սաղաթելյանը:

Նա պնդեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած իշխանությունը պետք է հեռանա, գործող իշխանության հետ նա ապագա չի տեսնում:

«ԱԺ փոխնախագահ ընտրվելու դեպքում դառնալու եմ ընդդիմության ձայնը ԱԺ-ի նախագահությունում և խորհրդում: Լիարժեք իրացնելով փոխնախագահին տրված լիազորությունները՝ հակազդելու եմ այն բոլոր վտանգներն ու սպառնալիքներին, որոնք կանգնած եմ մեր պետականության առջև: Վստահ եղեք, որ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ոչ մեր առաջնահերթությունները, ոչ ընդհանուր պայքարի թիրախները, ոչ էլ օրակարգերը: Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ կապ չունի նստած կլինեմ նախագահությունում, թե ներքևում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կա»,- ասաց Սաղաթելյանը:

Նա ԱԺ փոխնախագահի աշխատանքը ևս մեկ լրացուցիչ գործիք է համարում ընդդիմության համար, որով հնարավոր է քաղաքական հարթակ բերել և հետապնդել ազգային պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր: Ըստ Սաղաթելյանի՝ իրենց ուժին քվեարկողները քվեարկել են ոչ միայն իրենց ԱԺ գործուղելու, այլ նախ և առաջ իրենց միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: «Թեև ընտրությունների միջոցով դեռևս մեզ չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ մեր  համատեղ պայքարը կանգ չի առել»,- ասաց նա ու շեշտեց՝ նպաստելու է  սփյուռքի հետ վստահության խորացմանը, խորացնելու է խորհրդարանի և Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների միջև գործակցությունը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]