Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Բալզակն»՝ առաջատար. հայ գրականություն, հուլիս, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Բալզակն»՝ առաջատար. հայ գրականություն, հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի բանական չէ՞, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Երկրորդ տեղում է Վահան Թոթովենցի «Բաքու»-ն: Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի խորհրդանիշ…

Երրորդ տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն հիմնական  ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Չորրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահաբար։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի դեպքում, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

Արեգ Ազատյանի «Ռոմանտիկները» գիրքը հինգերորդ տեղում է: Ազատյանի ժողովածուն ներառում է նրա վերջին շրջանի գործերը, որոնք կրկին հատկանշվում են այս գրողին բնորոշ պրիտչային ոճով:

Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպը վեցերորդ տեղում է: Չարենցի հակասական և բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիանա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի...»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։

Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները:

Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի...»:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» ութերորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Իններորդ տեղում է Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ»-ը: Ժողովածուում զետեղված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մի մեծ, ամբողջական պատմություն։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է. կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող դետալները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։

Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը տասներորդ տեղում է: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +5

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 69
2 -1 Վահան Թոթովենց «Բաքու» Էդիթ Պրինտ 60
3 +2

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 49
4 +4 Գոհար Նավասարդյան «Ինձ պիոններ չնվիրես» հեղ.հրատ 41
5 * Արեգ Ազատյան «Ռոմանտիկները» Անտարես 30
6 նոր Եղիշե Չարենց «Երևանի ուղղիչ տնից» Վերնատուն 28
7 +2

Վազգեն Սարգսյան

«Էս ի՞նչ եք անում, տղերք»

Վերնատուն 28
8 -5 Աշոտ Աղաբաբյան «Գաղտնիքների տիրակալը» հեղ.հրատ 28
9 * Լիլի Մկրտչյան «Թեյահոլիզմ» հեղ.հրատ 27
10 *

Հովիկ Աֆյան

«Կարմիր»

Անտարես 26

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]