1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԱԾ շենքի դիմաց են. կառույցի տնօրենից պահանջում են վերադարձնել իրենց զավակներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԱԾ շենքի դիմաց են. կառույցի տնօրենից 
պահանջում են վերադարձնել իրենց զավակներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք պահանջում են որոնողական աշխատանքների շրջանակում ձեռնարկվող քայլերն ավելի հստակեցում:

«Մենք պահանջում ենք, որպեսզի ստանանք մեր երեխաների աճյունները կամ, եթե ողջ են ու գերի են, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն ու հայրենիք վերադարձվեն: Հավաքվել ենք ընդամենը 1 դիվիզիոնի ծնողներով: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել, համագործակցում ենք բոլոր կառույցների հետ: Արդեն 10 ամիս է, ինչ անհրաժեշտ փաստեր, տվյալներ կան, տրամադրում ենք: 21 անհետ կորած զինծառայողից միայն 9-ի մասունքներն են գտնվել: Նրանցից ութինը նույնականացվել են, մեկինը՝ դեռ չի ստացվում»,- նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:

Խոսելով որդու վերաբերյալ վերջին տեղեկությունների մասին՝ նա նշեց, որ հոկտեմբերի 12-ին իրենց տղաներին տարել են Հադրութի շրջան, որն այդ ժամանակ արդեն գրեթե Արցախի ՊԲ հսկողության տակ չէր: Տղաները հրետանավորներ են եղել:

«Մեր տղաներին այնպիսի դիրքեր են տարել, որտեղից մի քանի հոգի են փրկվել: Մեկ սպա է եղել, որ մինչև վերջ մնացել է տղաների կողքին, և նրա ճակատագիրն էլ այժմ անհայտ է: Այս տեղեկությունները մենք ենք պարզել, դիմել ենք դատախազություն»,- ասաց նա:

Ծնողն ասաց, որ այդ ժամանակ վիրավորներ են եղել, հրամանատարը կապ է հաստատել ու հայտնել այդ մասին, սակայն ոչ ոք չի գնացել նրանց դուրս բերելու:

«Այնտեղ սպաներ են եղել, և փախուստի դիմելիս նրանք վրաերթի են ենթարկել մեկ զինծառայողի ու այդ վիճակում թողել են խրամատներում ու հեռացել: Այդ փաստի մասին տեղեկությունները քրեական գործում կան: Կազմակերպչական գործողությունները շատ վատ են իրականացվել»,- ասաց ծնողը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները 2 անգամ հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ, ով օգնելու խոստում է տվել, սակայն մինչ օրս այն չի կատարվել:

«Մենք պետք է այսօր մտնենք պարոն Աբազյանի մոտ և այդ հարցն էլ բարձրացնենք: Վերջին հանդիպումը եղել է հունիս ամսին: Նշեմ նաև, որ մեր երեխաների ուղղությամբ չի աշխատել ծանր հրետանի կամ ԱԹՍ-ներ, տեսանյութեր էլ կան, որ մարմիններն ամբողջական են»,- ասաց ակցիայի մասնակից ծնողը:

Լրագրողների հետ զրույցից հետո ծնողները մտան ԱԱԾ շենք, որտեղ աշխատակիցները սկսեցին ճշտումներ կատարել՝ արդյոք Աբազյանը կարո՞ղ է ընդունել նրանց:

Անհետ կորածների հարազատները ԱԱԾ շենք մտնելով՝ ասացին, որ այնտեղ են մնալու այնքան ժամանակ մինչև իրենց խնդրին լուծում տրվի: Լրագրողներին հորդորեցին դուրս գալ շենքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]