Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-25/21. Դաշնամուրներից մինչև ամենաարդյունավետ դեռահասներ

«Նոր գիրք»-25/21. Դաշնամուրներից մինչև ամենաարդյունավետ դեռահասներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Աղավնի Գրիգորյան, «Դաշնամուր»

Աղավնի Գրիգորյանի «Դաշնամուր» պատմվածքների ժողովածուի մեղեդին սահում է կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երևակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի է դարձնում մանկության քաղցրությամբ և արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելևէջները: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյան:ը

Թարգմանական գրականություն

Անրի Վերնոյ, «Մայրիկ»

Գիրքը պատմում է 1921 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ Մարսել տեղափոխված հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ընտանիքի պատմությունը՝ պարուրված սիրով և հոգատարությամբ։ Ազատ Զաքարյանը նավահանգիստ է իջնում ծնողների և երկու մորաքույրների հետ։ Ընտանիքի մեծերը շատ բաներից են իրենց զրկում երեխայի լավ կրթության և ինժեներ դառնալու համար։ Գիրքը լույս է ընծայել «Գրքամոլը», թարգմանել է Սոֆի Ավագյանը:

Մանկապատանեկան գրականություն
Դեյվիդ Լիչֆիլդ, «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը»

Ջութակահար Հեկտորն ու նրա շունը` Հյուգոն, մտերիմ ընկերներ են: Բայց երբ Հեկտորին թոշակի են ուղարկում, Հյուգոն ինքն է ջութակ նվագել սովորում: Շուտով նշանավոր երաժիշտ Արջը առաջարկում է նրան շրջագայել ու նվագել հազարավոր մարդկանց առաջ: Հյուգոն վաղուց էր երազում նման հնարավորության մասին: Կկարողանա՞ Հեկտորը մի կողմ դնել իր հպարտությունը և ուրախանալ Հյուգոյի համար… «Արջն ու դաշնամուրը» հանրահայտ գրքին հաջորդող այս անկեղծ պատմությունը սովորեցնում է, որ լավ ու վատ օրերն անցնում են, բայց ընկերությունը հարատև է: Թարգմանությունն անգլերենից` Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները` Դեյվիդ Լիչֆիլդի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Շոն Քովի, «Ամենաարդյունավետ դեռահասների յոթ սովորույթները»

Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային ժամանակաշրջանի համար՝ ինքնագնահատման և հաջողության այս դասական գիրքը դիտարկում է մշտապես արդիական 7 սովորույթների սկզբունքները դեռահասների՝ բարդ և շրջադարձային որոշումների կայացման համատեքստում: Քովին հետաքրքրական ոճով ներկայացնում է մի պարզ մոտեցում, որը կօգնի բարելավելու ինքնագնահատականը, ստեղծելու ամուր ընկերական հարաբերություններ, դիմադրելու շրջապատի ճնշմանը, հասնելու նպատակներին, լավ հարաբերություններ պահպանելու ծնողների հետ, ինչպես նաև դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին՝ կիբեռհանցագործությունների և սոցիալական մեդիայի ազդեցության պայմաններում: Ի լրումն այդ ամենի՝ այս գիրքը լի է իմաստուն ասույթներով, հիանալի մեջբերումներով և դեռահասների անհավանական, բայց իրական պատմություններով: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

 

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]