Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միջազգային իրավունքը ուժային ճանապարհով գնալու թույլտվություն չի տվել Ադրբեջանին. փորձագետը՝ Ալիևին

Միջազգային իրավունքը ուժային ճանապարհով գնալու թույլտվություն չի տվել 
Ադրբեջանին. փորձագետը՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հեճուկս Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները իրավունք կամ թույլտվություն չեն տվել Ադրբեջանին փորձ անելու լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը ուժային ճանապարհով, առավել ևս, երբ գոյություն է ունեցել միջազգայնորեն ընդունված բանակցային ձևաչափ՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի շրջանակներում հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և «ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու» պարտավորություն են ստանձնել բոլոր կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Շուշիում Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին՝ ընդգծելով, որ ռազմական ագրեսիան որևէ արդարացում չի կարող ունենալ:

«Միջազգային իրավունքի մեջ գոյություն չունի այդպիսի նորմ, որը թույլ է տալիս հակամարտությունները լուծել ուժային ճանապարհով: Դա մերժվում է գործող այն աշխարհակարգում, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», - «Արմենպրես»-ին ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետը:

Հովհաննիսյանի խոսքով՝ միջազգային իրավունքի նորմերը ենթադրում են, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Իսկ մասնավորապես Արցախի հիմնահարցի պարագայում միշտ եղել է բանակցային գործընթացը, և եղել են միջազգային խաղացողների կողմից հայտարարությունները, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

«Ադրբեջանը, իր այս ագրեսիվ հայտարարություններին զուգահեռ, անընդհատ փորձում է իրականությունն այնպես ներկայացնել՝ իբր Հայաստանն է սկսել ագրեսիան, և իրենք պատասխան գործողությունների են դիմել: Այսինքն՝ չեն ուզում բացահայտ ասել, որ պատերազմը հենց իրենք են սկսել և իրենք են ագրեսիվ կողմը, որովհետև միջազգային իրավունքն ագրեսորներին չի սիրում», - արձանագրում է վերլուծաբանը:

Այդուհանդերձ, Տարոն Հովհանիսյանը շեշտում է, որ մյուս կողմից, ցավոք, չկան կամ շատ թույլ են միջազգային այն պրակտիկ մեխանիզմները, որոնք կապահովեին նշված միջազգային պարտավորությունների կատարումը՝ զսպելով ադրբեջանական կողմի ռազմական նկրտումները: Հենց սա էլ, փորձագետի խոսքով, թույլ տվեց Ադրբեջանին իրականացնել 2020 թ. ագրեսիան և դրա համար փաստացի մնալ անպատիժ:

«Ըստ էության, սա այն է, ինչ կա դե ֆակտո: Իսկ դե յուրե նման բան գոյություն չունի, որ որևէ երկիր հակամարտությունները ուժային ճանապարհով լուծելու իրավունք է ստանում: Հակառակ դեպքում քաոս կտիրեր աշխարհում», - նշեց փորձագետը:

Օգոստոսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել էր, թե «իրադարձությունների ներկայիս ընթացքը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և միջազգային դերակատարների գործողությունները ցույց են տալիս, որ [Լեռնային Ղարաբաղի] հարցը երբեք չէր լուծվի բանակցությունների միջոցով»: Ալիևն ասել է, թե իբր միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, «պատմական արդարությունը», իրավունք են տվել Ադրբեջանին հարցը լուծել ռազմական ճանապարհով, եթե խաղաղ ճանապարհով չլուծվի:

 

Արամ Սարգսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]