Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-27/21. Բանաստեղծություններ, մայրաքաղաք, արջ․․․

«Նոր գիրք»-27/21.  Բանաստեղծություններ, մայրաքաղաք, արջ․․․

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Արմեն Բարխուդարյան, «Frisson»

Արմեն Բարխուդարյանի «Frisson» բանաստեղծությունների ժողովածուում հեղինակն անդրադառնում է տարբեր թեմաների։ Այն պատկերում է գաղթականի հոգու տառապանքները, նրա անդարձ կարոտը և վերադարձի բաղձանքը։ Բանաստեղծությունները յուրատեսակ մտորումներ են սիրո ուժի, հիասթափության, ապրելու ու արարելու ձգտման և այլ հարցերի շուրջ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն
Ռոբերտ Մենասե, «Մայրաքաղաք»

Ավստրիացի գրող Ռոբերտ Մենասեի «Մայրաքաղաք» վեպում ծավալվող իրադաձությունների կենտրոնում Եվրամիության վեց պաշտոնատար անձինքն են, որոնք պատասխանատու են Եվրամիության տարեդարձը նշելու նախապատրաստական աշխատանքների համար: Տոնակատարությունները նախատեսված են Օսվենցիմում, որտեղ շատերն առաջարկում են տեղափոխել Եվրոպայի քաղաքական մայրաքաղաքը: Բացի բարձր հասարակության ներկայացուցիչներից՝ վեպում կա նաև մարդասպան, որը սպանել է ինչ-որ կարևոր մեկին… Թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն
Մայքլ Բոնդ, «Փադինգթոն անունով արջուկը»

Փադինգթոն արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Թարգմանությունը` Լուսինե Հայրապետյանի, նկարազարդումները` Փեգի Ֆորթնումի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]