Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահության ջանքերին. Ուենդի Մորթնը՝ Արարատ Միրզոյանին

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահության 
ջանքերին. Ուենդի Մորթնը՝ Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ  Թագավորության (ՄԹ) Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ լուծման միջոցով: «Ուենդի Մորթոնն իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է նաև ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մասնավորապես՝  Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը:  Նա շեշտել է, որ Ադրբեջանի նման գործելաոճը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ ընդունելով գործընկերոջ շնորհավորանքներն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Արարատ Միրզոյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ՄԹ հետ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: 

Ըստ աղբյուրի՝ կլիմայի փոփոխության դեմ պետությունների ջանքերի համադրման համատեքստում զրուցակիցները կարևորել են այս տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովի (COP26) արդյունավետ անցկացումը և դրան հայկական կողմի մասնակցությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]