Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գրիգի «Հիսուսի կատուն» ընդգրկվել է HOTLIST մրցույթի տարվա տասը ընտրված գրքերի շարքում

Գրիգի «Հիսուսի կատուն» ընդգրկվել է HOTLIST մրցույթի տարվա տասը ընտրված 
գրքերի շարքում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արձակագիր Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը ներառվել է գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա տասը ընտրված գրքերի շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրողն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է, որ սկզբում 179 գրքից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդն ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը:

Գրիգը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են, ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին, գրքի թարգմանիչներ Վիեբկէ Զոլմանին և Անահիտ Ավագյանին՝ ընտիր թարգմանության և սրտացավ վերաբերմունքի համար: «Շնորհակալ եմ «Գյոթե» կենտրոնին, որովհետև ժողովածուի առաջին պատմվածքն առաջին անգամ գերմաներեն է թարգմանվել կենտրոնի գրական թարգմանչական ծրագրերից մեկի շրջանակում, և ընդհանրապես, «Գյոթե» կենտրոնն ինձ համար լավ ծանոթությունների և նոր ընկերներ գտնելու հնարավորություն ընձեռեց: Շնորհակալ եմ Նազարեթ Սեֆերյանին «Հիսուսի կատուն» գրքի անգլերեն հիասքանչ թարգմանության համար. այն իր ուրույն դերն ունեցավ գիրքը գերմաներեն թարգմանելու որոշման վրա: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Amalia և Werner van Gent-ներին և շվեյցարական Kolchis հրատարակչությանը: Շնորհակալ եմ իմ հրատարակիչ «Անտարեսի» ամբողջ թիմին` Արքմենիկ Նիկողոսյանի և Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Եվ, իհարկե, շնորհակալ եմ Գուրգեն Խանջյանին, ես միշտ շնորհակալ եմ Գուրգեն Խանջյանին, և կապ չունի կա առիթ, թե չէ»,- նշել է գրողը՝ լավ օր մաղթելով բոլորին:

«Հիսուսի կատուն» հրատարակվել է 2015 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով: Վերահրատարակվել է 2017 թվականին։

Խմբագիրը Գուրգեն Խանջյանն է, հրատարակման խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]