Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Կույսի համաստեղություն»-ն՝ առաջատար. հայ գրականություն, օգոստոս, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Կույսի համաստեղություն»-ն՝ առաջատար. հայ 
գրականություն, օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Սամվել Սևադայի «Կույսի համաստեղություն» բանաստեղծությունների ժողովածուն առաջին հորիզոնականում է։ Գրքում զետեղված են հեղինակի 190 բանաստեղծություններ, 7 գծանկար և 36 գեղանկարչական աշխատանք: Հեղինակի՝ ժողովածուում տեղ գտած ստեզծագործական տարբեր շրջանների բանաստեղծություններում ներկայացված են նրա հույզերն ու խոհերը:

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» երկրորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Աղավնի Գրիգորյանի «Դաշնամուրը» երրորդ տեղում է։ Գրիգորյանի պատմվածքների այս ժողովածուի մեղեդին սահում է կյանքի տարբեր՝ շոշափելի կամ երևակայական ստեղների վրայով, ընթերցողին լսելի է դարձնում մանկության քաղցրությամբ և արտագաղթի ցավով, երբեմն էլ՝ զուգահեռ աշխարհների հմայանքով թրթռացող ելևէջները:

Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը չորրորդ տեղում է: Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմության կենտրոնում մարդիկ են, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

Հինգերորդ տեղում է Վահան Թոթովենցի «Բաքու»-ն: Վեպում չքավորության մաքառումներով գոյատևող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ…

Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպը վեցերորդ տեղում է: Չարենցի հակասական և բուռն կյանքում հիշարժան է 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոն, երբ նա Մարիաննա Այվազյանի դեմ մահափորձի պատճառով հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի...»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։

Այս ինքնակենսագրական պատմությունը հեղինակի բանտարկության փորձառությունն է։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները:

Մհեր Իսրայելյանի «Մեն ու միակ մոլորակ» գիրքը յոթերորդ տեղում է։ Իսրայելյանի այս ժողովածուի պատմվածքները մարդու մասին են։ Պարզապես մարդու, որ ծնվում է ու մեռնում, որ ծիծաղում է և լաց լինում, որ ճաշակում է պատերազմի դառնահամն ու ըմբոշխնում խաղաղության բերկրանքը։ Հայաստանը սիրո կարոտ մեր փոքր հայրենիքն է, Երկիր մոլորակը՝ մեծ հայրենիքը։ Մարդկությանը միավորում է խաղաղ ու իմաստալից ապրելու երազանքը՝ այն մեն ու միակի վրա, որ պտտվում և դեռ երկար շարունակելու է պտտվել:

Անուշ Սարգսյանի «Անոն» ութերորդ տեղում է։ Սարգսյանի «Անոն» ժողովածուի պատմվածքներն ու համանուն վիպակը կյանքը և մարդկանց առավելապես զգացական ու հոգեբանական հատույթում ընկալելու և վերլուծելու գեղարվեստական իրացումներ են: Հեղինակը ստեղծում է հիշվող ու գունեղ կերպարներ, որոնք, անկախ իրենց կյանքի դժվարություններից, կյանքին հաղթելու նպատակադրումն ունեն: Հիմնական հերոսները կանայք են, որոնք նույն ընտանիքի տարբեր սերունդներ են՝ ժամանակի սեփական զգացողությամբ։ Կյանքի դրամատիզմը նրանց հերոսացման չի մղում, բայց նրանցից յուրաքանչյուրը ակամա լուծում է իր խնդիրը՝ սխրանքի սեփական ճանապարհը գտնելով։

Րաֆֆու «Խենթը» իններորդ տեղում է։ Րաֆֆու «Խենթը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել է Խ. Սամվելյանը)։ Կատարվել են աննշան սրբագրումներ և ուղղումներ:

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» տասներորդ տեղում է։ «Խաչագողի հիշատակարանը» հանրահայտ վեպի այս հրատարակությունն իրականացվում է գրողի երկերի 12-հատորյակի տեքստերի հիման վրա (պատրաստել են Խ. Սամվելյանն ու Գ. Գասպարյանը): Կատարվել են աննշան սրբագրումեր և ուղղումներ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Սամվել Սևադա

«Կույսի համաստեղություն»

Անտարես 60
2 *

Աշոտ Աղաբաբյան

«Մենակը»

հեղ․հրատ 47
3 նոր

Աղավնի Գրիգորյան

«Դաշնամուր»

Անտարես 25
4 +5

Հովիկ Աֆյան

«Կարմիր»

Անտարես 22
5 -3

Վահան Թոթովենց

«Բաքու»

Էդիթ Պրինտ 19
6 0

Եղիշե Չարենց

«Երևանի ուղղիչ տնից»

Վերնատուն 17
7 նոր

Մհեր Իսրայելյան

«Մեն ու միակ մոլորակ»

Անտարես 13
8 նոր

Անուշ Սարգսյան

«Անոն»

Անտարես 13
9 *

Րաֆֆի

«Խենթը»

Անտարես 12
10 *

Րաֆֆի

«Խաչագողի հիշատակարանը»

Անտարես 11

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]