1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Վարանդան» շարունակում է սրտեր գրավել. Լիբանանահայ Զաքար Քեշիշյանը հավատով ու վստահությամբ վերստին Արցախում է

«Վարանդան» շարունակում է սրտեր գրավել. Լիբանանահայ Զաքար Քեշիշյանը 
հավատով ու վստահությամբ վերստին Արցախում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում (Լիբանան) իրավիճակի սրման պատճառով անցյալ տարի Զաքար Քեշիշյանը չկարողացավ Հայաստան գալ: Ասում է՝ տնային կալանքի տակ էր մտավորականությունը, եւ անգամ փողոց դուրս գալու հնարավորությունն էր սահմանափակված: 1992-ից ի վեր առաջին անգամ այդպես էլ չհաջողվեց Շուշի այցելել, որտեղ նրա երկրորդ տունն է: Ինչ իմանար, որ 2020-ի սեպտեմբերի 27-ը աղետաբեր ու ճակատագրական է լինելու բերդաքաղաքի, իր ընտանիքի, սեփական օջախներից բռնի տեղահանված շուշեցիների, հազարավոր արցախցիների համար: Հիմա եկել է, բայց ստիպված է «շրջանցել» Շուշին

1992-ի մայիսին էր, երբ առնելով հայոց բերդաքաղաքն ազատագրելու ավետաբեր լուրը՝ մի խումբ ուսանողների եւ դասախոսների հետ (այն ժամանակ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում էր սովորում) շտապեց Արցախ: Շրջելով կրթամշակութային վաղեմի կենտրոնի կիսավեր փողոցներում՝ Շուշիում երգչախումբ ստեղծելու գաղափար հղացավ եւ ամիսներ անց վերստին այցելելով Արցախ՝ ձեռնամուխ եղավ «Վարանդայի» հիմնադրմանը: Եկավ, շուրջը հավաքեց բերդաքաղաքում նոր բնավորված ընտանիքների շնորհաշատ երեխաներին, եւ շատ կարճ ժամանակահատվածում կայացավ երգչախմբի առաջին համերգը մայրաքաղաքում, ապա՝ Շուշիում եւ Արցախի մյուս շրջաններում, որտեղ ցնծությամբ ընդունվեց երաժշտասերների կողմից: Հայ երգը դարձավ հաղթանակի, սիրո եւ միասնության, համերաշխության խորհրդանիշ: Ու «Վարանդան», հետզհետե հղկվելով ու կոփվելով, զորացավ եւ իր արժանի տեղը գրավեց Արցախի մշակութային կյանքում՝ ստանալով պետական կարգավիճակ:

Գոյության գրեթե 30 տարվա ընթացքում երգչախումբը, որ հարյուրավոր ելույթներ է ունեցել Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում, բնականաբար, սերնդափոխվել է, սակայն երբեք չի կորցրել իր դիմագիծը՝ շնորհիվ խմբավար եւ գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի: Ընդամենը երկու ամիս առաջ այցելելով Ստեփանակերտ՝ նա որոնումների արդյունքում հավաքագրեց Հայաստանում եւ Արցախում ապաստանած շուշեցի երեխաներին ու միանգամից համերգային երկու ծրագիր պատրաստեց: «Բացակաների» շարքը մասնակիորեն լրացրեց Դիզակից բռնի տեղահանված ընտանիքների երաժշտասեր պատանիներով ու աղջիկներով: Հաճելիորեն զարմանում ես, թե այդքան սեղմ ժամկետում ինչպես է նրան հաջողվել ոչ միայն վերականգնել «Վարանդայի» թիմը, որի կազմում 90 երգիչ կա, այլեւ պահպանել կոլեկտիվի ոգեւորությունն ու կենսունակությունը:

Արդեն մի քանի օր է, ինչ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում արվեստասերները վայելում են երգչախմբի ելույթները, եւ ջերմ ծափերից ու ոգեշնչող խոսքերից փայլում են հավատով լեցուն երեխաների հայացքները: «Այս տարվա «Ղողանջ հիշատակի, երախտիքի ու վերապրումի» եւ «Երգող Արցախ» համերգային զույգ ծրագրերն առաջին հերթին իմ հոգու ճիչն են, հարգանքի եւ սիրո, խոնարհումի արտահայտությունը բոլոր նահատակների հիշատակի առաջ: Խոր վիշտ եմ ապրում, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվել են երգչախմբի սաներից 5-ը: Խոնարհվում եմ եւ այն քաջերի առաջ, ովքեր զենքը ձեռքներին այսօր հսկում են հայրենիքի սահմանները, ռուս խաղաղապահների հետ ապահովում ժողովրդի անվտանգությունը, ինչը պատվի խնդիր է,- ասում է Զաքարը:- Անշուշտ, հպարտանում եմ Արցախում այսօր ապրող, զրկանքներն ու դժվարությունները հաղթահարող, վաղվա ազատ ու անկախ երկրի նկատմամբ հավատը երբեք չկորցնող իմ քույրերով ու եղբայրներով, ովքեր կորստի ցավը հոգում խեղդելով՝ ամուր են պահում արցախցու անկոտրում կամքն ու ոգին, շարունակում պայքարել ու արարել: Իսկ որքան էլ  դավադիր ու նենգ թշնամին փորձի հայաթափել Արցախը, դա նրան չի հաջողվի, քանի որ աշխարհի ողջ հայությունն է նրա թիկունքին»:

Ըստ Զ. Քեշիշյանի՝ 44-օրյա պատերազմում պարզվեց, որ «ինչքան էլ անհատ հայրենասերներ ունեինք, ունեինք խորհող իմաստուններ, մեր հավաքական, հայրենասիրական ոգին, մտային մակարդակը չէին համապատասխանում մեր պատկերացումներին»: Ահա թե ինչու անհրաժեշտ է դասեր քաղել մեր հին ու նոր պատմությունից, եռամիասնություն կերտել՝ հանուն գալիք սերունդների վաղվա օրվա՝ չկորցնելով հավատը արդարության հաղթանակի նկատմամբ: «Որքան էլ որ դաժան լինի ճակատագիրը, պարտավոր ենք ապրել եւ արարել, թշնամու աչքի առաջ վերակառուցենք եւ զորացնենք մեր երկիրը, այն դարձնենք ծաղկուն ու բարգավաճ, որպեսզի մեր բազում նահատակների թափած արյունն անօգուտ վատնված չլինի»,- ասում է նա:

Զրույցի ժամանակ Զաքարը խոստովանեց, որ չնայած Շուշիի ժամանակավոր կորստով Արցախի մշակութային կյանքին ծառայելու վայրը փոխվել է, բայց իր համոզմունքները նույնն են մնացել: Նա վստահ է. «Շուշիում ծնունդ առած եւ սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ղողանջներով սնված ու զորացած «Վարանդան» կրկին կազդարարի հայոց հինավուրց բերդաքաղաքի ավետիսը եւ Աստծո կամքով մի օր կհանգրվանի նրա գրկում»...                   

Դավիթ  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 Ստեփանակերտ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]