1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար

Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները թեեւ կանցկացվեն 2023 թ., սակայն տարբեր հետազոտական կենտրոններ պարբերաբար սոցիալական հարցումներ են անցկացնում քաղաքացիների շրջանում՝ պարզելու քաղաքական ուժերի վարկանիշը։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նախագահ Էրդողանի եւ նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշն անկում է գրանցել։ Այսպես՝ թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ ԱԶԿ-ի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների ընդամենը 25.4 տոկոսը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է հարցվածների 18.5 տոկոսի, ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությունը՝ 11.5 տոկոսի աջակցությունը։ Աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) ստացել է հարցվածների 8.7 տոկոսի աջակցությունը, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը՝ 9.8 տոկոսի։ Հարցման արդյունքների համաձայն՝ ԱԶԿ-ի եւ ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը ստացել է հարցվածների 34 տոկոսի, իսկ ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքը՝ 32 տոկոսի ձայները:

«Metropoll»-ի հիմնադիր Օզեր Սենջարը վարկանիշի նման անկումը բացատրել է անտառային հրդեհների, ջրհեղեղների եւ աֆղան փախստականների մեծ հոսքի հանգամանքով, որոնք բոլորը միասին մեծ ազդեցություն են ունեցել։ Համեմատության համար նշենք, որ թուրքական առաջատար հետազոտական «Konda» կենտրոնի՝ անցած տարվա վերջին անցկացրած հարցման արդյունքներով ԱԶԿ-ն ուներ ընտրողների 39.8 տոկոսի աջակցությունը, իսկ նրա կոալիցիոն դաշնակից «Ազգային շարժումը»՝ 9.8 տոկոսի:

Հուսադրող չեն նաեւ Եվրասիայի հանրային հետազոտությունների կենտրոնի (AKAM)՝ օգոստոսի 21-ին անցկացրած հարցման արդյունքները. մասնավորապես՝ ԱԶԿ-ն չի անցել 30 տոկոսի շեմը (29.1), իսկ կուսակցության եւ երկրի նախագահ Էրդողանը վարկանիշով զիջել է բոլոր մրցակիցներին։ «Էրմենիհաբերի» տեղեկացմամբ, թուրքական «Yeneylem» սոցիոլոգիական կազմակերպության համաձայն՝ Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել 32.6 տոկոսը, իսկ հարցվածների 56.9 տոկոսը դեմ է արտահայտվել նրա թեկնածությանը։ Խորհրդարանական ընտրությունների դեպքում ԱԶԿ-ին ձայն կտա հարցման մասնակիցների 35.8 տոկոսը, 21.9 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությանը, 11․6 տոկոսը՝ ընդդիմադիր, ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությանը, 8.5 տոկոսը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, իսկ 6.1 տոկոսը՝ «Գորշ գայլերի» քաղաքական թեւը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը։ Բավական ցածր վարկանիշ ունեն նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի ընդդիմադիր «Ժողովրդավարություն եւ առաջընթաց» (ընդամենը՝ 1.2 տոկոս) կուսակցությունը եւ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագայի կուսակցությունը» (0.5 տոկոս)։

«İyi» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, հարցազրույցներից մեկում անդրադառնալով ընդդիմության կողմից նախագահի միասնական թեկնածուի ներկայացմանը, նշել էր, որ 2018-ի ընտրություններին յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն մասնակցեց իր նախագահի թեկնածուով, ինչը օգնեց Էրդողանին հաղթել ընտրություններում: Կարելի է ենթադրել, որ իշխող կոալիցիոն ուժի եւ նրա առաջնորդների վարկանիշի անկումը, իսկ մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերի վարկանիշի բարձրացումը կարող են նպաստել, որ ընդդիմադիրները հանդես գան միասնական թեկնածուով։ Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական, «Լավ», «Երջանկության» եւ դեմոկրատական կուսակցություններից կազմված «Ազգային դաշինքը» հաղթել էր 2019 թ. Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանների ընտրություններում՝ միավորելով ուժերը եւ առաջադրելով մեկ թեկնածու:

Թեեւ ԱԶԿ-ի եւ Էրդողանի վարկանիշը անկում է գրանցել, սակայն քաղաքական դաշտում այն դեռեւս ուժեղ մրցակից չունի։ Վերջին տարիներին ստեղծված կուսակցությունները, որոնք ղեկավարում են Թուրքիայի նախկին պաշտոնյաները, օրինակ՝ Դավութօղլուն, Ալի Բաբաջանը եւ այլք, չունեն բավարար կշիռ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պանթուրքիստական բեւեռի՝ ԱԶԿ-ի եւ նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության, իսկ մյուս կողմից՝ Ժողովրդահանրապետական կուսակցության եւ «Լավ» (İyi) կուսակցության միջեւ տեղի ունեցող պայքարում վերջիններս դեռեւս բավարար ուժ չունեն հաղթելու համար։ Նորաստեղծ կուսակցություններն առանձնապես ազդեցություն չունեն, քանի որ վերոնշյալ երկու բեւեռն իրենց ձեռքն են պահում քաղաքական կյանքի հիմնական լծակները։

«Իրական պայքարն ընթանում է այս երկուսի միջեւ, ուղղակի առաջին անգամ վերջին մի քանի տարիների ընթացքում Ժողովրդահանրապետական կուսակցության վարկանիշը որոշ հարցումներով մոտեցավ Էրդողանի կուսակցության վարկանիշին։ Նման բան դեռ չէր եղել, որովհետեւ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը միշտ ակնհայտ առավելություն ուներ»,- ասաց նա՝ այդ հանգամանքը բացատրելով Թուրքիայում առկա տնտեսական ծանր վիճակով, որտեղ բավական արագ գնաճ է տեղի ունենում, մեծ թիվ է կազմում գործազրկությունը, իսկ զբոսաշրջությունն էլ մեծ հարված ստացավ անցած տարի համավարակի, այս տարի՝ բնական աղետների հետեւանքով։

Բնակչության ուշադրությունը երկրի տնտեսական լարված իրավիճակից շեղելու համար Էրդողանն օգտագործում է արտաքին ագրեսիվ քաղաքականությունը։ «Թուրքիան վերջին տարիներին դրսեւորում է ծավալապաշտական եւ ագրեսիվ քաղաքականություն, զինված ուժեր է տեղադրում երկրի սահմաններից դուրս, ռազմաբազաներ է ստեղծում, սակայն կգա մի ժամանակ, երբ Թուրքիայի ռեսուրսներն այլեւս չեն հերիքի այդ քաղաքականության իրականացման համար։ Վերջիվերջո, այդ երկիրը գերտերություն չէ, բայց նրա վարած քաղաքականությունն այլեւս տարածաշրջանային չէ, դուրս է գալիս այդ սահմաններից»,- ասաց Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ եթե շարունակվի նման քաղաքականությունը (իսկ այն կշարունակվի), ապա կգա այն պահը, երբ ներքին զարգացումների առումով Թուրքիան կկանգնի բավական լուրջ ճգնաժամի առջեւ եւ տնտեսական առումով չի դիմանա։

Թուրքիայի մեծ հավակնությունների մասին է վկայում նախագահ Էրդողանի «Հնարավո՞ր է ավելի արդար աշխարհ» (Daha Adil Dünya Mümkün) վերնագրով գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրեր առաջ՝ սեպտեմբերի 6-ին։ «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ՝ գրքում Թուրքիայի նախագահը շեշտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բարեփոխումների անհրաժեշտության մասին: Էրդողանը զարգացնում է այն գաղափարը, որ Անվտանգության խորհրդի ներկա կազմը չի արտահայտում ուժերի իրական դասավորությունը։ «Աշխարհը հինգից ավելին է» միտքը ցույց է տալիս ներկայիս Թուրքիայի եւ նրա ղեկավարի՝ սահմաններ չճանաչող ու չընդունող հավակնությունները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]