Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

ՀՀ և Ավստրիայի խորհրդարանների նախագահները մանրամասն քննարկել են ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները

ՀՀ և Ավստրիայի խորհրդարանների նախագահները մանրամասն քննարկել են 
ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: Կողմերը մանրամասն քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը կարեւորել է Վոլֆգանգ Սոբոտկայի ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջնային է համարում միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

«Նա ընդգծեց, որ չնայած COVID-19-ի առաջացրած խոչընդոտներին՝ բավական ակտիվ համագործակցություն է եղել խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ: Այս համատեքստում ԱԺ նախագահը շրջադարձային համարեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործողության մեջ մտնելը, ինչը նոր հեռանկարներ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ կատարվել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության բանակցություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով, ինչը թույլ է տալիս մեր երկրին վարել հավասարակշռված եւ ճկուն արտաքին քաղաքականություն:

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ իր հերթին Վոլֆգանգ Սոբոտկան բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական ձեռքբերումները, ինչի վառ ապացույցն են նաեւ վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նշվել է, որ մեր երկիրը ողջունում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ամրապնդելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու, տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ Արցախի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակում լուծելու գործում Ավստրիայի ջանքերը:

Վոլֆգանգ Սոբոտկան համոզմունք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում: Կողմերը մանրամասն քննարկել են Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների շուտափույթ ազատմանն առնչվող անելիքները: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանականներին 2020թ. աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում իրենց խորհրդարանում ագրեսիան դատապարտող քննարկումների եւ հայտարարությունների համար: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]