Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Հայաստանը և Վրաստանը նոր դինամիկա են հաղորդում երկկողմ հարաբերություններին. փորձագետը՝ Փաշինյանի այցի մասին

Հայաստանը և Վրաստանը նոր դինամիկա են հաղորդում երկկողմ 
հարաբերություններին. փորձագետը՝ Փաշինյանի այցի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացագետ Ջոնի Մելիքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի կապակցությամբ հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին: Խոսելով հայ-վրացական հարաբերությունների զարգացման ընդհանուր դինամիկայի մասին՝ նա նշել է, որ իր տպավորությամբ պաշտոնական Թբիլիսին երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ցանկությամբ պատասխան ազդակներ է ուղարկում Երևանին:

«Նախկինում Երևանից ազդակները միշտ եղել են՝ վերափոխելու, վերանայելու, ավելի խորացնելու հարաբերությունները Վրաստանի հետ, բայց Թբիլիսիում արձագանքն այդքան էլ հստակ չի եղել կամ այլ կերպ է պատասխանը տրվել: Այսօր կարելի է արդեն հստակ ասել, որ ազդակներ կան, փոխադարձ են, պարզապես պետք են հստակ ծրագրեր, որոնց իրագործումն արդեն կվերանայի, կվերափոխի մեր հարաբերությունները»,- ասել է Ջոնի Մելիքյանը:

Զրուցակիցը շեշտել է, թե շատ կարևոր է, որ փոփոխվող տարածաշրջանում և այն իրավիճակում, երբ անվտանգության հարցերը դեռևս լուծված չեն, պայթյունավտանգ վիճակը պահպանվում է, իսկ Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու, Հայաստանը իր գործընկերների միջից առանձնացնի ընկերներին և փորձի նրանց հետ համատեղ օրակարգ ձևավորել:

Հայ-վրացական հարաբերությունները, Մելիքյանի խոսքով, հենց այդ համատեքստի մեջ են մտնում, և շատ կարևոր է, որ կողմերը նոր դինամիկա են փորձում hաղորդել հարաբերություններին:

«Շատ կարևոր էին հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ թե՛ բաց և թե՛ փակ ձևաչափով, ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց նաև նախարարներն էին մասնակցում, հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ: Եվ շատ կարևոր է, որ այս այցից հետո լինեն որոշակի քայլեր, որոնք թարմություն կտան երկկողմ օրակարգին, նոր նախագծեր, նոր ուղղություններ կբերեն երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգ»,- մեկնաբանել է փորձագետը:

Նրա խոսքով՝ նմանատիպ այցերը հնարավորություն են տալիս հետ նայելու և ամփոփելու արված աշխատանքը, նախանշելու գալիք ծրագրերը: Փաշինյանի պաշտոնական այցը, Մելիքյանի կարծիքով, նաև դրան է միտված՝ հնարավորություն տալով իմաստավորելու թե՛ հայ-վրացական հարաբերությունները, թե՛ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները, և ըստ դրա առաջ շարժվելու և նախաձեռնելու նոր նախագծեր:

«Դրանց մասին ևս ակնարկ եղել է: Ըստ իս՝ այդ հետաքրքրությունը երկկողմանի է. կողմերի մոտ կա շահագրգռվածություն: Թե՛ Երևանը, թե՛ Թբիլիսին այս ուղղությամբ աշխատելու են և իրենց լուման կներդնեն այսպիսի նախագծերի իրականացման գործում»,- ասել է զրուցակիցը:

Ջոնի Մելիքյանը նկատել է, որ անվտանգության բաղադրիչը միշտ էլ առանցքային տեղ է զբաղեցրել հայ-վրացական բանակցություններում: Մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը բոլոր բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Երևանը տեղյակ էր պահում Թբիլիսիին Ղարաբաղյան խնդրին առնչվող բոլոր զարգացումների մասին՝ ներկայացնելով իր դիրքորոշումները:

«Արցախյան հարցը փակ չէ, բայց, զուգահեռաբար, Հայաստանը, շեշտը դնելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, հայտարարում է, որ պատրաստ է տարածաշրջանային կայունության հաստատմանը և նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը: Խոսքը տարբեր ենթակառուցվածքների, ապաշրջափակման մասին է: Երևանի «մեսիջը» շատ հստակ է՝ այս փուլում Հայաստանը կանի իրենից կախված ամեն ինչ, որ տարածաշրջանն ավելի կայուն ու անվտանգ լինի և զարգանա, ինչը թույլ կտա՝ այդ թվում Հայաստանին, տնտեսական օգուտ ստանալու և լուծում գտնելու պատերազմից հետո առաջացած բոլոր խնդիրներին: Այդ պրոցեսից կօգտվեն նաև հարևանները և առաջին հերթին հենց Վրաստանը», - նշել է վրացագետը:

Ջոնի Մելիքյանը նաև բացատրել է այն հանգամանքը, թե ինչու է Վրաստանը ակտիվորեն հետաքրքրվում Հայաստանի հետ տնտեսական և տրանսպորտային մեծ ծրագրերի իրականացմամբ: Նրա խոսքով, եթե կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունները՝ Վրաստանը կկորցնի իր մենաշնորհային դիրքը՝ որպես տարանցիկ կապ և ճանապարհներ տրամադրող երկիր: Այդ պատճառով, ապագա տնտեսական կորուստները փոխհատուցելու նպատակով, Վրաստանը փորձում է դուրս չմնալ տարածաշրջանային զարգացումներից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել վրացի պաշտոնակցի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային հարցերը՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող:

Վրաստանի վարչապետը նախ և առաջ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ ասելով, որ դա Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր դարաշրջան բացելու լավ հնարավորություն է: Ղարիբաշվիլու խոսքով՝ ղարաբաղյան վերջին պատերազմը բարդ մարտահրավեր էր տարածաշրջանի համար, բայց ծանոթանալով Հայաստանի վարչապետի նոր տեսլականին՝  հավատում է, որ այդ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության:

«Մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս»,- շեշտել է Վրաստանի վարչապետը՝ հիշեցնելով, որ իր երկիրը վերջերս գործով է ապացուցել իր կայունացնող և խաղաղությանը նպաստող դերը՝  իր միջնորդությամբ նպաստելով Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձին հայրենիք:

Հայաստանի վարչապետն իր հերթին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել վարչապետ Ղարիբաշվիլուն հունիսի 15-ին հայ գերիների հայրենադարձման գործում աջակցելու համար: Շարունակելով վրացի գործընկերոջ միտքը՝ Փաշինյանը հայտնել է, որ վրացական կողմի հետ քննարկման մի հսկայական մասը նվիրված է եղել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին: Փաշինյանը և Ղարիբաշվիլին համակարծիք են այն հարցում, որ Հայաստանն ու Վրաստանը տարանցիկ երկրներ դառնալու մեծ ներուժ ունեն, որը հարկավոր է մեծացնել: Այդ առումով, ըստ Փաշինյանի, հիմա իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկվում են ծրագրեր, և Հայաստանի վարչապետը վստահ է, որ հնարավոր լուծումներից երկու կողմերին կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը։

Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ:

 

 Հարցազրույցը վարել է Արամ Սարգսյանը

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]