Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Վիրավոր Սպիտակն ու Գյումրին 33 տարի անց, կամ ի՞նչ խնդիրների են բախվում սեյսմիկ վտանգավոր գոտում ապրողները

Վիրավոր Սպիտակն ու Գյումրին 33 տարի անց, կամ ի՞նչ խնդիրների են բախվում 
սեյսմիկ վտանգավոր գոտում ապրողները

ՍՊԻՏԱԿ-ԳՅՈՒՄՐԻ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենադաժան ու ամենածանր օրերից մեկն է: Անցել է 33 տարի, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ Սպիտակի երկրաշարժից առաջացած վերքերը դեռևս մնում են և՛ Սպիտակում, և՛ Գյումրիում, և՛ հարակից գյուղերում ու քաղաքներում: 25 հազար մարդու կյանք խլած Սպիտակի երկրաշարժի ժամանակ, եթե բնակչությունն ավելի պատրաստված լիներ, շենքերն էլ՝ ավելի որակյալ կառուցված, ապա այն այդքան ավերիչ չէր լինի, և զոհերն էլ շատ չէին լինի:

«Արմենպրես»-ի նկարահանող խումբը եռօրյա այցով գտնվում էր Շիրակի և Լոռու մարզերում, որտեղ այցելել էր «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության» (JICA) և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացվող Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի շրջանակում նյութ պատրաստելու նպատակով:

Առաջին օրը Սպիտակում էինք, որտեղ մեզ դիմավորեցին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Միշա Թամամյանն ու Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանը: Նրանց հետ զրուցել ենք 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ 33 տարվա ընթացքում կատարված աշխատանքների, խնդիրների, նորակառույց շենքերի սեյսմակայունության, տնակային ավանների և դրանցում ապրող քաղաքացիների և մի շարք այլ հարցերի մասին:

Նույն օրն արդեն ուղևորվել ենք Գյումրի, որտեղ հաջորդ օրը հարցազրույցներ ենք ունեցել փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի, ինչպես նաև ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ, ովքեր նույնպես ներկայացրին քաղաքի խնդիրները սեյսմակայունության, տնակային ավանների և այլնի վերաբերյալ: Գյումրու տնակային ավաններում զրուցել ենք նաև մի քանի բնակչի հետ, ովքեր իրենց մտահոգությունները հայտնեցին ապրելու պայմանների, առաջիկայում որևէ այլ վայր տեղափոխվելու և այլ հարցերի շուրջ: Մարզային այցելությունից հետո վերադարձել ենք Երևան, որտեղ նույնպես հարցազրույց ենք ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի հետ։

Վիրավոր Սպիտակը 33 տարի անց շարունակում է ապրել

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Միշա Թամամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց քաղաքում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո կառուցվել են 3 և 4-հարկանի սեյսմակայուն շենքեր: Երկրաշարժից առաջ կառուցված 5-հարկանի շենքերից մի քանիսը մնացել են կանգուն և չեն փլուզվել, այս տարիների ընթացքում դրանք ամրացվել են:

«Ընդհանուր առմամբ, Սպիտակում կա բազմաբնակարան 113 շենք, որոնք ունեն 1 076 բնակարան: Ներկայում, մեր քաղաքում առկա շենքերի 90 տոկոսը կառուցվել է 1988 թվականի երկրաշարժից հետո: Սեփական բնակելի տներն ընդհանուր թվով 2 425-ն են»,- նշեց Թամամյանը:

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանն էլ, ներկայացնելով շենքերի ամրությունն ու անվտանգ լինելը, ընդգծեց, որ բոլորը սեյսմակայուն են:

«Մեր քաղաքում շենքերը կառուցված են այնպես, որ կդիմանան մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին: Այն շենքերը, որոնք երկրաշարժի ժամանակ չեն քանդվել՝ ուժեղացվել են և տվյալ պահին սեյսմիկ անվտանգ են: Սպիտակում ունեինք փայտաշեն 2 հանրակացարան, որոնք քանդման ենթակա էին, քանի որ պիտանիության ժամկետն ավարտվել էր: Այժմ, փոխարենը կառուցվում է մեկ նոր սոցիալական բազմաբնակարան շենք, որտեղ լինելու է 36 բնակարան: Համայնքի համար սա առաջնային խնդիրներից է եղել, որպեսզի մեր բնակիչներին ապահովենք ավելի լավ և պատշաճ պայմաններով»,- ասաց Արման Ավետիսյանը և հավելեց, որ շինարարությունը կավարտվի 2022 թվականին:

Մեր լուսանկարչի և համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելեցինք նոր կառուցվող շենքի տարածք, որտեղ ծանոթացանք աշխատանքներին: Այդ հատվածում լինելու են նաև խաղահրապարակ, ավտոկայանատեղի, զրուցարաններ, պահակակետ, շենքի ջեռուցումն էլ անհատական է նախատեսված: Հանրակացարանների տեղում կառուցվող շենքի բնակարանները քաղաքացիներին տրամադրվելու են օգտագործման իրավունքով և ոչ սեփականության: Տարածքի հարակից փողոցն էլ ասֆալտապատվելու է:

Սպիտակում շենքերը կառուցվել են Լինսի հիմնադրամի, պետական բյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Քաղաքում չկան սեյսմիկ ոչ կայուն շենքեր, բոլորն ամրացված են կամ նորակառույց և համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

«Մեր գերխնդիրն այժմ տնակային ավաններն են և դրանցում ապրող քաղաքացիների հարցը: Ընդհանուր առմամբ փաստագրվել է մոտ 1 200 տնակ, և այժմ Կառավարության որոշման հիման վրա կմշակվեն ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն: Շենքերը կառուցելիս, որպես սեյսմիկ գոտի, մեր շինարարները և նախագծող ընկերությունները պահպանում են բոլոր նորմերը, նախագծերի հիման վրա էլ կառուցվում են շենքերը: Համայնքում բազմաբնակարան շենքերը հիմնականում կառուցվել են 1997-1998 թվականներին, իսկ վերջին շինարարությունը եղել է 2007-ին՝ կառուցվել է Եռանկյունի թաղամասը, որտեղ կա 10 շենք՝ 176 բնակարանով: Տարիներ առաջ կառուցվել է նաև Վարպետաց թաղամասը, որտեղ կա 220 անհատական տուն»,- ասաց Արման Ավետիսյանը:

Սպիտակում մինչև երկրաշարժը եղել են մի շարք գործարաններ՝ ալրաղաց, վերելակաշինական, շաքարի, ռետինատեխնիկական իրերի, ինչպես նաև հացամթերքի կոմբինատ, կարի արտադրական միավորում, տրիկոտաժի, կոշիկի ֆաբրիկաներ և այլն:

Սպիտակն ավերվել է 100 տոկոսով, իսկ Գյումրին՝ 60

Սպիտակում հարցազրույցների և նկարահանումների շարքն ավարտելուց հետո, երեկոյան մենք ուղևորվեցինք Գյումրի։ Այնտեղ պլանավորած հարցազրույցներ ունեինք փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի, ինչպես նաև Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանի հետ։ Այդ հարցազրույցները սկսեցինք արդեն հաջորդ օրը։

Նազարեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սպիտակի երկրաշարժի հետևանքով էպիկենտրոնին մոտ գտնվող բնակավայրերում, քաղաքներում եղել են տարբեր աստիճանի ավերածություններ:

«Մասնագետները համարում են, որ Սպիտակն ավերվել է 100 տոկոսով, իսկ Գյումրին՝ 60։ Հանրապետության երկրորդ քաղաքում փլուզվել է բնակելի 147 շենք, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 5 դպրոցական շենք: Սպիտակում զոհվել է 4 003, իսկ Գյումրիում՝ շուրջ 17 000 մարդ: Երեխաների զոհվելն ամենամեծ ողբերգությունն է եղել մեզ համար։ Գյումրիում այդ զոհերի թիվը հասել է մինչև 4 500-ի, 2 000 երեխա այդ պահին դպրոցներում են եղել»,- ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը։

Նա պատմեց, որ երկրաշարժից հետո, առաջին տարիներին, շատ արագ տեմպերով էր շինարարությունն ընթանում, Խորհրդային Միությունը ցանկանում էր գումար տրամադրել մոտավորապես 12.5 մլրդ ռուբլի, սակայն իրացվեց դրա 50 տոկոսից պակաս մասը, քանի որ ԽՍՀՄ-ը փլուզվեց:

Նազարեթյանի խոսքով՝ աղետի գոտուն մեծ վնաս էր հասցրել նաև այն, որ ՀՀ-ն գտնվում էր շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։ Աղետի գոտի բեռները հիմնականում գալիս էին Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան, իսկ մարդկանց տեղափոխումը կատարվում էր մարդատար գնացքներով՝ Վրաստանի տարածքով: Այսպիսով, մեզ համար լուրջ խնդիրներ էին առաջանում։ Անհրաժեշտ էր նաև անօթևաններին բնակարաններով ապահովել, որոնց թիվը հասնում էր շուրջ 400 հազարի»,- ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդականն ու հավելեց, որ միայն Գյումրիում փլուզվել է 21 հազար 500 բնակարան, իսկ 33 տարվա ընթացքում կառուցվել է 23 հազարը:

1988-ից հետո, Ռուսաստանից, Ղազախստանից և Ուկրաինայից շուրջ 24 հազար շինարար է եկել ՀՀ, որպեսզի օգնեն վերականգնել երկրաշարժից վիրավորված բնակավայրերը։ Այդ շինարարներն աշխատել են 1,5 տարի, սակայն եթե մի փոքր ավելի երկար ժամանակ մնային, օրինակ՝ 2-3 տարի, ապա, ինչպես շեշտեց Նազարեթյանը, անօթևանության խնդիրը կլուծվեր: Նա ընդգծեց, որ հիմնական խնդիրը Գյումրիում էր, քանի որ Սպիտակում բնակարանների խնդիրը շատ արագ է լուծվել, բնակչության թիվն էլ փոքր էր, իսկ Վանաձորում ավերվածությունները բավականին քիչ են եղել: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդականը վստահեցրեց, որ Գյումրիում այսօր արդեն գրեթե ամբողջությամբ լուծված է անօթևանության խնդիրը, ինչպես նաև կրթական հաստատություններն են վերականգնված ու նորերը նույնպես կառուցվել են:

«Պատճառը, որ դեռևս 100 տոկոսով այդ հարցը լուծված չէ, այն է, որ 33 տարվա ընթացքում, այն ժամանակվա երեխաներն արդեն մեծացել են, ընտանիքներ են կազմել, իրենց էլ է անհրաժեշտ բնակարաններով ապահովել, բայց մի փոքր դժվար է, սակայն հարցը մշտապես մեր պետության, համայնքի ուշադրության կենտրոնում է և մնում է գերակա ուղղություն»,- նշեց նա:

Աղետի գոտում, այս տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ չի վերականգնվել արդյունաբերությունը, միայն մի քանի գործարան է այժմ աշխատում, այն էլ՝ փոքր ու միջին։

«Սպիտակում բազմաթիվ գործարաններ կային՝ շաքարի, վերելակաշինական, ալրաղաց կոմբինատ և այլն։ Գյումրիում կար տեքստիլ կոմբինատ, որտեղ շուրջ 8 000 հոգի էր աշխատում, բացի այդ, կար նաև հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային, ինչպես նաև քարհատ գործարաններ։ Երկրաշարժից հետո դրանցից ոչ մեկը չշարունակեց աշխատել, քանի որ մի կողմից շենքերի մի մասը վթարային էր կամ ամբողջովին փլուզված, մյուս կողմից էլ մեծ գումարների հետ է կապված նորից դրանք վերականգնելը։ Արդյունաբերականից Գյումրին ու Սպիտակը վերածվեցին մանր ու միջին արտադրամասերով քաղաքների»,- ասաց Նազարեթյանը։

Սեյսմիկ ծառայությունը զբաղվել ու զբաղվում է աղետի գոտում կառուցվող շենքերի անվտանգությամբ

Մասնագետը վստահեցրեց, որ սեյսմիկ ծառայությունը հատուկ զբաղվել և զբաղվում է այն խնդրով, որ աղետի գոտում շենքերը հատուկ ամրությամբ ու սեյսմակայուն կառուցվեն։ Ծրագիրը կոչվում է «Քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի քարտեզի կազմում»։ Նրա պնդմամբ՝ բոլոր շենքերն ուսումնասիրվել են ու ըստ խոցելիության բաժանվում են տարբեր աստիճանների։

«Մասնավոր տներում ապրողների դեպքում զոհեր քիչ են եղել, նույնիսկ փայտաշենների դեպքում։ Զոհերի մեծ մասը եղել է 9 հարկանի կարկասային շենքերում, որոնք դասվում են 111 սերիային (կառուցման ամենավատ տեսակն է, Երևանում էլ բազմաթիվ նման շենքեր կան՝ թվով 400)։ Դրանց 85 տոկոսն անմիջապես երկրաշարժից փլուզվել են, մնացած 15 տոկոսն էլ այնպես էին վնասվել, որ ենթակա էին քանդման։ Այժմ Գյումրիում նման շենքեր չկան, բարձրահարկ շենքերից  մնացել են միայն Գյումրու Բուլվարային թաղամասում, որտեղ կա 6 բարձրահարկ շենք, որոնք չեխական նախագծով են կառուցված և 1988-ին աննշան են վնասվել»,- ասաց Նազարեթյանը։

Գյումրիում կա վթարային 3-րդ աստիճանի մինչև 4 հարկանի 88 շենք, որոնք ամրացման կարիք ունեն։ Նոր հիմնված Անի և Մուշ թաղամասերում շենքերն ամուր են կառուցված։ Մասնագետը հավաստիացրեց, որ այսօրվա նորակառույց շենքերը սեյսմակայուն են և կարող են դիմանալ մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։

Գյումրիում երկրաշարժից հետո կառուցվել է ավելի քան 20 հազար բնակարան

Սերգեյ Նազարեթյանի հետ բովանդակալից զրույցից հետո, հարցազրույցի հաջորդ կանգառը Գյումրու քաղաքապետարանն էր, որտեղ զրուցեցինք փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի հետ։ Նա նշեց, որ իրենց քաղաքում այժմ կա 750 բազմաբնակարան շենք, որոնցից 92-ը երկրաշարժից առաջ են կառուցված եղել։

«Գյումրիում երկրաշարժից հետո կառուցվել էր 18 հազար բնակարան, դրանից հետո շինարարությունը շարունակվել էր, և 2010 թվականին կառուցվել 1 056-ը, իսկ 2012-ին էլ՝ 1 756-ը։ Ընդհանուր առմամբ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո կառուցվել է 20 812 բնակարան»,- ասաց Սուլթանյանը։

Անօթևանության խնդիրն աստիճանաբար լուծվում է

Գյումրիում անօթևանության խնդիրը լուծելու համար իրականացվել են մի շարք ծրագրեր։ Ստեղծվել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի միջոցով 30 բնակարան տրամադրվել է անօթևան քաղաքացիներին։ Ծրագիր է իրականացվում նաև «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ, որը վերջին երկու տարում մոտ 41 սոցիալական բնակարան է հատկացրել, 9 բնակարան էլ համայնքապետարանն է գնել ու տրամադրել խիստ կարիքավոր ընտանիքներին։

«Ներկայում անօթևանների ցուցակում հերթագրված է 284 ընտանիք, 146-ն էլ ժամանակին փաստաթղթեր չեն ներկայացրել, և իրենց հերթագրման աշխատանքն իրականացվելու է դատական կարգով։ Ցավոք, ունենք նաև տնակային ավաններ, որտեղ կա 2 781 տնակ։ Այստեղ հիմնականում ոչ թե անօթևան մնացած անձինք են բնակվում, այլ բազմանդամ ընտանիքների մի մասը։ Այսպես է եղել, օրինակ. տրամադրված 1-2 սենյականոց բնակարանում չեն տեղավորվել կամ այլ համայնքներից են եկել Գյումրի, այժմ էլ ապրում են տնակներում։ Մեր համայնքի համար այդ տնակային ավանները լուրջ խնդիր են, մենք մշտապես քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի բոլորին ապահովենք բնակարաններով ու ազատվենք այդ տնակներից»,- նշեց Գյումրու փոխքաղաքապետը։

Նա ընդգծեց, որ այժմ բոլորը հաշվառվել են, տարբեր խմբերի են բաժանվել, ուսումնասիրվել են պատճառներն ու պայմանները, թե ինչպես են հայտնվել տնակներում։ Այդ ամենը գույքագրման տեսքով ներկայացվել է Կառավարություն, որպեսզի պետությունը հնարավորության սահմաններում լուծի խնդիրը։ Տնակային ավանների բնակիչներին բնակարանով ապահովելուց հետո, տնակներն ապամոնտաժվում են, տարածքներն էլ բարեկարգվում են։

Համայնքապետարան-բնակիչներ կապը բավականին սերտ է

Սուլթանյանը շեշտեց, որ ուժեղ երկրաշարժի դեպքում, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպման համար գոյություն ունի հատուկ պլան։ Ըստ դրա, պաշտպանության միջոցառման կազմակերպման ժամանակ կա համայնքապետարանի, տարածքային կառավարման մարմինների, համայնքապատկան կառույցների, փրկարար ուժերի կատարվելիք գործողությունները հստակ ձևակերպված և սահմանված են։ Կա նաև ժամանակացույց։

«Սերտ համագործակցում ենք Արտակարգ իրավիճակների հակաճգնաժամային կենտրոնի հետ, և յուրաքանչյուր ՀՈԱԿ ու համայնքապետարանի աշխատակից մասնակցում է ԱԻՆ-ի կողմից կազմակերպված դասընթացներին։ Այդ կերպ նրանք էլ փոխանցում են դասընթացների արդյունքները ուսումնական հաստատություններում, մշակույթի օջախներում և այլ կառույցներում»,- նշեց Սուլթանյանը։

Ամենամեծ դասը, որ Գյումրին քաղել է երկրաշարժից հետո՝ կառուցել ամուր շենքեր

Փոխքաղաքապետը պնդում է, որ Գյումրին 1988-ից հետո մեծ դասեր է քաղել, որոնցից ամենամեծը եղել է այն, որ ցանկացած շինություն կառուցվի ամուր ու ամենակարևորը՝ լինի սեյսմակայուն։ Նրա խոսքով՝ պետք է հնարավորինս խուսափել 33 տարի առաջ տեղի ունեցածից, որպեսզի աղետի դեպքում քաղաքը հողին չհավասարվի ու հնարավորինս կանգուն մնա։

«Բացի նրանից, որ մեծ ուշադրություն ենք դարձնում շենքերի ամրությանը, ժողովրդին էլ պարբերաբար իրազեկում ենք, թե երկրաշարժի ժամանակ ինչպես պահեն իրենց, առաջինն ինչ քայլեր ձեռնարկեն, որպեսզի զոհերը քիչ լինեն։ ԱԻՆ-ի հետ նախադպրոցական հաստատություններում իրականացվում են նաև փորձնական տարհանումներ»,- ասաց Սուլթանյանը։

Համայնքապետարանը շատ լավ համագործակցում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը կից Շիրակի մարզի կառույցի և Հակաճգնաժամային կենտրոնի հետ։ Փորձում են հնարավորության սահմաններում միշտ զգոն պահել թե քաղաքացիներին, թե իրենք իրենց։

Տնակների բնակիչները փոքր-ինչ կիսվեցին իրենց պատմություններով

Սուլթանյանի հետ հարցազրույցից հետո լուսանկարչի և քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հետ ուղևորվեցինք տնակային ավաններ, ինչպես նաև Մուշ թաղամաս, որի հարևանությամբ 2 նոր 4-հարկանի շենք էր կառուցվում։ Այդտեղ լինելու են նաև մանկապարտեզ, խաղահրապարակ, ավտոկայանատեղի։ Այդ տարածքում բուռն շինարարություն էր ընթանում։ Շենքերը կրկին կառուցվում են սեյսմիկ նորմերին համապատասխան։

Գյումրու տնակային ավաններից մեկով քայլելիս հանդիպեցինք 85-ամյա Արմենակ Մալխասյանին։ Նրա հետ զրուցելիս պարզ դարձավ, որ իրեն երկրաշարժից հետո տրամադրվել է բնակարան, սակայն այն վաճառել են ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով։

«Այժմ տնակում եմ ապրում, որը տարիների ընթացքում բարեկարգել եմ, քարաշեն կառույց եմ դարձրել։ Այժմ այստեղ ապրում ենք 6 հոգով՝ ես, որդիս, հարսս, թոռնիկս, ծոռնուհիս ու ծոռնուհուս երեխան։ Մոտ 2 տարի առաջ դիմել ենք համայնքի ղեկավարությանը, որպեսզի կրկին բնակարանով ապահովեն, ասել են, թե կզբաղվեն այդ հարցով, սակայն դեռևս սպասում ենք։ Այսպես էլ ենք ապրում, չեմ բողոքում»,- նշեց պարոն Մալխասյանը։

Մեկ այլ բնակիչ՝ 36-ամյա Շուշանիկը, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ իր ամուսնու ընտանիքն այդ տնակում ապրել է 1990-ականներից։ Ինքն էլ 2007 թվականից է այդ տուն հարս եկել։

«Ամուսնուս ընտանիքը Գյումրու Եռանկյունի թաղամասում է ապրել, շենքերն այնտեղ ամբողջովին փլուզվել են։ Երկրաշարժից մոտ 2 տարի անց բնակարան են ստացել, սակայն վաճառել են, քանի որ ընտանիքի անդամներից մեկն առողջական խնդիրներ է ունեցել, և գումար է անհրաժեշտ եղել»,- ասաց Շուշանիկն ու հավելեց, որ բնակարանի վաճառքից հետո կրկին վերաբնակվել են տնակում։ Այժմ 4 հոգով են ապրում այդ տան մեջ՝ ինքը, ամուսինը և երկու երեխան՝ 13 տարեկան Սերգեյն ու 6 տարեկան Զիտան։ Նրանք նույնպես բնակարան ստանալու համար դիմել են համայնքին, դեռևս սպասում են պատասխանի։

ՀՀ բնակֆոնդում կա շուրջ 19 000 բազմաբնակարան շենք

Շիրակի և Լոռու մարզերում հարցազրույցների ավարտից հետո մենք վերադարձանք Երևան, որտեղ էլ հարցազրույց վարեցինք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի հետ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ ՀՀ տարածքի ընդհանուր բնակֆոնդում կա շուրջ 19 000 բազմաբնակարան շենք, որոնցից 614-ի տեխնիկական վիճակն, առկա եզրակացությունների համաձայն,  անբավարար է ճանաչված:

«Այդ 614-ից 524-ի տեխնիկական վիճակն անբավարար է, իսկ մնացած 90 շենքը ենթակա են քանդման: Տեխնիկական լեզվով եթե խոսենք, ապա 524 շենքն ունեն վնասվածության 3-րդ աստիճան, դրանք հնարավոր է վերակառուցել, որպեսզի բերվեն բավարար վիճակի: Մնացած 90-ը 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, և դրանք պետք է ապամոնտաժվեն, քանի որ ինչ աշխատանք էլ արվի՝ նորմատիվային վիճակի հնարավոր չէ բերել»,- նշեց Արզումանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ընդհանուր բնակֆոնդի 3,2 տոկոսն է եզրակացությունների համաձայն ճանաչվել անբավարար: Դրանք հիմնականում կենտրոնացած են Երևանում (120 շենք), Լոռու և Շիրակի մարզերում (համապատասխանաբար՝ 149 և 123 շենք):

Լոռու և Շիրակի մարզերում 1988-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, հատկապես խորհրդային տարիներին կառուցված շենքերն ավելի են թուլացել: Վանաձորում 86 շենք 3-4-րդ աստիճանի վնասվածություն ունի, իսկ Գյումրիում՝ 97: Երևանում նման շենքերը 120-ն են, ամենաշատը Աջափնյակ վարչական շրջանում են, ինչպես նաև Էրեբունիում և Շենգավիթում»,- ասաց Արզումանյանը:

Բացի բազմաբնակարան ֆոնդից, Հայաստանում կա նաև 1 200 և ավելի անհատական տուն, որոնք 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, ինչը հիմնականում եղել է բնական տեխնածին աղետների՝ սողանքի, երկրաշարժի պատճառով:

*  *  *

Ամփոփելով այս ամենը՝ ընդհանուր առմամբ կարող ենք եզրակացնել, որ եթե շենքերն ավելի որակով կառուցված, մարդիկ ավելի իրազեկված լինեին ու փորձառու մասնագետներ ունենայինք, ապա երկրաշարժի զոհերի ու վիրավորների թիվն այդքան մեծ չէր լինի։ ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ հոգում է այն մասին, որ մարդիկ ավելի իրազեկված լինեն ու արտակարգ իրավիճակի ժամանակ հստակ իմանան, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։ Դասընթացներ են անցկացվում ուսումնական հաստատություններում՝ սկսած մանկապարտեզներից, մինչև ուսումնարաններ։ Պետությունն այդ ամենից մեծ դասեր է քաղել և տարեցտարի ուժեղացնում է ԱԻ նախարարությունը, հատկապես, հրշեջ-փրկարարական ծառայությունը՝ տրամադրում հատուկ տեխնիկա, ինչպես նաև զինում ավտոպարկը։ Այսօր կառուցվող բոլոր շենքերն էլ համապատասխանում են միջազգային նորմերին, սեյսմակայուն են ու կարող են դիմանալ անգամ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։

Կարող ենք ասել նաև, որ չնայած մարդկանց իրազեկելու կառավարության և ԱԻՆ-ի քայլերին՝ այդ աշխատանքները դեռևս լիարժեք ցանկալի արդյունք չեն տվել: Կառավարությունն այդ աշխատանքները կատարելագործելու, բնական աղետների դեպքում առաջին անհրաժեշտ քայլերը մարդկանց առավել հասանելի դարձնելու ուղղությամբ անելիքներ դեռ ունի:

Այս հոդվածը պատրաստվել է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցությամբ իրականացվող "Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի" շրջանակներում։ 

ԶԼՄ-ների քարոզարշավի շրջանակներում արված լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է ՃՄՀԳ-ին, և ԱԻՆ-ն իրավունք ունի օգտագործել դրանք ուսումնական նպատակով։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]