Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խաչվերաց․ Քրիստոսի հաղթական խաչի տոնը. «Արմենպրես» Փոդքաստ

Խաչվերաց․ Քրիստոսի հաղթական խաչի տոնը. «Արմենպրես» Փոդքաստ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի՝ սեպտեմբերի 12-ին, տոնում է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Եվ այդ առիթով Արմենպրեսի տաղավարում իմ հյուրն է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը

Մենք կփորձենք մանրամասնել և մեկնաբանել, որն է Խաչվերացի տոնի խորհուրդը և բուն իմաստը

Խաչվերաց նշանակում է Խաչը վեր բարձրացնել ի տես քրիստոնյա աշխարհի: Այս տոնը Տիրոջ խաչափայտի հիշատակության, փառաբանման  տոնն էՀայ եկեղեցիներում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը.

«Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում։

Տոնի հիմքում պատմական իրադարձություն է: 614 թվականին Պարսից Խոսրով թագավորը գրավում է Երուսաղեմը` գրեթե հիմնովին ավերելով այն: Պարսիկները նյութական և հոգևոր արժեքների հետ գերեվարում են նաև Տիրոջ Խաչափայտը և տանում Պարսկաստան: Տասնչորս տարի անց, Բյուզանդիայի Հերակլ կայսրը մեծ զորքով շարժվում է Պարսից երկիր` վերադարձնելու Փրկչի Խաչափայտը: Բյուզանդացիները խաչն ազատում են գերությունից և հանդիսավոր թափորով տանում Երուսաղեմ: Թափորն անցնում է նաև պատմական Հայաստանի Կարնո գավառով: Երեք տարի Պոլսում մնալուց հետո , կայսրն այն անձամբ Երուսաղեմ է տանում և ուսի վրա դրած բարձրացնում սուրբ Հարության տաճար` ի տես բոլոր քրիստոնյաների: Հենց այդ ժամանակից էլ մեծ հանդիսավորությամբ նշվում է Սուրբ Խաչի գերությունից վերադարձի ու բարձրացման տոնը: Խաչվերացը հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Ըստ Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան: Հայկական շատ եկեղեցիներ անվանակոչված են Սուրբ Խաչ անունով: Խաչվերացին տեղի են ունենում բազմաթիվ ուխտագնացություններ, հատկապես դեպի Սուրբ Խաչ անունով եկեղեցիներ: Խաչվերացի տոնին երեկոյան ժամերգությունից հետո մեր եկեղեցու ծիսակարգի համաձայն կատարվում է  Ս. Խաչի վեր բարձրացման հանդիսավոր արարողությունԿենաց փայտի մասունք պարունակող խաչը զարդարվում է ռեհանով և բազմերանգ ծաղիկներով: Կատարվում է անդաստանի արարողություն, քահանան  վարդաջուր է ցողում հավատացյալների վրա և խաչի նշանով օրհնում աշխարհի 4 ծագերը` Տիրոջից հայցելով խաղաղություն ու բարօրություն: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար: Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է»։

Տաթև Զաքարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]