Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Տիգրան Մանսուրյանի «Քավարանը» Ռավեննայում ջերմ ընդունելության է արժանացել

Տիգրան Մանսուրյանի «Քավարանը» Ռավեննայում ջերմ ընդունելության է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված համերգների շրջանակում սեպտեմբերի 12-ին Ռավեննայի փառատոնին հնչել է նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Քավարան» (Purgatorio) ստեղծագործությունը: Այն գրվել է Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» hամանուն մասի հիման վրա:

Համերգը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին: Երեկոյին ներկա է եղել մաեստրո Մանսուրյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասաց, որ համերգը հրաշալի է անցել: Նա խոստովանեց, որ նման բարձրակարգ կատարում շատ քիչ է լսել: «Այն, ինչ արեց Ռիկարդո Մուտին իր նվագախմբի, երգչախմբի, բարիտոն Գուրգեն Բավեյանի և թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, ուղղակի հրաշալի էր: Այդքան լավ հնչողություն շատ քիչ եմ լսել: Եղել են լավ կատարումներ, բայց նման բան քիչ է եղել: Ես շատ-շատ գոհ եմ երեկվա համերգից ու կատարումից: Ունկնդիրը ևս գոհ էր ու շատ լավ ընդունեց «Քավարանը»: Կարծում եմ՝ Դանթեի մահվան 700-րդ տարելիցին ծնվել է իմ լավագույն ստեղծագործություններից մեկը»,- նշեց կոմպոզիտորը:

Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուռյանը, որը մեծ դերակատարություն է ունեցել համերգի կայացման գործում, հիշեցրեց, որ Ռավեննայի փառատոնն Իտալիայի խոշորագույն մշակութային իրադարձություններից է և մեծ համբավ է վայելում աշխարհում նաև դիրիժոր Ռիկարդո Մուտիի շնորհիվ:

«Փառատոնի հետ համագործակցում եմ 1990-ականներից: Լինելով Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն՝ կենտրոնի, որն ունի երաժշտական մասնաճյուղ, աշխատում եմ Իտալիայի և ոչ միայն կարևոր երաժշտական կառույցների հետ: Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցի առիթով Ռիկարդո Մուտին շատ ցանկացավ համագործակցել Տիգրան Մանսուրյանի, թավջութակահար Ջիովանի Սոլիմայի հետ, որը նաև կոմպոզիտոր է և հրաշալի կատարեց «Քավարանի» թավջութակի հատվածը»,- պատմեց Լուռյանն ու հավելեց, որ Սոլիման երաժշտություն  է գրել «Աստվածային կատակերգության» «Դժոխք»  հատվածի համար, իսկ  «Դրախտ» հատվածի հիման վրա ստեղծագործությունը հեղինակել է Վալենտին Սիլվեստրովը:

Մինաս Լուռյանը հիշեցրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո որոշել են Ռավեննայի փառատոնի համերգներից մեկը կազմակերպել Հայաստանում: Երեկոն տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային թատրոնում, և Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ հնչել է Մանսուրյանի «Քավարանը»:

«Մուտին որոշեց, որ ղեկավարելու է միայն Մանսուրյանի ստեղծագործությունը, իսկ մյուս գործերը կղեկավարեն առավել երիտասարդ դիրիժորներ»,- ընդգծեց Լուռյանն ու տեղեկացրեց, որ առաջիկայում Իտալիայում ևս մի քանի համերգ է սպասվում:

Սեպտեմբերի 14-ին համերգ է նախատեսվում Ֆլորենցիայի օպերային թատրոնում, իսկ սեպտեմբերի 15-ին՝ Վերոնայի Ֆիլհարմոնիկ սրահում:

Վերադառնալով սեպտեմբերի 12-ի համերգին՝ Լուռյանն ասաց, որ բացօթյա երեկոն հրաշալի է անցել: Մոտավորապես հազար և ավելի ունկնդիր է եղել: Երաժիշտները փայլուն հնչողություն են ապահովել, և համերգը չի տարբերվել փակ դահլիճներում կազմակերպված երեկոներից:

«Մեծ էր Ռիկարդո Մուտիի կշիռն ու դերակատարությունը: Այս մակարդակով քիչ հայ հեղինակների գործեր են գրվում ու կատարվում միջազգային հարթակում: Մեծ պարծանք էր բոլորիս համար»,- շեշտեց նա ու հավելեց, որ  համերգին ներկա են եղել  մի շարք պետական պաշտոնյաներ, որոնք շնորհավորել են Մանսուրյանին:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]