Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Գործարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և թեստավորմանն առնչվող խնդիրներ

Գործարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներին և 
թեստավորմանն առնչվող խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում տնտեսվարության պատշաճ կազմակերպման, վարակի տարածման դեմ անհարժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանի գործնականում կիրառության խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահության հեռագնա նիստում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԳՄ-ից, ընդհանուր իրավիճակը ներկայացրել է միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ արտահայտելով հանրապետության գործարարների մոտեցումները։ «Գործարար շրջանակներում տեսակետներն ամենատարբեր են. ոմանք կարծում են, որ իրավիճակի կարգավորման համար հարկ է առավել խիստ պահանջներ դնել, իսկ մյուսները գտնում են, որ առաջադրված քայլերը կիրառման և իրավական առումով խնդիրներ կարող են առաջացնել։ Ուստի կարիք կա հանգամանալի վերլուծելու իրավիճակը, քննարկելու մասնագետների մոտեցումները՝ անհրաժեշտ գործնական քայլեր մշակելու նպատակով»,- նշել է Արսեն Ղազարյանը։

Ըստ աղբյուրի՝ նիստի մասնակիցներին ներկայացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու նպատակով տարբեր երկրների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին ՀԱԳՄ փորձագետների կազմած տեղեկանքը, որին հաջորդել է բուռն քննարկում։  

ՀԱԳՄ-ի տեղեկացմամբ՝ գործարարները ներկայացրել են այն նախապատրաստական քայլերը, որոնք իրականացնում են հոկտեմբերի 1-ից գործող պահանջների ապահովման ուղղությամբ՝ բացատրական աշխատանք աշխատակիցների շրջանում, ՊՇՌ-հետազոտության անցկացման նպաստավոր պայմանների ստեղծում, դրա հետ կապված ծախսերի փոխհատուցում։ «Բարձրաձայնվեցին այն հնարավոր խնդիրները, որոնց հետ կբախվեն գործարարները՝ իրավական հիմնավորումներ, արտադրական գործընթացների խաթարում, սպասարկման ոլորտում սպասվող բարդություններ, կադրերի արտահոսք։ Մտահոգություն հնչեց, թե արդյոք հանրապետությունում առկա լաբորատորիաները կկարողանա՞ն միանգամից սպասարկել ակնկալվող մեծ թվով մարդկանց։  Հստակության կարիք ունեն նաև առաջարկվող կանոնակարգման գործունեության ժամկետները»,- հայտնում են ՀԱԳՄ-ից՝ հավելելով, որ 

նիստի մասնակիցները ներկայացրել են իրավիճակի կարգավորման իրենց առաջարկները։

ՀԱԳՄ նախագահության նիստին հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներ, ովքեր ներկայացրեցին իրենց կառույցի վերահսկողական գործառույթներն ու գործիքակազմը, պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

Նշվում է, որ միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձել է ՀԱԳՄ կողմից վերջին ամիսներին ծավալած գործունեությանը։ Նա գոհունակությամբ արձանագրել է ՀՀ ֆինանսների նախարարի  հետ ձեռք բերված ամենամսյա հանդիպումներ ունենալու պայմանավորվածությունը, որոնց իրենց մասնակցությունը կունենան նաև տնտեսության համար պատասխանատու այլ պետական գերատեսչությունների ղեկավարներն ու մասնագետները։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]