Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոռուպցիայի դեմ պայքարը տեղափոխվում է գործուն դաշտ․ մեկնարկեց «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը

Կոռուպցիայի դեմ պայքարը տեղափոխվում է գործուն դաշտ․ մեկնարկեց «Հայաստանի 
բարեվարքություն» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկեց «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն մեկնարկեց «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում։

Ծրագիրը ՀՀ-ում կաջակցի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և առկա հակակոռուպցիոն մեխանիզմներին՝ երևույթը կառավարական օղակներում բացառելու համար։

Հաջորդ 5 տարվա ընթացքում ծրագիրը կկենտրոնանա երեք հիմնական ուղղությունների վրա։ Դրանք են կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ինստիտուտների հզորացումը, կոռուպցիան կանխարգելող իրավական և վարչական նորմերի կիրառելիությունը խթանելը, ինչպես նաև հասարակական պահանջի առաջացմանն ու զգոնության բարձրացմանը նպաստելը՝ կոռուպցիայի կանխարգելման մեջ ներգրավված տեղական և կենտրոնական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ամրապնդելու համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտնեց, որ իրենց համար առանցքային է օրենքի առջև բոլորի հավասարության և կոռուպցիայից զերծ կառավարման համակարգ կերտելը։

«ԿԿՀ-ն, որպես պետական ինստիտուտ, մեծ դեր և առաքելություն ունի այս գործընթացում՝ չեզոքացնելու և կանխարգելելու մեր երկրում ժողովրդավարական պետության կայացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը՝ կոռուպցիան։ Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ ԿԿՀ-ի կողմից արձանագրված արդյունքները խրախուսում են ավելի մեծացնել մեր օժանդակությունը և մեր համագործակցությունը»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ այսօր պաշտոնապես մեկնարկում է «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը։

Նա հայտնեց, որ 2020 թվականին առաջին անգամ ներդրված բարեվարքության ստուգման գործընթացի միջոցով հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել պետական պաշտոնի նշանակման ավելի քան 90 թեկնածուի՝ դատավորի, դատախազի, ԲԴԽ անդամների, հակակոռուպցիոն կոմիտեի անդամների եկամուտների, աշխատանքային և կրթական գործընթացներում դրսևորված բարեվարքության առնչությամբ։

Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում տեղափոխվում է նոր փուլ՝ ավելի գործուն դաշտ։

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը շեշտեց, որ կարևորում է ծրագիրը և հույս հայտնեց, որ քննարկումը հնարավորություն կտա ավելի արագ ինտեգրվելու ոլորտային առանձնահատկություններին։

«Առաջնահերթությունների համատեքստում հարկ է նշել, որ Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանված են 2019 թվականի հոկտեմբերին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրում։ Որպես հիմնական առաջնահերթություն նախանշվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթն ազգային ժողովի կողմից ընդունվել է։ Առաջիկա շաբաթում կնշանակվի նաև նախագահը, ինչից հետո կսկսվի կոմիտեի ձևավորման գործընթացը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ իրենք ոգեշնչված են ՀՀ կառավարության՝ կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցմամբ (կանխարգելում, իրազեկում և հետապնդում)։

«Բարեվարքության ծրագիրը», որպես ԱՄՆ ՄԶԳ առաջնային հակակոռուպցիոն նախաձեռնություն, մի շարք շահառուների շրջանում կաջակցի նաև ԿԿՀ-ին և Արդարադատության նախարարությանը պետական ոլորտում բարեվարքությունն ամրապնդելու համար»,- ասաց Թրեյսին։

Ծրագրի ղեկավար Լորենս Հելդը հայտնեց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ կոռուպցիան որպես սոցիալական նորմ մերժելու մշակույթի ստեղծման գործում։

«Կոռուպցիայի կանխարգելման մեթոդների զարգացման և կիրառման գործում մենք աշխատում ենք կառավարության առանցքային մարմինների հետ, ինչպիսիք են ԿԿՀ-ն և Արդարադատության նախարարությունը։ Բացի այդ, մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների, մեդիային և երիտասարդության՝ ՀՀ-ում բարեվարքությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու և հանրայնացնելու իրենց ջանքերում»,- ասաց Հելդը։

Համաժողովից հետո տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]