Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Մշակութային տոն երեխաներին. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն ամփոփում է արդյունքները

Մշակութային տոն երեխաներին. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 
փառատոնն ամփոփում է արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը, չնայած կորոնավիրուսով պայմանավորված դժվարություններին, կարողացավ իր առջև դրված խնդիրներն իրականացնել՝ 40 (և ավելի) օր մշակութային տոն պարգևելով երեխաներին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ամփոփելով փառատոնի արդյունքները՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ օգոստոսի սկզբին մեկնարկած միջոցառումն անցկացվել է բավական հագեցած ծրագրով՝ հարմարվելով կորոնավիրուսային իրավիճակին:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իրականացվեց երկու փուլով՝ հիբրիդային նոր օֆլայն և օնլայն ձևաչափերով: Մենք նպատակ էինք դրել շարունակել ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը՝ Երևանից դեպի մարզեր՝ հատկապես սահմանամերձ, և Արցախ: Ցանկանում էինք ստեղծել նպաստավոր պայմաններ՝ օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար: Նպատակ ունեինք վերջիններիս ակտիվ ներգրավվածության և մասնակցության շնորհիվ փոքր-ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստել ստեղծված մթնոլորտի բարելավմանն ու առողջացմանը»,- նշեց Նունե Մանուկյանը:  

Երևանում, Տավուշում, Գեղարքունիքում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում իրականացվել են ֆիլմերի օֆլայն ցուցադրություններ, եղել են պրեմիերաներ: Ցուցադրություններ են կազմակերպվել դպրոցներում, նախակրթարաններում, ամառային ճամբարներում, եղել են վարպետության դասեր, քննարկումներ, հանդիպումներ ՝ մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին:

Շուրջ  43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել էր 73 ֆիլմ՝ 27 երկրից: «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Թռչնակը» անիմացիոն ֆիլմը: «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էին 9 ֆիլմեր, որոնցից լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը», լավագույն կարճամետրաժ՝ «Միգրանտներ» անիմացիոն ֆիլմերը:         «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 5 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Տերևը» ֆիլմը: «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 3 ֆիլմ, որոնցից հաղթող է ճանաչվել «Ծիածանի լեգենդը» անիմացիոն ժապավենը:

«Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմեր, հաղթող է ճանաչվել «Ապակե տղան» ֆիլմը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմը:

Այս նախագծի ղեկավար Արուսյակ Զախարյանը նշեց, որ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի աշակերտների նկարահանած «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմը եռագրություն է, երեք մասից յուրաքանչյուրը նվիրված է մեկ կարևոր բաղադրիչի՝ արցախյան մշակույթ, մարդ՝ զինվորի տեսքով, որը պայքարել է անվտանգության և հայրենիքի համար, ինչպես նաև եկեղեցին:

«Այս երեք կարևոր բաղադրիչները ժամանակի քննությանը միշտ դիմացել են, և մենք չէինք կարող չանդրադառնալ դրանց: 16 հոգուց բաղկացած խումբը կարողացավ ստեղծել այս ֆիլմը: Հանդիսատեսի մրցանակին արժանանալն ամենահուզիչն է, ուրեմն կարող ենք հասել, որ այն հասել է դիտողին»,-ասաց Արուսյակ Զախարյանը:  

 «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Աղբ» ֆիլմը: «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 11 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Շումի ոդիսականը» ֆիլմը:

«Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Միան և սպիտակ առյուծը» ֆիլմը: «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Հորթուկը» ֆիլմը:

«Գրան պրի» մրցանակին է արժանացել «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը (ռեժ.՝ Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց):

«Շնորհակալ ենք նման բարձր գնահատականի համար: Գնահատված լինել սեփական տանը, սեփական հողում, կարծում եմ, որ ամենակարևորն է: Այս մրցանակը կմիանա «Անահիտ» ֆիլմի մրցանակին, որը կրկին «Ռոլան» փառատոնում ենք ստացել: Շնորհակալ եմ և հույս ունեմ, որ ձեզ դեռ կուրախացնենք նոր ֆիլմերով»,- նշեց Դավիթ Սահակյանցը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]