Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Արմեն Գրիգորյանը ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա հայ ռազմագերիների վերադարձը

Արմեն Գրիգորյանը ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ 
ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա հայ ռազմագերիների 
վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին:

Այնուհետև, քարտուղարները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

 Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին, Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, նշելով որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:

 Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ: Նա հույս հայտնեց, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք:

Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]