1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անկախությունը՝ մեծագույն արժեք. արվեստագետները շնորհավորում են Հայաստանի երրորդ Հանրապետության տոնը

Անկախությունը՝ մեծագույն արժեք. արվեստագետները շնորհավորում են Հայաստանի 
երրորդ Հանրապետության տոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրող և ստեղծագործող մշակութային գործիչները կարծում են, որ երկրի ամենաբարձր և նվիրական արժեքն անկախությունն է, որին Հայաստանը դժվարությամբ է հասել:

Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին, «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

Ըստ Վարդանյանի՝ առավել մեծ, նվիրական արժեք, քան անկախությունն է, դժվար է պատկերացնել: «Երեք տասնամյակ է անցել, սակայն մենք չենք գիտակցել, թե ինչ աստվածային շնորհ է անկախությունը, ինքնիշխանությունը: Այսօր գիտակցողների համար այն շատ ավելի մեծ արժեք է ձեռք բերել, քանի որ տագնապները, մտահոգությունները շատ են հենց անկախության, ինքնիշխանության պահպանման առումով: Այս հոբելյանական տարեդարձը պետք է լավագույնս օգտագործել ևս մեկ անգամ մեր հայրենակիցների գիտակցությանը հասցնելու, թե ինչպիսի արժեք ունենք և ինչն ենք երբեմն մեր թեթևամտությամբ վտանգի ենթարկում»,- շեշտեց նա՝  շնորհավորելով բոլորիս տոնը:

Իսկ Ռուբեն Բաբայանը բազմիցս է նշել, որ ազգի, պետության համար առավել նշանակալի օր, քան երկրի անկախությանը, ինքնիշխանությանը նվիրված տոնն է, չկա: «Մարդը կայանում է այն ժամանակ, երբ ինքն է որոշումներ կայացնում և իր ճակատագրի տերը լինում, նույն կերպ էլ՝ պետությունը: Այստեղ ես մեծ տարբերություն չեմ տեսնում: Մենք հաճախ խոսում ենք մեր ազգային արժեքների, նպատակների մասին. այդ ամենը կարելի է պահպանել՝ միայն ունենալով անկախ պետականություն: Սա շատ կարևոր է ինձ համար: Կարծում եմ՝ հատկապես հիմա պետք է  ցույց տալ, որ մենք արժևորում ենք այս տոնը: Եթե մենք դա չանենք, ոչ ոք չի անի: Գուցե հենց հիմա մեր հայրենիքն ունի դրա կարիքը»,- ընդգծեց Բաբայանը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:

Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով և անցել ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]