1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ժնևում Հայաստանի անկախության տարեդարձն ու Խաղաղության միջազգային օրը կնշվեն մեծ համերգով

Ժնևում Հայաստանի անկախության տարեդարձն ու Խաղաղության միջազգային օրը 
կնշվեն մեծ համերգով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության և Խաղաղության միջազգային օրվա առթիվ «Musika» ասոցիացիան նախաձեռնել է համերգային երեկո, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Ժնևի հայտնի Ալամբրա սրահում:

Համերգին ելույթ կունենան աշխարհում հեղինակություն վայելող երաժիշտներ Լևոն Մինասյանը (դուդուկ) և Դաֆեր Յուսեֆը (ուդ և վոկալ) իրենց խմբերով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Musika» ասոցիացիայի պրոդյուսեր Անի Գասպարյանն ասաց, որ երաժիշտները հանդես կգան նաև համատեղ կատարումներով՝ հնչեցնելով Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների ստեղծագործություններ:

«Հանդիսատեսը կկարողանա ճանապարհորդել Միջին Արևելքի երաժշտական պատմության միջով՝ ականատես լինելով մշակութային երկխոսության: Վերջին ժամանակներում Միջին Արևելքի ամբողջ տարածքը զերծ չմնաց աշխարհաքաղաքական ընդհարումներից, և բավական անհանգստացնող իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ միայն երաժշտության և արվեստի միջոցով հնարավոր կլինի հաշտեցնել, երկխոսել ու ճանապարհ գտնել դեպի խաղաղություն»,- ընդգծեց Անի Գասպարյանը:

Նա ասաց, որ Լևոն Մինասյանը ամբողջ աշխարհում ներկայացնում է Հայաստանը խորհրդանշող դուդուկը և բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Երաժիշտը հանդես է եկել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սթինգը և այլք: Իսկ Դաֆեր Յուսեֆը ուդ է նվագում և երգում: Յուսեֆն ինքնուս երաժիշտ է, երգահան և հանդես է գալիս տարբեր ոճերում: Անի Գասպարյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Յուսեֆի խմբում է նվագել նաև Տիգրան Համասյանը: Խմբի համերգները մշտապես մեծ բավականություն են պատճառել հանդիսատեսին: Այս համերգին նա համագործակցելու է նորվեգացի հայտնի կիթառահար Էիվինդ Արսեթի հետ:

Անի Գասպարյանի խոսքով՝ երեկոյին ելույթ կունենան նաև Ժնևի կոնսերվատորիայի ուսանողները. «Նրանք կկատարեն գործեր հայկական ժողովրդական երգերի մոտիվներով: Ինձ համար հուզիչ է, որ ուսանողները հայ չեն, սակայն այդքան մաքուր ու գեղեցիկ են մատուցում մեր երաժշտությունը»,- խոստովանեց պրոդյուսերն ու տեղեկացրեց, որ համերգին ներկա կլինեն Ժնևում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, հայ և օտարազգի երաժշտասերներ: Երեկոն լուսաբանվելու է շվեյցարական մեդիահարթակներում:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]