Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գունային մաքուր թրթռումների վարպետը. արտացոլելով հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ վճիտ ու հայկական…

Գունային մաքուր թրթռումների վարպետը. արտացոլելով հայրենի բնության գողտրիկ 
անկյունները՝ վճիտ ու հայկական…

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թադեւոսյանը ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան: Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական…»:

Մարտիրոս ՍԱՐՅԱՆ

Հայոց հոգեւոր մայրաքաղաք Վաղարշապատում աչքերը բացած ապագա գեղանկարիչը, իրեն նախորդած երեւելի բազմաթիվ արվեստագետների օրինակով, սովորելու էր մեկնելու Անդրկովկասի մշակութային կենտրոն համարվող վրաց մայրաքաղաք, որտեղ կենտրոնացել ու գործում էր ժամանակի հայ գրական ու մշակութային գրեթե ողջ էլիտան: Տեր-Հակոբյանի պանսիոնում հնգամյա ուսումնառությանը հաջորդում է Լազարյան ճեմարանը Մոսկվայում, այնուհետեւ՝ նույն քաղաքի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարանը: Այն ավարտելուց հետո հայրենի եզերքի կարոտը երիտասարդ նկարչին մի կարճ ժամանակով բերում է ծննդավայր՝ Գեւորգյան ճեմարանում դասավանդելու, սակայն մոսկովյան միջավայրն ավելի հրապուրիչ էր ու ավելի խոստումնալից: Եվ նա վերադառնում է:

1896 թ. մասնակցում է «Պերեդվիժնիկների» նախաձեռնած ցուցահանդեսին, իսկ երկու տարի անց Մոսկվայի արվեստագետների ընկերության մրցույթում «Կեսօրյա ճաշ» եւ «Քարոզ ուղղադավաններին» կտավներով արժանանում հեղինակավոր մրցանակների: Արդեն իսկ ճանաչում ձեռք բերած գեղանկարիչը 1898-ին իր ուսուցչի՝ նկարիչ Վասիլի Պոլենովի հետ մեկնում է Պաղեստին: Այո, արվեստագետը աշխարհատես պիտի լինի: Եվ գրեթե ամեն տարի ճամփորդելը դառնում է օրինաչափ. մինչեւ 1914 թ. լինում է Մերձավոր Արեւելքի ու եվրոպական երկրներում,  Ռուսաստանում, մայր հայրենիքում: Եվ արարվում են բազմաթիվ մեծարժեք կտավներ…

1901-ից Եղիշե Թադեւոսյանը հաստատվում է Թիֆլիսում, ակտիվորեն մասնակցում այստեղ կազմակերպվող ռուսաստանյան ցուցահանդեսներին, «Հայարտուն» մշակութային  միության աշխատանքներին, աջակցում Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվում դրա նախագահ: 1921 թ. գեղանկարչի նախաձեռնությամբ իր ղեկավարած միության ցուցահանդեսը բացվում է նաեւ Երեւանում:

Արժանահիշատակ է այն փաստը, որ անվանի արվեստագետը Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր սյուներից է ու դրա առաջին պրոֆեսորներից:

Իսկ նրա ստեղծագործությո՞ւնը: Ընդգրկուն է այն, ներառում է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառները՝ գեղանկարչություն, գրաֆիկա, կիրառական արվեստ, մանրաքանդակներ, բեմանկարչություն, խճանկարներ, գծանկարներ, բնանկարներ: Եվ այս ամենը՝ կատարման բարձր մակարդակով ու ինքնատիպ: Բնանկարները երբեմն հուշում են փոքր սյուժեներ՝ «Կոմիտասը Էջմիածնի լճի մոտ», «Մեր փողոցը Վաղարշապատում»: Առինքնող են թադեւոսյանական դիմանկարները՝ Թումանյանի, Շիրվանզադեի, Կոմիտասի, այլ մեծաց:

Նրա վրձնին հոգեհարազատ են հայ գյուղը, գեղջկական կերպարները, կենցաղը՝ «Հովիվն ու ոչխարները», «Խնձոր ունեմ խածած է»: Նկարիչը չի շրջանցել հայոց մեծ ողբերգության, պանդխտության թեմաները՝ «Դեպի պանդխտություն», «Կեսօրվա ճաշ», մեր ժողովրդի անցյալն ու ավանդույթները՝ արարել է նկարաշար՝ «Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Տորք Անգեղ», «Արշակ եւ Փառանձեմ», խոսուն այլ կտավներ: Վարպետ վրձնի արգասիք են մարդասիրական եւ բարոյախոսական գաղափարներով տոգորված «Սիսարայի մահը», «Տիրամայր» կրոնական սյուժեներով գործերը: Իսկ նրա «Հանճարը եւ ամբոխը», «Քրիստոսը եւ փարիսեցիները» գլուխգործոցային վրձնումներ են՝ բողոքի ճիչ հիշեցնող ու ընդվզում՝ ընդդեմ քաղքենի, բիրտ ու անզգա հասարակության: Հիրավի դասական արարումներ՝ հայ կերպարվեստի շքեղ հավաքածուն հարստացնող:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]