1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անկախության տարիները՝ «Արմենպրես»-ի ֆոտոխցիկով. ԱԺ-ում ցուցադրվեցին հին ու նոր լուսանկարները

Անկախության տարիները՝ «Արմենպրես»-ի ֆոտոխցիկով. ԱԺ-ում ցուցադրվեցին հին ու 
նոր լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում ցուցադրվեցին «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոթղթակիցների՝ Անկախության 30 տարիների տարբեր ժամանակներում արված լուսանկարները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի և պետական լրատվական գործակալության համատեղ ցուցահանդեսը վերնագրվել էր «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն»:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

«Լուսանկարների ընտրությունը շատ խորհրդանշական է՝ 15  արխիվային լուսանկար և 15 արդիական լուսանկար:  Փորձել ենք ուշադրություն դարձնել անկախության սիմվոլներին, անկախության շարունակականությանը, Հայաստանի ճանապարհին՝ դեպի ժողովրդավարական պետություն, դեպի այն պետությունը, որի հիմնադրույթները սահմանված են թե՛ Անկախության հռչակագրով, թե՛ մեր Սահմանադրությունով»,- ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Անանյանը շնորհակալություն հայտնեց լրատվական գործակալության բոլոր թղթակիցներին, լրագրողներին, լուսանկարիչներին, որոնք տարիներ շարունակ հավաքել են բացառիկ գզրոցը, որի միջոցով վերականգնվում են ժամանակակից պատմության վերջին տասնամյակները:

«Երբ բացում էինք ցուցահանդեսը, տեսանք նաև, որ շատ-շատերը, ում ճանաչում էինք 8-րդ գումարման ԱԺ-ից, նաև 1-ին գումարման Գերագույն խորհրդի մաս են եղել: Կարծում եմ՝ այս ցուցահանդեսը նաև մեր պատմականության հետաքրքիր ուղերձն ունի»,-ասաց Անանյան:

Լուսանկարները ցուցահանդեսի համար հավաքվել և ներկայացվել են շատ կարճ ժամանակում: «Արմենպրես»-ի տնօրենն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի գործընկերներին:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նախ շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին և ԱԺ-ի աշխատակազմին՝ ցուցադրությունը կազմակերպելու համար:

«Պետք է արձանագրենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում մշտապես ենթարկվել է տարատեսակ փորձությունների: Հայաստանի անկախացումից ի վեր  սկզբնական ժամանակահատվածում, չնայած տարատեսակ լրջագույն սոցիալական խնդիրներին, ինչպես նաև զուգահեռ ընթացող պատերազմին՝ ՀՀ-ն ուներ տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակի համբավ: Սակայն, ցավալիորեն, հետագայում տարբեր իրադարձությունների հետևանքով մենք շեղվեցինք այդ ուղղությունից»,-ասաց Աղաջանյանը:

Նա առանձնացրեց երկու կոնկրետ իրադարձություն, որոնք բավական երկար ժամանակ ՀՀ-ին շեղել են այդ ուղղությունից՝ 1996-ի նախագահական ընտրություններն ու 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

«Թերևս դժվար է թերագնահատել որևէ ընդդիմադիր շարժման և գործընթացի կարևորությունը՝ հետագայում 2018-ի թավշյա հեղափոխության իրացման համատեքստում: Եվ ես համարում եմ, որ 2018-ի թավշյա հեղափոխությունը այդ բոլոր գործընթացների կուլմինացիան էր»,-ասաց նա:

Ըստ Աղաջանյանի՝ 2018-ի հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը, որպես այդպիսին, ևս շարունակ ենթարկվել է տարատեսակ փորձությունների: Այդ համատեքստում նշվեց կորոնավիրուսը, համավարակը, պատերազմն ու այլ դժվարություններ:

Սակայն, նրա խոսքով, ՀՀ կառավարությունը կարողացել է լավագույնս կառավարել այդ ճգնաժամը և չշեղվել ժողովրդավարության ճանապարհից:

«Եվ կարծում եմ, որ,բարեբախտաբար, 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքով մենք անշեղորեն և վերջնականապես արձանագրեցինք, որ ՀՀ-ն և Հայաստանի հասարակությունը շատ ավելի խորը գիտակցում ունի ժողովրդավարության և այդ արժեքների մասին, քան մենք կարող էինք ենթադրել 2018-ին նախորդող 20 տարիներին»,-ասաց նա:

Աղաջանյանը շեշտեց, որ թե՛ գործող իշխանությունը, թե՛ հետագայում ձևավորվելիք իշխանությունները պետք է գիտակցեն, որ այդ փորձությունների միջով պետք է մշտապես անցնեն և ռիսկերի կառավարմանը զուգահեռ՝ երբեք չշեղվեն ժողովրդավարական ուղուց:

Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվեց «ժամանակի մեքենա»՝ 1991 թվականի լրագիրը, որի միջոցով կարելի է տեղափոխվել ժամանակում:  Ցուցադրվեց նաև «Անկախության աչքերը» խորագրով «Արմենպրես»-ի ֆիլմը՝ անկախության շրջանակում լուսանկարչական խցիկի հետևում կանգնած «Արմենպրես»-ի ֆոտոթղթակիցների աշխատանքի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]