Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

«Ոսկե ծիրանը» կհյուրընկալի հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր

«Ոսկե ծիրանը» կհյուրընկալի հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, համագործակցելով ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների, հյուպատոսությունների և միջազգային կազմակերպությունների հետ, Հայաստանում կներկայացնի տարբեր հեղինակավոր կինոփառատոններում հաղթած, մրցանակների արժանացած ֆիլմեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի հարցերով կցորդ Աննա Մովյոն ասաց, որ «Ոսկե ծիրանը» հնարավորություն է տալիս Երևանի սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնում դիտելու ոչ միայն դասական, այլև ժամանակակից կինոնկարներ:

«ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական կինոյի իսկական հրավառություն։ Առաջին հերթին կներկայացվի Կաննի 2021 թվականի կինոփառատոնի ծրագիրը՝ Լեոս Կարաքսի «Անետ» (Կաննի բացման ֆիլմ), Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Ժյուլիա Դյուկուրնոյի «Տիտան» ֆիլմերը»,-նշեց նա ու հավելեց, որ կցուցադրվեն նաև մի շարք ֆրանսիական համատրադրություններ:

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներառված են երկու ֆրանսիական ֆիլմեր, որոնք հեղինակել են հայ ռեժիսորներ՝ Հովիկ Հակոբյանի «Ստորգետնյա» և Ալեքսի Պարզումյանի «Լեռնային Ղարաբաղ. երկու երեխա պատերազմում»։

Փառատոնը կհյուրընկալի ժյուրիի անդամներ մրցանակակիր պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարին, Նանտի Three Continents փառատոնի հիմնադիր Ֆիլիպ Ժալադոյին և ֆրանսիացի արվեստագետ, գրաֆիկ դիզայներ, Կաննի և «Ոսկե ծիրան»-ի պաստառների հեղինակ Վահրամ Մուրատյանին։ Վարպետության դասընթաց կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է, և մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար, մշակույթի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին հիշեցրեց, որ փառատոնի հետ համագործակցում են 17 տարի:

«Ուրախ ենք որ փառատոնն այս դժվար տարիներին ևս գոյատևել է, իսկ մենք աջակցել ենք: Մեզանից զատ այս տարի «Ոսկե ծիրանին» աջակցել է նաև Գերմանիայի միջազգային օգնության հիմնադրամը, որը համավարակի տարածումից ի վեր հետաքրքիր նախաձեռնություններ է իրականացնում մեր ինստիտուտի գործընկերների համար»,-շեշտեց Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին:

Նրա խոսքով՝ աշխարհը գլոբալացվում է և իրենց ֆիլմերը ևս համատեղ արտադրության են:

Երևանում «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ փառատոնը կներկայացնի գերմանական կինոյի ծրագիր։ Կցուցադրվեն Մարիա Շփեթի «Պարոն Բախմանն ու նրա դասարանը», Ռոնի Թրոքերի «Մարդկային գործոններ», Կորնել Մունդրուցոյի «Էվոլյուցիա», Դանիել Քյոթերի «Ֆինֆինի կիրճը» ֆիլմերը։ Ռեժիսորներից Ռոնի Թրոքերը և Դանիել Քյոթերը կմասնակցեն փառատոնին։

Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի օգնական Հասմիկ Պետրոսյանն էլ ասաց, որ փառատոնը մշտապես անդրադարձել է իրենց կինեմատոգրաֆիային և այս տարին բացառություն չէ:

Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանի իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը: Հենց նրա  «Ահեդի ծունկը» ֆիլմով է տրվում 18-րդ կինոտոնի մեկնարկը: Լապիդը նաև վարպետության դաս կանցկացնի լայն հանրության համար։ Երևանյան պրեմիերաների շրջանակում կցուցադրվի նաև երկու իսրայելական ֆիլմ՝ Էրան Կորիլինի «Թող առավոտ լինի» և Ռան Տալի «Իսկ եթե՞. Էհուդ Բարաքը պատերազմի և խաղաղության մասին»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Մարսիա Աութլոուն հիշեցրեց, որ փառատոնի հետ գործնկերությունը սկիզբ է առել 2006 թվականից: Նրա խոսքով՝ իրենք ձգտում են նոր հեռանկարներ բացել երկւ պետությունների միջև և նպաստել կամուրջներ գցելուն:

  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությամբ կներկայացվեն «Սանդենս» կինոփառատոնի ֆիլմերից Քարեն Սինորի «Օգնեցեք»-ը կինոնկարը: Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերը, որը կգա Հայաստան: Դեսպանության հետ համագործակցությամբ հետահայաց ցուցադրությամբ կներկայացվեն նրա «Տաքսիստը», «Անծանոթների մխիթարանքը», «Քահանայի օրագիրը», «Սառահաշվարկ» ֆիլմերը։ Նախատեսվում են աշխատարաններ, վարպետության դասեր:

Առաջին անգամ փառատոնը համագործակցում է նաև Արգենտինայի դեսպանության հետ, «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կներկայացվի Ալեխանդրո Մանյոնեի «Մարոյի գաղտնիքը»։

Վերականգվում է նաև փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության հետ․ դեսպանությունը կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։

 Լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրանի» հիմնադիր Սուսաննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին տարիներ շարունակ իրենց կողքին լինելու համար: Նա ընդգծեց, որ այդ աջակցությունը կարևոր է կինոփառատոնի կայացման գործում:

Ասուլիսին տեղեկություն տրամադրվեց փառատոնի մրցութային ֆիլմերի մասին: Մանրամասները՝ «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքում https://www.gaiff.am/:

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2021-ին կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]