Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու կրկնակի կարևորությունը

Իրանի դեսպանատունը շեշտել է Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը 
երաշխավորելու կրկնակի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերաբերյալ պայմանավորվածությունների հետևանքով Կապան-Գորիս ճանապարհի երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից՝ անդրադառնալով Կապան-Գորիս ավտոճանապարհին իրանցի վարորդների համար ադրբեջանցիների՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածներում առաջացրած խոչընդոտներին:

Իրանի դեսպանատունը նաև տեղեկացրել է, որ հայ պաշտոնյաների բացատրությունները մեծ հույսեր են ներշնչում միջպետական ճանապարհի՝ Տաթևով անցնող այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման: Միևնույն ժամանակ, իրանական կողմը ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով:

Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի և Իրանի դեսպանության հարցուպատասխանը:

Հարց - Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեպտեմբերի 22-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ս. թ. օգոստոսի վերջից միջպետական ճանապարհի Կապան-Գորիս հատվածում Ադրբեջանի առաջացրած խոչընդոտներին՝ մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ: Ի՞նչ տեղեկություններ կարող եք հաղորդել այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների ընթացքից և խնդրի շուրջ հայկական և հատկապես ադրբեջանական կողմի հետ քննարկումների վերաբերյալ: Ադրբեջանական կողմը շարունակո՞ւմ է խոչընդոտներ առաջացնել իրանցի վարորդների համար Կապան-Գորիս ավտոճանապարհին:

Պատասխան - Վերջին ամիսներին դեսպանատունը, ՀՀ համապատասխան մարմինների հետ խորհրդակցելիս, փորձել է գնահատել Գորիս-Կապան ճանապարհի հատուկ վիճակը, դրա շահագործման հեռանկարները և տարբեր կողմերը՝ կապված այս ճանապարհից և այլ հնարավոր ճանապարհից ապրանքների և ուղևորների տարանցման հետ: Կասկած չկա, որ մինչև այս ճանապարհի ներկա փուլը այն եղել է երկու երկրների միջև առևտրի շարունակման և երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի հիմնական ուղին: Այնուամենայնիվ, Սյունիքի տարածքում նոր սահմանազատումների վերջին պայմանավորվածությունների արդյունքում՝ երթևեկությունը երաշխավորելու անհրաժեշտությունը և տրանսպորտային փոխադրումների կարգավորման ջանքերը կրկնակի կարևոր են դարձել ինչպես Իրանի Իսլամական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի համար:

Մենք հավատում ենք, որ Հայաստանի ցամաքային ճանապարհի անվտանգությունը, անկախ դրա դրական ազդեցություններից ներկայիս կապի հարթության վրա, կարող է տարածաշրջանի կայուն պատկերը ներկայացնել երկու երկրների և տարածաշրջանի գործարարներին ու ներդրողներին և ուղղորդել նրանց պլանավորելու իրենց տնտեսական գործունեությունը և բարձրացնելու փոխազդեցությունների մակարդակը: Այս երկկողմանի ճանապարհի անվտանգությունը, ի լրումն, կարող է ցույց տալ Հայաստանի հուսալի դիրքը տարածաշրջանում ենթակառուցվածքների խոշոր նախագծերի առաջխաղացման համար: Անկասկած, այն, ինչ վերջին ամիսներին առաջարկվում էր որպես նպատակ՝ վերացնել տարածաշրջանի տրանսպորտային ուղիների արգելափակումը, նույնպես այս ձևաչափով է, որ արդիական է դառնում:

Հարց - Սկզբունքորեն ինչպե՞ս կարող է, ըստ Ձեզ, լուծվել Իրանը Հայաստանին կապող ճանապարհի խնդիրը: Ունե՞ք արդյոք առաջարկված ինչ-որ բանաձև այդ հարցի առնչությամբ:

Պատասխան - Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և պարոն Արմեն Գրիգորյանի վերջին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհի առանձնահատուկ վիճակը և այն անսովոր գործողությունը, որն իրականացվում է միայն իրանական բեռնատարներից տուրքերի գանձման ուղղությամբ և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Հայ պաշտոնյաների բացատրությունները մեծապես հույսեր են ներշնչում Տաթևի այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման:

Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ մինչև այլընտրանքային ճանապարհի շահագործումը ընթացիկ ճանապարհով երթևեկությունը կշարունակվի իր բնականոն հունով: Տարբեր առիթներով այս նկատառումները բարձրացվել են հայ պաշտոնյաների մոտ: Միևնույն ժամանակ, այս հարցը, բացի Հայաստանի կառավարության կողմից իր գործընկերների հետ պատշաճ ուշադրությունից և խորհրդակցությունից, պահանջում է այլ կողմերի ջանքերը: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հետ Իրանի Իսլամական Հանրապետության ակնկալիքները հայտնելուն զուգահեռ, առանձին հետևումներ են ընթանում այլ կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Հարց - Ադրբեջանի գործողություններում քաղաքական ենթատեքստեր տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում ադրբեջանական մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ իրանցիները բեռնափոխադրումներ են կատարում դեպի Արցախի Հանրապետություն:

Պատասխան - Երկկողմ հարթությունում, համագործակցության ծրագրերն ավելի առաջ մղելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև անցկացնել տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով, որը, հուսով ենք, շուտով կիրականացվի: Բարեբախտաբար, Դուշանբեում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ երկու նախագահների կառուցողական բանակցությունները, և կա համատեղ համագործակցության ընդարձակ ծրագիր:

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեսպան Զոհուրին մտահոգություն էր հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ, իսկ Արմեն Գրիգորյանը ընդգծել էր, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 17-ին լրագրողներին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու և այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանական Հանրապետության ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ, միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը: Իրանցի վարորդները լրատվամիջոցներին հայտնել էին, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն իրենցից գումար են պահանջում:

Այդ կապակցությամբ Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել էր, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]