Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Փարիզն ազնավուրացրած… Ազնավուրը

Փարիզն ազնավուրացրած… Ազնավուրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տարի առաջ ճիշտ այս օրը համաշխարհային երգարվեստի երկնակամարում շիջեց մի լուսաստղ՝ ֆրանսիական Մուրիեսի իր բնակարանում կյանքին հրաժեշտ տվեց մեծահամբավ շանսոնյեն՝ Շառլ Ազնավուրը, բոլոր ժամանակների գործող ամենաերկարակյաց երգիչը, որի անունն ու փառքը տարածված էին մոլորակով մեկ: Նա երգիչ էր, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան, նաեւ՝ հասարակական գործիչ: Իր երաժշտական կարիերայի ընթացքում ձայնագրել էր շուրջ 1200 երգ՝ աշխարհի տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն, հեղինակել եւ համահեղինակել ավելի քան 1000 ստեղծագործություն եւ՛ իր, եւ ա՛յլ երաժիշտների համար:

Տակավին 9 տարեկան էր, որ երազում էր դերասան դառնալ, եւ ծնողները նրան տանում են արվեստի դպրոց: Այստեղ է նա ընտրում Ազնավուր անունը եւ Պտի Մոնդ կոչված փոքրիկ բեմում առաջին անգամ բեմ բարձրանում որպես պարող, ապա սկսում մանկական դերեր խաղալ «Օդեոն», «Մադլեն», «Մարինի» փարիզյան թատրոններում:

1941 թ. Ազնավուրն հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին: Այս հանդիպումը վճռորոշ էր լինելու երգարվեստը որպես ճակատագիր ընտրելու գործում: Ընկերներն ստեղծում են «Ռոշ եւ Ազնավուր» դուետը եւ սկսում հանդես գալ տարբեր համերգասրահներում: Երեք տարի անց գրվում է Շառլի առաջին երգը՝ «Ես խմել եմ»: Այն Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանանալու էր «Տարվա ձայնապնակ» մրցանակին:

Ազնավուրի կյանքում, սակայն, բեկումնային էր լինելու հանդիպումը հանրահռչակ Էդիտ Պիաֆի ու իր կուռք Շառլ Տրենի հետ: Հենց երգչուհու խորհրդով էլ սկսում է իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողություն չի բերում: Եվ սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ: 1956 թ. համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: Հաջողություններն աննախադեպ էին: Իսկ նրա առաջին ելույթը Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցելու էր Ֆրանսիայի մայրաքաղաքը: «Փարիզն ազնավուրացած է»,- ազդարարելու էր մամուլը: Չէր ուշանալու երկրի ղեկավար Շառլ դը Գոլի հիացական ու թեւավորող խոսքը. «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետեւ կարողանում եք հուզել…»:

Եվ ծնվում են երգեր մեկը մյուսի հետեւից՝ «Իմ կյանքի մասին», «Մամա», «Բոհեմ», այլ հանրահայտ ու սիրված երգեր, որոնց կատարումով հանդես էր գալու Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Իսկ նրա հռչակը տարածվելու էր աշխարհով մեկ 1963 թ. Նյու Յորքի «Քառնեգի հոլում» տված շքեղ համերգից հետո:

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն է ունենում Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը: Ի դեպ, միջազգային հիթեր դառնալու են արժանանում նրա ինչպես վերը նշված, այնպես էլ «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» եւ այլ երգեր, որոնք կատարել են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Ջո Դոսենը, Ռեյ Չարլզը, աշխարհահռչակ այլ երգիչներ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցումների համաձայն՝ մեծն հայը ճանաչվել է «Դարի արվեստագետ»:

Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար կանգնում մայր հայրենիքին, որին նվիրված բազմաթիվ երգեր է գրել՝ «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան»:

Անուրանալի է Ազնավուրի ազգանվեր գործունեությունը 1988-ի հետերկրաշարժյան օրերին, երբ ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը: Սա հոգում հայրենիք փայփայող զավակի վերաբերմունք էր, որը շարունակվեց մինչեւ իր երկրային կլյանքի ավարտը: Նա հայրենիքին ծառայեց նաեւ որպես քաղաքական գործիչ՝ որպես արտակարգ եւ լիազոր դեսպան Շվեյցարիայի Համադաշնությունում, որպես ՀՀ ներկայացուցիչ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում:

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ եւ հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգը, միտքես կըսեմ. «Ապրի՜ս, եղբա՜յր, դուն ալ մեծ ու տոկուն հայ մըն ես…».-Ազնավուրով այսպես էր սքանչանալու նաեւ հայոց փառքերից մեկը՝ Վիլյամ Սարոյանը հեռավոր օվկիանոսից այն կողմ:

Իսկ կգա՞ մի օր, որ նորից սկսենք սքանչանալ մեր նոր մեծերով: Կգա, անշուշտ, չենք տարակուսում…  

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]