Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Նոր գիրք»-30/21.  Անմահները, սերոտոնինը ու գայթակղությունը

«Նոր գիրք»-30/21.  Անմահները, սերոտոնինը ու գայթակղությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ հեղինակ
Արամ Արծրունի, «Անմահների պատերազմը»  

Երիտասարդ հեղինակ Արամ Արծրունու առաջին գիրքը նվիրվում է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Հովսեփյանի հիշատակին։

Գտնելով պատերազմի բազմաթիվ մասնակիցների և նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելով՝ Արամն իր գրքում փորձել է վեր հանել պատուհասած ողբերգության իրական դրվագներն ու անըմբռնելի դժվարությունները, ցույց տալ չբարձրաձայնված հերոսությունները, որոնք երբեմն դուրս են վաղուց ընդունված պատկերացումներից։

Ի վերջո, անմահացած ու ողջ հերոսներին արժանին մատուցելու որևէ հնարավորություն կա՞։ Այդ մտահոգությունն ու պատասխանատվությունը, հայրենիքի սերն ու պատանեկան խանդավառությունն են առաջ մղում նաև գրքի հեղինակին, որի երախայրիքը միասնության ու հավատի անկեղծ կոչ է։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

 

Թարգմանական գրականություն
Միշել Ուելբեք, «Սերոտոնին»

Հռչակավոր Միշել Ուելբեքը՝ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Գոնկուրի դափնեկիրը, «Տարրական մասնիկներ», «Հնազանդություն» համաշխարհային բեսթսելերների հեղինակը, զարմացրեց բոլորին՝ գրելով կամերային վեպ ապաշխարության, ափսոսանքի և կորած սիրո մասին: Գլխավոր հերոսը, լիովին հիասթափված կյանքից, թողնում է աշխատանքը և հեռանում տնից. նրա միակ ուղեկիցը դեղահաբերն են, որոնք մարմնին մատակարարում են սերոտոնին և լիովին սպանում շրջապատի հանդեպ ամեն մի հետաքրքրություն:

Միշել Ուելբեքի «Սերոտոնինը» համարվում է հեղինակի վերջին 20 տարվա լավագույն վեպը, վեպ ավանդական արժեքների քայքայման և անձնական ծանր ճգնաժամի մասին:

Ընդհանուր առմամբ՝ գիրքն այն մասին է, թե ինչպես է ստացվում, որ հրացանից նշան բռնելով՝ թիրախում ինքդ քեզ ես տեսնում:

2019 թվականի ապրիլի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միշել Ուելբեքին հանձնեց երկրի բարձրագույն պարգև Պատվո լեգեոնի շքանշան: Նախագահը գրողին բնութագրեց որպես վերջին ռոմանտիկը խիստ նյութապաշտ աշխարհում:

Թարգմանությունը ֆրանսերենից ՝ Ռուզան Միրզոյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

  

Մանկական գրականություն
Նունե Սարգսյան, «Զմրուխտյա մկրատը»

 

Սադափ Դարզին տասներկուամյա ուշիմ ու խելացի աղջիկ է: Նա երազում է փոխել աշխարհը: Սովորական մի օր` դպրոց գնալուց առաջ, Սադափը հանդիպում է Կարկանդակ անունով ոսկեգույն վիշապին… Շատ շուտով պարզվում է, որ վհուկների ու կախարդների Ապակեբուրգ քաղաքում տագնապած սպասում են Սադափին։ Աշխարհում չարի ու բարու ճիշտ հավասարակշռությունը խախտված է, և այն հնարավոր է վերականգնել միայն Սադափ Դարզիի օգնությամբ... Նկարազարդումները` Նաիրա Ահարոնյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։

  

Փաստավավերագրական գրականություն
Մարկ Մենսոն, «Գայթակղելու նուրբ արվեստը»

 

«Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմնավորումերով։

Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։ Մերժումը գործի սկիզբն է։ Այսօրվա ձախողումը կարող է ծնել վաղվա տրիումֆը։ Այս գիրքը պատմում է, թե ինչպես է պետք գայթակղել առանց ձեւեր թափելու, առանց ստելու եւ առանց ուրիշներին ընդօրինակելու: Այս գիրքն ավելի գրավիչ մարդ դառնալու մասին է՝ առանց անիմաստ հնարքների, թաքուն մարտավարության, ավելորդ խաղերի կամ մեթոդների, այլ ընդամենը հիմնվելով ինքնազարգացման վրա: Հերիք է ձեւացնեք՝ իբր գրավիչ եք։ Պարզապես եղե՛ք գրավիչ: Թարգմանիչ՝ Ավետիս Հարությունյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am