Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Բաքուն ձգտում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ

Բաքուն ձգտում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջեւ Մոսկվայում կայացած բանակցությունների օրակարգը հագեցած էր Հարավային Կովկասում վերսկսված ցնցումների թեմայով: Համաշխարհային հանրությունն այժմ գլխավորապես հետեւում է իրադարձությունների ընթացքին, թե արդյոք Իրանի Իսլամական Հանրապետությունը կհաստատի՞ իր մասնակցությունը «միջուկային գործարքի» վերսկսման վերաբերյալ բազմակողմ երկխոսությանը: Սակայն Իրանը վերջին օրերին հստակ ցուցադրում է, որ իրեն ավելի շատ հուզում է Ադրբեջանի ու նրա միջազգային գործընկերների վարքագիծը:

Այն մասին, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ակտիվորեն կքննարկվի մոսկովյան բանակցություններում, Աբդոլլահիանը դեռ Լավրովի հետ հանդիպումից առաջ էր հայտնել: Վերջինիս հետ զրույցի արդյունքներով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը հասկացրել է, որ իր երկրին անհանգստացնում են աշխարհաքաղաքական փոփոխությունների հեռանկարները եւ «քարտեզի փոփոխությունները»: Վերջին արտահայտության տակ Աբդոլահիանն ակնհայտորեն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասի՝ Բաքվի վերահսկողության տակ անցնելը ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ նոյեմբերյան պայմանավորվածության արդյունքներով: Արդյունքում ադրբեջանական ուժերը ներխուժել են Սյունիքի մարզ, վերահսկում են Կապան-Գորիս ճանապարհահատվածի որոշ տեղամասեր եւ այնտեղ հարկային տուրքեր են սահմանում:

Թեհրանում վստահեցնում են, որ Բաքուն վերջին շրջանում ակտիվացրել է կապերն իսրայելցիների հետ՝ նրանց գրեթե հնարավորություն տալով իրենց ուժերը տեղակայել սեփական տարածքում: Իրանը հենց «սիոնիստական սպառնալիքով» է բացատրում սահմանամերձ շրջաններում իր վերջին զորավարժությունները, որոնք անհանգստացրել են Ադրբեջանին: Իսրայելը հերքում է մեղադրանքները: Հոկտեմբերի 5-ին Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հայտարարել է, որ նման հաստատումները «մեծ հիմարություն» են:

Մոսկովյան բանակցությունների վերջում Լավրովը նկատել է, որ ռուսական կողմը չի ողջունում ռազմական ակտիվության մեծացումը եւ սադրիչ զորավարժությունները: Բաքվի եւ Թեհրանի միջեւ հարցերի կարգավորման համար Մոսկվան այլ պլան է առաջ քաշել: «Մենք քննարկել ենք «3+3» ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը՝ անդրկովկասյան երեք երկրները եւ նրանց երեք մեծ հարեւանները՝ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա»,- Մոսկվայում հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով՝ իրանցիները հավանություն են տվել այս գաղափարին: Նույնպիսի վերաբերմունք կա նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում: «Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ»,-նշել է նախարարը՝ ավելացնելով, որ խորհրդակցությունների նման մեխանիզմը կօգնի «տարածաշրջանի արագացված զարգացմանը», որում իրավիճակը երկար ժամանակ լճացել է պահպանվող հակամարտությունների պատճառով:

Աբդոլլահիանի այցը հստակություն չի մտցրել այն հարցում, թե երբ կվերսկսվեն Իրանի՝ «միջուկային գործարքի» վերականգնմանը միտված բանակցությունները միջազգային միջնորդների հետ: Թեհրանի համապատասխան քայլերին առաջին հերթին սպասում է Վաշինգտոնը, որը, ինչպես հաղորդվել է վերջին ամիսների ընթացքում, պատրաստ է որոշ զիջումների, որպեսզի խթանի Վիեննայի բանակցային գործընթացի վերսկսումը: «Մոտ ապագայում կկողմնորոշվենք բանակցություններին վերադառնալու ժամկետների հարցում»,- խուսափողաբար պատասխանել է իրանական նախարարը՝ հավելելով, որ իր երկիրը պետք է համոզվի ամերիկացիների մտադրությունների լրջության մեջ: Օրինակ՝ այն հարցում, թե «նրանք արդյոք պատրաստ են ապաարգելափակել իրանական 10 մլրդ դոլար կազմող ակտիվներն արտասահմանյան բանկերում»:

Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Յահյա Ռահին Սաֆավին զգուշացրել է, որ Իրանի զինված ուժերը հակաիրանական ահաբեկչական խմբավորումների դեմ կպայքարեն սահմանակից ցանկացած երկրում, որն ընդունում ու զինում է նրանց: Նրա խոսքերը հնչել են այն բանից մի քանի շաբաթ անց, երբ Իրանը հարվածներ հասցրեց Իրաքյան Քուրդիստանի սահմանամերձ շրջաններին: «Զգուշացնում ենք, որ գործ կունենանք հակահեղափոխական խմբավորումների դեմ ցանկացած երկրում, որը սահմանակից է մեզ, եւ որտեղ իշխանությունները տեղավորում են նրանց, տրամադրում օբյեկտներ եւ զենք»,- գեներալ-մայոր Սաֆավիի՝ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Ալի Խամենեիի ռազմական գլխավոր խորհրդականի խոսքերը մեջբերել է «Press Tv»-ն:

Իրավիճակն այնքան է բարդացել, որ Թուրքիան պատրաստվում է ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերը, ինչպես նաեւ ամերիկյան F-16 կործանիչները տեղափոխել Ադրբեջանի տարածք: Միեւնույն ժամանակ նշվում է, որ Անկարան դա կանի առանց ռուսական կողմին տեղեկացնելու, որ խախտում է պայմանավորվածությունները: Այդ կերպ նա կօգնի Ադրբեջանին Իրանի դեմ հնարավոր պատերազմում, բայց չի կորցնի ՀՕՊ համակարգերը, որովհետեւ Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի լիակատար վերահսկողության տակ է: Նաեւ կշահի ամերիկյան ղեկավարության վերաբերմունքը՝ իր քայլը գնահատելով որպես ռուսական զենքից ազատվելու փորձ…

Սիրիական հարցում Անկարայի ու Մոսկվայի միջեւ լուրջ տարաձայնություններից հետո Թուրքիան Ռուսաստանին հրապարակայնորեն մեղադրել է Ղրիմն օկուպացնելու մեջ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն թուրք-ռուսական անհաջող բանակցություններից, ապա Իդլիբում թուրքական դիրքերն ու Անկարային ենթակա ահաբեկիչներին ռմբակոծելուց հետո ՌԴ-ին հրապարակայնորեն մեղադրել է Ղրիմի օկուպացիայի մեջ: Չավուշօղլուի խոսքերով՝ Ղրիմի թերակղզին Ռուսաստանին միացնելու գործողություններն անօրինական են եւ գործնականում օկուպացիա են: Կապված դրա հետ՝ Թուրքիան մտադիր չէ թերակղզին ճանաչել Ռուսաստանի կազմում:

«Թուրքիան եւ Ռուսաստանը տարբեր դիրքորոշումներ ունեն մի շարք, այդ թվում՝ Ուկրաինայի, Վրաստանի, Ղրիմի օկուպացիայի հարցերում: Թուրքիան ճանաչում է Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի բռնակցումը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը անվտանգության գծով Վարշավայի 7-րդ ֆորումում:

Ռուսաստանի հասցեին նման հրապարակային մեղադրանքներն աննկատ չեն մնա: Մոտ ժամանակներս Մոսկվան պատասխան կտա Անկարայի գործողություններին, որը սկզբում կարտահայտվի Իդլիբի տարածքի եւ Սիրիայի հյուսիսային մասի մաքրումով, տարածք, որտեղ թուրքերի ներկայությունը միանգամայն անօրինական է:

Չնայած Իրանն Ադրբեջանից պահանջում է դադարեցնել սադրիչ քայլերն իրանական սահմանի մերձակայքում, Բաքվում Թեհրանի հասցեին նոր սպառնալիքներ են հնչում: Իր հերթին՝ Իրանը հայտարարել է, որ Նախիջեւանն ու Ղարաբաղը (խոսքը Ադրբեջանին բռնակցված տարածքների մասին է-խմբ.) կմիացնի իր տարածքին, եթե Բաքվում խելքի չգան: Ադրբեջանում անհայտ պատճառներով փորձում են մերժել Թեհրանի առաջարկները՝ կապված քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտության հետ: Հնարավոր է, որ այդ կերպ Բաքուն Թեհրանին ցանկանում է ներքաշել ռազմական մասշտաբային հակամարտության մեջ, որում գործնականում Ադրբեջանի կողքին կլինեն Թուրքիան եւ Իսրայելը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]