Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հայրենիքը նաեւ կենսատարածք է, առանց որի «կչորանա» ցանկացած ազգ եւ պետություն

Հայրենիքը նաեւ կենսատարածք է, առանց որի «կչորանա» ցանկացած ազգ եւ 
պետություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան երկրորդ պատերազմի միջոցով լուծվեցին թուրքական մի շարք հարցեր. հստակ տեսնում ենք, որ Ակնայում տեղակայված մոնիտորինգային կենտրոնի միջոցով Թուրքիան անմիջականորեն կարողանում է վերահսկել Արցախում ապրող հայերի յուրաքանչյուր շարժը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ դրա դեմ իրենք նամակներ են հղել ԵՄ-ի երեւանյան գրասենյակ, որտեղից պատասխան են ստացել, որ նամակն ուղարկել են ԵԱՀԿ գրասենյակ։ «Մենք հստակ խնդիր էինք դրել իրենց առջեւ, որ Թուրքիան հեռացվի մոնիտորինգային խմբից։ Նույն հարցը բարձրացրել ենք նաեւ այլ միջազգային կառույցների առաջ։ Սարսափելի է մտածել, որ այսօր Թուրքիան կարողանում է վերահսկել հայ մարդու շարժը Արցախից մնացած փոքր բեկորի վրա։ Պատկերացնու՞մ եք, Արցախում հայ մարդը գիտի, որ ինքն Անկարայի խոշորացույցի տակ է»,- ասաց նա։ Մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը պետք է լիներ օր առաջ այդ խնդրի լուծումը, այսինքն՝ հստակ պահանջը՝ դուրս թողնել Թուրքիային մոնիտորինգային կենտրոնից։

Ավելին՝ Մինսկի խմբի առաջին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը վկայում է, որ երբ 1992-ին ձեւավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, Թուրքիան ուղղակի մխրճվեց այդ խմբի մեջ, ինչը սկսեց քանդել Մինսկի խմբի շատ կարեւոր մի սկզբունք՝ անկողմնակալության սկզբունքը։ Զրուցակցիս խոսքով՝ այդ պահից սկսած հայկական կողմը պետք է բողոքեր եւ հետեւողականորեն համապատասխան քայլեր ձեռնարկեր Թուրքիայի ներկայության դեմ։ Արդյունքում՝ այսօր վտանգված են մեր երկիրը եւ ազգաբնակչությունը, ինչպես նաեւ՝ կենսատարածքը։ Երբ մեզ մեղադրում են ոչմիթիզականության մեջ, չպետք է մոռանանք, որ այդ տարածքների առկայությամբ է լուծվում մեր գոյության հարցը, մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը եղածն այն նվազագույն կենսատարածքն էր, որտեղ կարող էինք ապահովել մեր անվտանգ գոյությունը, պահպանել ու զարգացնել մեր պետականությունը։

«Եթե կրճատենք ցանկացած ծառի կենսատարածքը, ապա այն այլեւս չի աճի, կչորանա։ Հիմա հայության կենսատարածքն անընդհատ կրճատվում է։ Սա զուտ հողի խնդիր չէ, սրանով մեր գոյության, անվտանգ գոյության հարցն է դրված, հակառակ դեպքում՝ դրվում է հայության վերացման հարցը, եւ դրան պետք է հակադրենք մեր վերապրելու հարցը։ Իհարկե, կա նաեւ հայրենիքի զգացողության կարեւոր պահը։ Հայրենիքի կորստի մեջ զգայական պահն ենք դնում, հոգեւոր արժեքները, որից մենք զրկվելու իրավունք չունենք, այլապես մեր ինքնության պահպանման հարցն է առաջանալու։ Իսկ որպես կենսաբանական մարմին, կենսաբանական հանրություն, մենք նաեւ կենսատարածք ենք կորցնում։ Սա առաջնային խնդիր է, որը լուծում է պահանջում»,- մանրամասնեց նա։

Մ. Ավագյանն ափսոսանք հայտնեց, որ միջազգային հանրությունը պատերազմի ընթացքում կրավորական կեցվածք ընդունեց, որը, ցավոք, նոր չէ, դա մենք տեսել ենք Սումգայիթում, Բաքվում, Գանձակում. երբ Բաքվում հայ ճանաչված ընտանիքներից մեկին պաշտպանելու համար սովետական բանակի զինվոր են կանգնեցրել դռան մոտ, ընտանիքը, դժոխային ձայները չլսելու համար, հեռուստացույց է միացրել, որով ցույց էին տալիս ցամաք նետված կետի փրկությանը նվիրված հուզիչ մի ռեպորտաժ, մինչդեռ աշխարհի մեկ այլ անկյունում հարյուրավոր մարդկանց են մորթում, խոշտանգում եւ սպանում, իսկ միջազգային հանրությունը «քնած» էր։ Մենք տեսել ենք նաեւ 1915 թիվը։ Այս ամենից զրուցակիցս հետեւություն է անում, որ մեր հույսը պետք է լինեն առաջին հերթին մեր բազուկը, ինտելեկտը, մեր սերնդի թվաքանակի ավելացումը, նրա առողջության պահպանումը, այսինքն՝ այն ամենը, ինչը կդարձնի մեզ ավելի ուժեղ եւ կենսունակ։

Ներկայումս տեսնում ենք, որ բազմաթիվ գյուղերում, որոնք Արցախի բռնազավթմամբ հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում, տեղի բնակչությունը չի կարողանում հանգիստ գոյատեւել, գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել, մինչդեռ այդ ամենը միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունքներ են։ Եթե անգամ Արցախի Հանրապետությունը չճանաչված պետություն է, միեւնույն է, այնտեղ մարդիկ են ապրում, որոնց իրավունքները նույնպես պետք է պաշտպանված լինեն։ Մյուս կողմից՝ օրինակ 1933 թ. Մոնտեվիդեոյի կոնվենցիայում խոսվում է չճանաչված պետությունների պաշտպանվածության մասին։ «Ինչո՞ւ Արցախի դե ֆակտո կայացած պետության շահերը չպաշտպանվեցին, չէ՞ որ չճանաչվածությունը պետականության չափանիշ չէ»,- հարց է տալիս «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգողը։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը վերաբերում է բացառապես փախստականներին, ներքին տեղահանվածներին։ ՄԱԿ-ը դրանով չի ուզում զբաղվել։ Երբ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղավորված բռնի տեղահանվածները սկսեցին վերադառնալ Արցախ, դրանով զբաղվեց միայն ռուս զինվորը։ ՄԱԿ-ը, որն ունի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, դրանով չզբաղվեց»,- ընդգծեց Ավագյանը։

Հայկական արեալը շարունակաբար կրճատվում է, եթե մինչեւ 1988-91 թթ. հայեր կային Ապշերոնում, Բաքվում, Գանձակում եւ նրա հարակից շրջաններում, Շահումյանում, Կուր գետի աջ եւ ձախ ափերին, այսօր արդեն հայերին վտարել են նաեւ Քարվաճառից, Ջրականից, Վարանդայից եւ մյուս բռնազավթած տարածքներից։ Զրուցակիցս նշեց, որ Փախստականների կոմիտեում հայտնաբերել է տվյալներ այն մասին, որ միայն Վարանդայից, Ջրականից, Ակնայից, Քարվաճառից ու Քաշաթաղից 1988-ի ամռանը 30500 հայ է հասել Սախարովի հրապարակ՝ Փախստականների կոմիտե եւ գրանցվել որպես փախստական։ Հարց է, թե որքան մարդ է, օրինակ,  Վարանդայից փախել Ասկերան կամ Շահումյանից Արցախի մյուս բնակավայրեր, եւ նրանց չեն գրանցել։ Այսինքն՝ փախստական հայերի թիվը շատ ավելի մեծ է եղել, քան արձանագրվել է։

«Հիմա այդ տարածքներում հայեր այլեւս չեն ապրում, միայն Բաքվում կես միլիոնից ավելի հայեր էին ապրում։ Ժողովրդագրական պատկերը հետեւողականորեն փոխվել է։ Ալիեւը չի էլ թաքցնում, որ շարունակելու է փոխել այն։ Այդ մասին են հուշում նրա խոսքերը, որ «հայերին շների պես պետք է վռնդել»։ Նա վռնդում է, հայերն էլ, պատրաստ չլինելով ցեղասպանական նոր դրվագներին, փախենում են եւ կորցնում նորանոր կենսատարածքներ»,- ընդգծեց Ավագյանը՝ հավելելով, որ Արցախի հայը պետք է զինված լինի, որպեսզի կարողանա ցանկացած պահի պաշտպանել իր եւ իր ընտանիքի կյանքը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]