Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ողջունում ենք մեր եղբայրներին և քույրերին». Կուբայի նախագահը հայ զբոսաշրջիկներին հրավիրել է իր երկիր

«Ողջունում ենք մեր եղբայրներին և քույրերին». Կուբայի նախագահը հայ 
զբոսաշրջիկներին հրավիրել է իր երկիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի Հանրապետությունը հեշտացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիկների մուտքը երկիր և նոյեմբերի 15-ից սկսած՝ ՊՇՌ թեստի հավաստագիր չի պահանջի նրանցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի հեռավար նիստին ասել է ԵԱՏՄ դիտորդ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը:

Ըստ նրա՝ Կուբայի և ԵԱՏՄ պետությունների փոխգործակցության համար հեռանկարային ոլորտներից են էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև տուրիզմի ոլորտները:

«Մենք պատրաստ ենք բարենպաստ և գրավիչ պայմաններ ստեղծել միության անդամ պետությունների զբոսաշրջիկների համար: Դրա համար հարկավոր է տարբեր խողովակներով, միջտարածաշրջանային հարթակներով և ԶԼՄ-ներով առաջ մղել Կուբան՝ որպես տուրիստական ուղղություն: Նոյեմբերի 15-ից, երբ պատվաստված կլինի Կուբայի բնակչության ավելի քան 90 տոկոսը, մեր սահմանները կսկսեն աստիճանաբար բացվել, ինչպես նաև կմեղմացվեն սանիտարահիգիենիկ միջոցառումները ժամանող ուղևորների համար», - ասել է Միգել Դիաս Կանելը:

Կանելի խոսքով՝ Կուբա ժամանող զբոսաշրջիկներից ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստի հավաստագիր չեն պահանջի, կճանաչվեն պատվաստման հավաստագրերը:

«Մենք նախօրոք ողջունում ենք մեր հյուրերին՝ եղբայրներին և քույրերին Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Հայաստանից», - հայտարարել է Կուբայի նախագահը:

Կուբայի Հանրապետությունը, ըստ երկրի նախագահի, հպարտանում է Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության հետ բարեկամությամբ՝ հաստատելով իր ցանկությունը հետագայում ևս զարգացնելու երկկողմ հարաբերությունները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտում և շարունակելու համատեղ աշխատանքը եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամրապնդման ուղղությամբ:

«Դա հեշտ խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք կհասնենք դրա իրագործմանը», - ընդգծել է նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]