Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում կցուցադրվեն մեկ հարթակում

Ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչներ Գառզուի և Ժանսեմի գործերը Երևանում 
կցուցադրվեն մեկ հարթակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: 

Արվեստասերներին կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության պաշտոնական բացումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, կուղեկցվի «Կադանս» անսամբլի ելույթով: Երեկոյին կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն նշեց, որ իրենց շատ է  հետաքրքրել ծրագիրը: «Երկու արտիստներն էլ ազգությամբ հայ են, սակայն նրանցից մեկը ծնվել է Սիրիայում, իսկ մյուսը՝ Սոլոզում, որտեղ ծնվել են նաև ռեժիսոր Սերժ Ավետիքյանի տատն ու պապը: Նրանք բոլորն էլ հետագայում ֆրանսիացի դարձան՝ կամուրջ հանդիսանալով երկու երկրների մշակույթների միջև»,-ասաց Նարժոլեն և հավելեց, որ սիրով են աջակցել ծրագրին, որը հանրության լայն շրջանակին հնարավորություն կտա ծանոթանալու մեծանուն նկարիչների արվեստին, հպարտ են, որ օժանդակել են ցուցահանդեսի շրջանակում լույս տեսած երկլեզու պատկերագրքի հրատարակմանը:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն էլ հիշեցրեց, որ ցուցահանդեսը ներկայացվել է նաև Գյումրիում և Վանաձորում: Ցուցահանդեսներին ներկայացվել է արվեստագետների կյանքի և գործունեության մասին պատմող անգլերեն սուբտիտրներով տեսաֆիլմ, որի հեղինակն Արամ Սուքիասյանն է, կազմակերպվել են աշխատարաններ, որոնց շատերն են ցանկացել մասնակցել:

Գյումրիում բացման արարողությանը ելույթ է ունեցել «Կադանս»  երաժշտախումբը, իսկ Վանաձորում` Վանաձորի կամերային նվագախմբի լարային քառյակը:

Մարզային միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2500 այցելու, այդ թվում` ՀՀ մշակույթի և հասարակական ոլորտի գործիչներ, պաշտոնատար անձիք և արվեստասեր հասարակություն` Երևանից, Շիրակի  և Լոռու մարզերի շրջակա համայնքներից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ նախարարությունը դրամաշնորհ է տրամադրել նախաձեռնությանը, քանի որ այն հետաքրքիր ու մրցունակ է եղել տարբեր բաղադրիչներով: Նա ասաց, որ հատկապես հավանություն են տալիս այն ծրագրերին, որոնք միտված են մշակույթի ապակենտրոնացմանը: «Մշակութային կյանքը եռում է Երևանում, և մենք խնդիր ունենք նման միջավայր ապահովել նաև ՀՀ մարզերում: Կարևոր էր, որ ծրագիրը մեկնարկելու էր Գյումրիում, Վանաձորում և հետո՝ Երևանում»,-նշեց Մարաբյանը:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի համագործակցությամբ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]