Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

«Եկել եմ մեր հողերը պահելու». լրագրողների խումբը այցելեց Հայաստանի արևելյան սահմանը պաշտպանող մարտական դիրքեր

«Եկել եմ մեր հողերը պահելու». լրագրողների խումբը այցելեց Հայաստանի արևելյան 
սահմանը պաշտպանող մարտական դիրքեր

ԵՐԵՎԱՆ-ՃԱՄԲԱՐԱԿ-ՎԱՐԴԵՆԻՍ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա ենք։ Թիկունքում լեռների մեջ թաքնված Սևանա լճի սքանչելի տեսարանն է, առջևում՝ մի ուրիշ բարձունքի վրա՝ հակառակորդի հենակետն է, իսկ դեպի հյուսիս-արևելք` սարերի հետևում, երբեմնի հայկական Արծվաշենը, որ հայաթափվել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին:

Դեպի լեռները տանող ճանապարհին բացվող ահասարսուռ, բայց նաև շատ տպավորիչ տեսարանները ճարպիկ ձեռներեցի ուղեղում գուցե էքստրեմալ արշավների բիզնես բացելու միտք առաջացնեն, բայց տեղանքին անծանոթ այցելուի համար կողմնորոշվելը շատ դժվար է՝ որտե՞ղ է այստեղ ավարտվում Հայաստանը և որտե՞ղ է սկսվում հարևան՝ ոչ այնքան բարեկամական երկիրը: Այցելությունը առանց զինվորականների ուղեկցության խորհուրդ չի տրվում: Գլխավոր կողմնորոշիչներն այս տեղանքում սարերի գլխին տեղակայված մարտական հենակետերն են և անվտանգության նկատառումներով անցկացված փշալարերը:

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Դրության տերն այստեղ հեռվից անօդաչու սարքերի նմանվող, սաստիկ քամուն դիմակայող արծիվներն են: Եվ, իհարկե, հայոց լեռներն ու Հայրենիքի սահմանները հսկող հայկական բանակի արծիվները:

Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների խմբով այցելել էինք Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանները պաշտպանող մարտական դիրքեր, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում օգոստոսի 25-ին մեկնարկած ՊՆ եռամսյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները` տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր քաղաքացիներ: Նրանցից շատերն, ի դեպ, կամավոր են ներկայացել հավաքներին։ Տեսական և գործնական պարապմունքներից հետո պահեստազորայինների այս խումբը բարձրացել է առաջնագիծ՝ Գեղարքունիքի մարզի սահմանին գտնվող տվյալ մարտական հենակետում սահմանի պահպանություն իրականացնելու համար:

Պահեստազորային Արմեն Հովսեփյանը նրանցից մեկն է։ 25 տարեկան է: Բագրատաշենից է: Աշխատում է շինարարության ոլորտում՝ որպես բանվոր: Իսկական օրինակելի կերպար է մեր այս պատմության համար: Ժամանակին ոչ միայն ծառայել է որպես ժամկետային զինծառայող, այլև մասնակցել 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին և 2020-ի քառասունչորսօրյա լայնածավալ պատերազմին: «Ո՞նց եղավ, որ կանչեցին եռամսյա հավաքներին» հարցին ի պատասխան հստակեցնում է՝ «ես կամավո՛ր եմ եկել»: Արմենի խոսքում հայրենասիրական պաթոսի նշույլ անգամ չկա: Իր քայլը բացատրում է շատ պրակտիկ պատճառաբանությամբ՝ իրեն հաճույք է պատճառում «տղերքի կողքին» լինելը: Ոչինչ, որ այդ էքստրեմալ հաճույքը ստանում է ոչ թե Օպերայի հարակից սրճարաններից մեկում կամ Սարյանի գինետներում՝ վայելելով երևանյան երեկոների մեղմիկ զեփյուռը, այլ սարի գլխին՝ 3000 մ բարձրության վրա: Թշնամու ուղիղ նշանառության տակ: Անտրտունջ: Անվախ: Սաստիկ քամուն դիմակայելով: Օդում ճախրող արծիվների պես: Ոչինչ, որ ձեռքերը վաղուց ճաքել են ցրտից:

Դիրքեր բարձրանալու պատճառը ռեգիոնալ քաղաքական իրավիճակի սթափ գնահատականն է:

«Եկել եմ մեր հողերը պահելու, որ նորից չգան վերցնեն, մեզ ոչնչացնեն, մեզ երկրից դուրս հանեն», - «Արմենպրես»-ին հայտնեց պահեստազորայինը՝ հավելելով. «Ինձ հաճույք է տալիս, որ բարձրանամ դիրքեր, տղեքի մոտ լինեմ»

Հակառակորդից էլ Արմենը չի վախենում: Դրան օգնում է ոչ միայն իր մարտական ոգին, այլ մարտական փորձով յուրացված ռազմական գիտելիքները:

Երբ ցույց տվեցինք դիմացի սարի գլխին գտնվող ադրբեջանական հենակետը՝ թե «էնտեղից մեզ չե՞ն կարող խփել», բացատրեց, որ հեռավորությունը բավական մեծ է, բացի այդ՝ միջդիրքային տարածությունում ընկած անդունդն է խանգարում: Ձորի օդը, նրա խոսքով, «քաշում է» ներքևից ու թույլ չի տալիս դիպուկ կրակոց արձակել: Դրա համար էլ հանգիստ է: Բայց նաև՝ զգոն: Զենքը՝ ձեռքին:

Նշված հենակետում էր նաև պահեստազորային Կամո Գևորգյանը, որն իր որդիների՝ Ռուբենի և Արշակի հետ, կրկին կամավորության սկզբունքով, նախ ներկայացել էր եռամսյա հավաքներին, ապա իր որդիների հետ միասին բարձրացել էր դիրքեր՝ մարտական ծառայության:

«Նախկինում եղել եմ պայմանագրային զինծառայող: Հետո դուրս եմ եկել, աշխատել եմ երկու-երեք տեղ, որ իմ ընտանիքը պահեմ: Ունեմ երեք որդի, թոռներ ունեմ: Հիմա այս եռամսյա հավաքին ես նորից իմ կամքով եկա», - լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորային Կամո Գևորգյանը՝ շեշտելով, որ եկել է պետական սահմանը պահպանելու համար և դա անում է մեծ ուրախությամբ:

Լրագրողական խմբի հաջորդ կանգառը Սևանա լճից դեպի հարավ-արևելք ընկած սահմանագոտում էր: 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումներն այս հատվածում հսկում են Վարդենիսի շրջանի գյուղերի՝ Գեղամասարի, Սոթքի, Կութի, Նորաբակի և մյուս համայնքների սահմանները: Այստեղով է անցնում Սոթք-Քարվաճառ բարձր որակով ասֆալտապատված ճանապարհը, որն այժմ փակ է: Բոլորին հայտնի պատճառներով:

Մեկ տարի առաջ այստեղ մարտական հենակետեր չկային, քանի որ հարևան պետությունը հայկական Արցախի Հանրապետությունն էր։ Այժմ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է. Քարվաճառը թեև դիրքերից պարզ երևում է, բայց առայժմ դեպի պատմական Վայկունիքի գավառ՝ Արցախի Շահումյանի շրջան տանող ճանապարհը փակ է: Երկու կողմից հայկական հենակետերն են երևում` Հայաստանի եռագույն դրոշով: Դրանից ոչ հեռու ադրբեջանական դրոշն է նշմարվում: Երկու պետությունների դրոշները, կարծես, մի շարքի վրա լինեն:

Շուրջբոլորն այստեղ հիշեցնում է ռազմական բարդ վիճակի և ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին:

Մեր նախորդ այցելությունների համեմատ զգալի առաջընթաց է նկատվում պաշտպանական գծի կահավորման ու ամրապնդման գործում։ Ամենուրեք ինժեներական աշխատանքներ են ընթանում, նոր ճանապարհներ, նոր դիրքեր, նոր խրամատներ են փորվում, վրանների փոխարեն հայ դիրքապահների համար կառուցված քարե կացարաններ են:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սահմանապահ ստորաբաժանումները, նոր բնագծերի պաշտպանությանը զուգահեռ, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է առաջնագծի կահավորման աշխատանքներ: Մասնավորապես՝ լուծվել է զինծառայողների կեցության խնդիրը՝ քարե կացարանների կառուցման, վագոն-տնակների տեղադրման միջոցով, փորվել են խրամուղիներ, կառուցվել դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհային ցանցերը:

Իսկ ինչ վերաբերում է մարտական խնդիրներին, գնդապետ Պետրոսյանը շեշտեց՝ 2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է և ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր:

«Բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք», - ընդգծեց զորամիավորման հրամանատարի տեղակալը:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]